Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գրավատների ու փոխանակման կետերի պետտուրքի բարձրացումը ԿԲ-ն է առաջ տանում, կառավարությունն էլ չունի այն թիմը, որ ԿԲ-ից ուժեղ լինի. Սուրեն Պարսյան

Մարտ 12,2019 14:06

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գտնում է, որ գրավատների եւ փոխանակման կետերի պետտուրքի ավելացումը Կենտրոնական բանկի լոբինգի արդյունքում է տեղ գտել Հարկային բարեփոխումների փաթեթում: Իսկ կառավարությունն էլ չունի այն թիմը, որը պատրաստ է մշակի եւ իրականացնի իր տնտեսական քաղաքականությունը. «Կառավարության տնտեսական թիմը պետք է ավելի ուժեղ լինի, քան Կենտրոնական բանկի թիմը եւ կարողանա մշակել ավելի երկարաժամկետ, միջնաժամկետ ծրագրեր»:

Այսօր պարոն Պարսյանը, որը նաեւ ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն է, «Հենարան» մամուլի ակումբում ներկայացրեց, թե գրավատների եւ փոխանակման կետերի պետտուրքի բարձրացումը ինչպիսի բացասական հետեւանքների կբերի: Ըստ նրա՝ սա նպաստելու է դաշտի խոշորացմանը, տեղի կունենա այս գործունեության ոլորտի խոշորացում, համակենտրոնացում կամ մենաշնորհացում, բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ էլ ուղղակի կդադարեցնեն իրենց գործունեությունը: Տնտեսագետը համոզված է, որ այս ամենի արդյունքում հիմնականում շահելու են խոշոր եւ միջին բանկերը. «Տեղի է ունենալու այս ծառայությունների գծով վճարների աճ: Երբ շուկայում գործեն մի քանի տնտեսվարող այդ ծառայությունների գները լինելու են մենաշնորհային եւ ոչ մրցակցային եւ մեր հասարակությունը ստիպված է լինելու ավելի շատ վճարել, փոխանակման ծառայությունների, գրավատների մասով»:

Հիշեցնենք, որ Պետական տուրքի մասին  ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է մոտ 60 անգամ բարձրացնել գրավատների եւ փոխանակման կետերի պետտուրքը:

Գրավատների համար ներկայումս գործող 100 հազար դրամ պետտուրքը բարձրացվելու է 6 միլիոն դրամի չափով: Փոխանակման կետերի 50 հազար դրամը դառնալու է 3 միլիոն դրամ: Ըստ Սուրեն Պարսյանի, այս առնչությամբ, սակայն կառավարությունը տնտեսական եւ սոցիալական որեւէ հիմնավորում չի բերում:

Սուրեն Պարսյանը վստահեցնում է, որ բարձր տուրքերի դեպքում այս տնտեսվարողների մի մասն իրենց գործունեությունը կդադարեցնեն օրինական դաշտում եւ անցում կկատարեն ստվերային դաշտ: Նրանք չեն վճարի 3 միլիոնը եւ ձեռքի վրա կիրականացնեն փոխանակում, ինչպես 90-ականներին էր:

Տնտեսագետը Կենտրոնական բանկի պատճառաբանությունը, թե գրավատները վաշխառուական գործունեություն են իրականացնում եւ շատ հաճախ բարձր տոկոսադրույքներ են պահանջում իրենց ծառայությունների համար, հիմնավորված չի համարում, որովհետեւ, նրա կարծիքով՝ «բանկերն էլ պակաս վաշխառուական գործունեություն չեն իրականացնում»:

«Ի տարբերություն գրավատների, բանկերը ոչ միայն վարկերի համար են վճարներ վերցնում, այլ նաեւ սպասարկման վճար են վերցնում եւ երաշխիքային կամ ապահովագրական վճարներ են վերցնում: Այս մոտեցումը տանելու է եկամուտների կենտրոնացման, որը հակասում է մեր` ներառական տնտեսական աճին հասնելու կառավարության տեսլականին: Մենք կունենաք նաեւ համակենտրոնացում մարզերում: Երբ խոսում ենք երկրի համաչափ զարգացման մասին այս տուրքի սահմանումը չի նպաստում դրան: Ճիշտ կլիներ, որ տուրքն իրականացվեր նաեւ գոտիականությունից ելնելով»,-ասաց Սուրեն Պարսյանը:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք այս պետտուրքի բարձրացման կառավարության նախաձեռնությունը բխում է տնտեսական հեղափոխության տրամաբանությունից, Սուրեն Պարսյանը պատասխանեց՝ պետտուրքերի բարձրացման այս օրենքի նախագիծը բխում է Կենտրոնական բանկի կողմից առաջ քաշվող քաղաքականությունից. «Կենտրոնական բանկը, առհասարակ, տնտեսական հեղափոխությունների համար չէ ստեղծված եւ դեմ է նաեւ տնտեսական հեղափոխություններին, քանի որ նրանց հիմնական գործառույթներից է գների կայունության եւ ֆինասական համակարգի կայունության ապահովումը: Եվ այս կայունության դեպքում բնականաբար հեղափոխություններ չեն կարող լինել: Կենտրոնական բանկը տանում է իր կուրսը, որը տարիներ շարունակ իրականացնում է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031