Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրամադրությունն, իհարկե, մարտական է. մրցույթը մնում է մրցույթ». Մեսրոպ Մովսիսյան

Մարտ 12,2019 14:47

«Տրամադրությունն, իհարկե, մարտական է. մրցույթը մնում է մրցույթ»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպիսի՞ն է տրամադրությունը, քանի որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թեկնածուների հետ կապված մամուլում շրջանառվում են անուններ, որոնք իր ընկերներն ու գործընկերներ են, այսպես պատասխանեց «Ա1 պլյուս»-ի հիմնադիր նախագահ Մեսրոպ Մովսիսյանը:

Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց՝ առաջիկա օրերին հայտ կներկայացնի. այժմ փաստաթղթերն է պատրաստում. «Եթե մասնակցում ես մրցույթին, պետք է պատշաճ մասնակցես և բարձր մակարդակով: Ես այդպես եմ տրամադրված: Փաստաթղթերն ու ծրագիրը, ամեն ինչ պատրաստում եմ: Չգիտեմ՝ ովքեր են վերջնական մասնակիցները լինելու, բայց բոլորին էլ շատ դրական եմ վերաբերվում և համարում եմ, որ բոլորն էլ երևի արժանի են, և մրցակցությունն ավելի հետաքրքիր կլինի այս պարագայում»:

Մեր այն հիշեցմանը՝ արդեն Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի թեկնածուների անուններ են շրջանառվում՝ «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյան, ՀՌՀ նախկին նախագահ Գագիկ Բունիաթյան, հաղորդավար, սցենարիստ, ռեժիսոր Արթուր Բախտամյան, նախկին փոխքաղաքապետ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախկին գեղարվեստական ղեկավար, 2009-2011 թթ. «Արարատ» մշակութային հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Արամ Սուքիասյան, Մեսրոպ Մովսիսյանն այսպես արձագանքեց. «Անուններ ավելի շատ եմ լսել, բայց ռեալ՝ ով կմասնակցի, դեռ պարզ չէ: Ես բոլորին էլ շատ լավ եմ վերաբերվում. մեծ հարգանքով, բոլորն էլ իմ լավ ընկերներն են: Կարծում եմ՝ այս պարագայում լավ կլինի բոլորի հետ նորից հանդիպել, քննարկել ու գաղափարներ առաջադրել»:

Հարցին՝ եթե հաղթեք կարևոր երեք քայլերը որո՞նք են լինելու, որոնցից սկսելու եք Հանրայինում Ձեր աշխատանքը, Մեսրոպ Մովսիսյանը պատասխանեց. «Առաջին քայլը, իհարկե, կլինի այն, որ կկարողանամ մերվել կոլեկտիվի հետ և կոլեկտիվը կմերվի ինձ հետ, որ մեկ ընտանիքի նման զբաղվենք աշխատանքով, ոչ թե ասեկոսեներով: Հույս ունեմ, որ այն մտքերը, որ հավաքում եմ թղթի վրա, կկարողանամ իրականացնել, և քայլ առ քայլ՝ վեց տարվա ընթացքում հասնել այն մտքին, ինչ այսօր ունեմ: Կարծում եմ՝ դրանից միայն կլինի մեծ օգուտ հանրությանն ու Հ1-ին և Հանրային ռադիոյին»:

Հետաքրքրվեցինք՝ որոշումը մասնակցել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնի համար հայտարարված մրցույթին կապվա՞ծ էր նաև այն փաստի հետ, որ ՀՀ-ում տեղի ունեցավ հեղափոխություն կամ իշխանափոխություն: Մեսրոպ Մովսիսյանը պատասխանեց. «Հիմնականը դա դրդեց ինձ, այն, որ արդեն կա հնարավորություն երկար տարիների այսպես ասած իմ մասնագիտական գործից շեղվելը շտկել, զբաղվել իմ հիմնական գործով, որը սիրում եմ և շուրջ հիսուն տարի դրանով զբաղվում եմ: Ունենալով այդպիսի բագաժ՝ կարող եմ ինչ-որ բան այնտեղ անել»:

Մեսրոպ Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կգնահատի ՀՌՀ խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանի այն քայլը, որ հավակնություններ ուներ դիմելու մինչեւ այն պահը, երբ իմացավ, որ մրցույթին մասնակցելու է Մեսրոպ Մովսեսյանը: «Ա1+»-ի հիմնադիրը պատասխանեց. «Իհարկե, շատ մեծ գնահատական եմ տալիս իր քայլին և հարգանքը դեպի ինձ ու իմ բագաժը, բայց կուզենայի, որ ինքն էլ լիներ մասնակից. միասին մտնեինք այսպես ասած երկխոսության մեջ և տեսնեինք՝ ով է մեզնից ավելի ճիշտ»:

Մեսրոպ Մովսիսյանն ասաց, որ իր համար հատուկ հիմնական մրցակից չի առանձնացրել. բոլորն էլ գտնվում են հավասար պայմաններում: Այնուհետև բոլորին հաջողություն մաղթեց՝ առաջին հերթին ինքն իրեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031