Լրահոս
Օրվա լրահոսը

Գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների դժգոհությունը տեղին է. Բաբկեն Թունյան

Մարտ 12,2019 15:10

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը գտնում է, որ գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների դժգոհությունը տեղին է։

«Արտահայտված մտահոգությունը, իրոք, տեղին է: Ակցիզային հարկով հարկելու առողջապահական հիմնավորումը, մեղմ ասած, շատ վիճահարույց է, որովհետեւ եթե մենք շաքարի փոխարեն շեշտը դնում ենք ըմպելիքի գազավորվածի վրա, դրա արդյունքում կարող է շաքար պարունակող ավելի վնասակար խմիչքը դուրս մնալ ակցիզային հարկից եւ գազավորվածը միայն չափանիշ վերցնելով՝ մնա ակցիզային հարկի տակ: Դա առողջապահական առումով հիմնավորում չունի»,- այսօր խորհրդարանում հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Բաբկեն Թունյանը։ Նա համաձայն է, որ այդ փոփոխությունից փոքր եւ միջին ձեռնարկությունները տուժելու են. «Քանի որ մենք ունենք ֆիքսված ակցիզային հարկ` 30 դրամ մեկ լիտրի համար, ստացվում է, որ ցածր գնային սեգմենտում աշխատողներն են այդ փոփոխություններից տուժելու։ Օրինակ, 100 դրամանոց լիմոնադի համար 30 դրամը նշանակում է 30 տոկոս, 200 դրամանոցը 15 տոկոս եւ այլն: Կարող է ստացվել այնպես, որ շուկայում խոշորները կարող են կլանել փոքրերին եւ նրանց մասնաբաժինը վերցնել` մրցակցության արդյունքում»:

Նրանք հասցրել են լսել բոլորի տեսակետները, դեռ կհանդիպեն-կքննարկեն, բայց Բաբկեն Թունյանը չի բացառում, որ մինչեւ հարցը խորհրդարան հասնելը լուծվի: Այլ մանրամասների անդրադառնալը դեռ վաղ է համարում. կլինի վերջնական տարբերակը` իրենց հանձնաժողովը կարծիք կհայտնի:

Գրավատների տուրքերը 60 անգամ ավելացնելու առաջարկությանն էլ տնտեսական հանձնաժողովի նախագահը ծանոթ է: Հասկանում է գործադիր իշխանության դիրքորոշումը`սահմանված գումարը 20 տարի չի փոփոխվել, բայց նաեւ ասում է՝ չպետք է անտեսել այն հանգամանքը, որ գործ ունենք մի քանի հարյուր սուբյեկտների հետ` 200-ից ավելի փոխանակման կետ եւ 120-130 գրավատուն: Եթե յուրաքանչյուրում մեկից-երկու հոգի է աշխատում, արդեն աշխատողների մեծ բանակի հետ գործ ունենք եւ այդ լրացուցիչ տուրքը, Բաբկեն Թունյանի կարծիքով էլ, ծանրաբեռնվածություն է ավելացնում եւ խնդիրներ է ստեղծելու այդ տնտեսվարողների համար: Այս առիթով էլ դեռ հանձնաժողովում ձեւավորված տեսակետ չկա: Բաբկեն Թունյանը միայն նկատում է, որ կառավարության հետ մեկ թիմ են, չի նշանակում, որ տարբեր կարծիքներ չեն կարող լինել: Իր համար կարեւորը փաստարկներն են, տնտեսական հիմնավորումները, ոչ թե`ո՞վ է ներկայացնողը:

Հարցին`«Հարկային օրենսգրքի» փոփոխություններով տնտեսական հեղափոխության նախադրյալներ ստեղծվո՞ւմ են, Բաբկեն Թունյանը պատասխանեց, որ փոփոխությունների այս փուլով հրատապ խնդիրներ են լուծվելու, քիչ-թե շատ լուրջ փոփոխությունը վերաբերվում է եկամտահարկի համահարթ տարբերակին: Հեռանկարում գույքահարկի փոփոխություն էլ է ենթադրվում, եւ կարող են լինել հեղափոխական փոփոխություններ, բայց տնտեսական հեղափոխության հիմքեր նոր «Հարկային օրենսգրքով» դրվում են: «Միանգամից լուրջ Հարկային օրենսգիրք մշակելու համար ժամանակ է պետք, այլապես ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնենք: Այն փոփոխությունները, որ հիմա ունենք, միջանկյալ տարբերակ են»,- ասաց նա:

Թե ինչո՞ւ են օրենսգրքի փոփոխության վրա աշխատողները այդքան երկար աշխատում`մոտ տաս ամիս, Բաբկեն Թունյանն ասում է`հավանաբար փորձում են բոլոր շահագրգիռ կողմերին լսել: Իսկ փոփոխությունների երկրորդ փուլը, նրա հավաստմամբ, լինելու է արմատական եւ «նոր բաների մասին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031