Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանը չներկայացավ Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստին

Մարտ 12,2019 14:24

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր չէր ներկայացել Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստին: Հիշեցնենք, որ նա այս գործով վկայի կարգավիճակ ունի եւ 2016թ.-ի Սարի թաղի երթի ժամանակ եղել է Անդրիաս Ղուկասյանի հետ (այդ թվականին նա «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ էր): Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու՝ նրանց միանալու փորձի համար: Այս նույն մեղադրանքը ժամանակին առաջադրվել էր նաեւ Դավիթ Սանասարյանին եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանին եւ էլի մի քանի քաղաքական գործչի, սակայն նրանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել էր, բացի Անդրիաս Ղուկասյանից:

Նախորդ նիստում դատավոր Վարդան Գրիգորյանը որոշել էր ծանուցել Դավիթ Սանասարյանին: Այսօր նա հայտարարեց՝ Սանասարյանը պատշաճ ծանուցվել է, բայց չի ներկայացել: Դատարանը որոշեց նրան երկրորդ անգամ հրավիրել, սակայն ոչ թե ծանուցմամբ, այլ պաշտոնական գրությամբ՝ հաշվի առնելով փաստը, որ Սանասարյանը ներկայումս բարձր պաշտոն է զբաղեցնում:

Ինչ վերաբերում է Արմեն Մարտիրոսյանին, որն այս գործով եւս վկայի կարգավիճակում է, դատարանը որոշեց համապատասխան գրությամբ պարզել՝ նա իսկապես կատարե՞լ է սահմանահատում, որովհետեւ նախորդ նիստից հետո նա ծանուցվել է, բայց ստացման մասին տեղեկություններ չկան: «Ըստ ինձ հասած խոսակցությունների՝ նա ընտանիքով Կանադա է մեկնել»,-նշեց դատավոր Գրիգորյանը:

Առաջիկա նիստը կկայանա ավելի ուշ՝ ապրիլի 9-ին՝ 12:00-ին, որպեսզի դատարանի պաշտոնական գրությունը պատշաճ կերպով հասնի Դավիթ Սանասարյանին, իսկ իրավապահները ժամանակ ունենան՝ տրամադրելու Արմեն Մարտիրոսյանի հնարավոր սահմանահատման մասին տեղեկությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031