Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանցիսկոս Պապը ողջունել է ՀՀ իշխանությունների մտադրությունն առավել զարգացնելու երկկողմ հարաբերությունները Սուրբ Աթոռի հետ

Մարտ 12,2019 15:35

Մարտի 9-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին իր հավատարմագրերը հանձնեց Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը։

Արարողությանը հետևած զրույցի ընթացքում դեսպան Նազարյանը ՀՀ քաղաքացիների, նրանց ընտրյալ իշխանությունների անունից Հռոմի Քահանայապետին փոխանցեց ջերմ ողջույններ, նշելով, որ Հայաստանում մշտապես վառ են նրա՝ առաջին քրիստոնյա երկիր պատմական այցելության հուշերը։ Դեսպանն իր երախտագիտությունն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Նորին Սրբության սկզբունքային դիրքորոշման համար, որը ճշմարտության ու արդարության միջոցով ժողովուրդների ու պետությունների միջև համերաշխությանը միտված կարևորագույն քայլ է։

Պատեհ առիթն օգտագործելով, ՀՀ դեսպանը նշեց, որ Ս․ Գրիգոր Նարեկացուն Կաթոլիկ եկեղեցու Տիեզերական վարդապետ հռչակելու որոշումն առավել ամրացրեց միասնության ու հավատքի կամուրջը՝ գոտեպնդելով և ոգևորելով Հայաստանում ու սփյուռքում բնակվող հայրենակիցներին։ Դեսպանն իր պատրաստակամությունը հայտնեց ջանքեր չխնայել ապահովելու համար ամենատարբեր ոլորտներում միջպետական կապերի շարունակական ընդլայնումը։

Ֆրանցիսկոս Պապը ողջունեց ՀՀ իշխանությունների մտադրությունն առավել զարգացնելու երկկողմ հարաբերությունները Սուրբ Աթոռի հետ, որոնք խարսխվում են հայ-վատիկանյան վաղեմի բարեկամական առնչությունների վրա՝ կարևորելով նաև սփյուռքի դերակատարումը

Հռոմի Քահանայապետը նորանշանակ դեսպանին մաղթեց օրհնաբեր դիվանագիտական առաքելություն` ի փառս երկու պետությունների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման և իր բարեմաղթանքները հղեց ՀՀ քաղաքացիներին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանի քաղաքական ղեկավարությանը։

Նույն օրը, Պապի հետ հանդիպումից հետո, դեսպան Կարեն Նազարյանն առանձնազրույց ունեցավ Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգին ու փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին։ Հանդիպմանը զրույց ծավալվեց նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, նրանց պատմամշակութային արժեքների ու հոգևոր ժառանգության պաշտպանության հարցերի շուրջ։ ՀՀ դեսպանը պետքարտուղարին տեղեկացրեց Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումների օրակարգի մասին։

Պետաքարտուղար Պարոլինին իր ջերմ ողջույները փոխանցեց վարչապետ Փաշինյանին՝ կառավարությանը մաղթելով արգասաբեր աշխատանք տևական խաղաղությանը և կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031