Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է 32-ամյա կնոջ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնուն

Մարտ 12,2019 15:18

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 32-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնուն:

2019թ․ մարտի 7-ին՝ ժամը 15։15-ին, «Սիսիանի ԲԿ» ՓԲ ընկերությունից ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14։25-ին, «գլխի գագաթային շրջանի ջնջխված վերքեր, գանգի ներմղված կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սիսիան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1986 թվականին։

Փաստի առթիվ 2019թ․ մարտի 7-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 32-ամյա կինը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժած կնոջ նախկին ամուսինը՝ Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1971 թվականին:

Նախաքննությամբ պարզվել է, որ կինը վնասվածքներն ստացել է նախկին ամուսնու հետ անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ:

Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019թ. մարտի 7-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Սիսիան քաղաքում գործող ՍՊ ընկերության աշխատասենյակում 47-ամյա տղամարդը ձեռքին եղած մետաղական անկյունակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ գլխի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով «գանգուղեղային տրավմայի, գլխուղեղի ցնցումի, գլխի շրջանի բազմաթիվ կտրած, պատռած, ստորին ծնոտի կտրած, աջ դաստակի 5-րդ մատի պատռած վերքերի ձևով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ»:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2019թ. մարտի 10-ին 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031