Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսակետերում կուտակված աջ ղեկով մեքենաների հարցը լուծվեց

Մարտ 12,2019 13:46

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: Այն վաղը կքննարկվի նաեւ ԱԺ արտահերթ նիստում: Նման շտապողականությունը պայմանավորված է արդեն մի քանի ամիս առկա խնդրով եւ բողոքի ցույցերով:

Հարցի հիմնական զեկուցող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրեց` նախագիծը ստացել է շահագրգիռ կազմակերպությունների հավանությունը: Այն վերաբերվում է աջակողմյան մեքենաները ՀՀ ներկրելու արգելքից հետո ձեռք բերված մեքենաներին: Այսպիսով, հնարավորություն է տրվում արդեն մի քանի ամիս մաքսային տարածքներում գտնվող տրանսպորտային միջոցները, եւ այն մեքենաները, որոնց ձեռք բերելու համար վճարումները կատարվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ներմուծել ՀՀ տարածք` մինչեւ սույն թվականի մայիսի մեկը`առանց ղեկային համակարգի փոփոխության: Նոր գնված կամ գնվելիք մեքենաներին, այս նախագիծը չի վերաբերվում:

Պատգամավորներից մեկը հետաքրքրվեց` նպատակահարմար չէ՞, այդ ժամկետը երկարացնել, քանի որ ներմուծվող մեքենաների մի մասը արտահանվում են ԵԱՏՄ երկրներ, մանավանդ, որ մինչեւ այս տարեվերջ, իր տեղեկություններով, արգելք սահմանող օրենքը «վերանալու է»: Նախարարն ասում է` չափելի չէ, թե այդ մեքենաներից ո՞ր մասը կմնա Հայաստանում կամ կարտահանվեն ԵԱՏՄ երկրներ: Բացի այդ, ըստ նրա, դա ազնիվ աշխատանքային մոտեցում չէ ԵԱՏՄ մեր գործընկերների նկատմամբ. «Չէինք ցանկանա նման ռիսկային որոշման գնալ»: Նաեւ, նախարարը նկատեց, որ ճանապարհային երթեւեկության ճիշտ կազմակերպման տեսանկյունից, այժմ նպատակահարմար է աջակողմյան ղեկով մեքենաների ներկրման արգելքը պահպանելը: Այս փոփոխությունը վերաբերվում է զուտ մաքսային տարածքներում խնդիրները վերացնելուն:

834 մեքենայի մասին է խոսքը. դրանց մի մասը կուտակված է մաքսային տարածքներում, մի մասը ճանապարհին են կամ Վրաստանի տարածքում: Հստակ ցանկը նախարարությունում առկա է: Թիվը կարող է հասնել մինչեւ հազարի, քանզի Հակոբ Արշակյանի մատուցմամբ, կան գնորդներ, ովքեր պայքարող խմբի հետ կապ չեն ունեցել եւ տվյալները չեն ներկայացրել նախարարություն, հետեւաբար, դրանք ներառված չեն իրենց մոտ առկա ցանկում:

«Թյուրըմբռնման կամ տեղեկատվության բացակայության պայմաններում ստեղծվել է մի իրավիճակ, որին իրավիճակային լուծում ենք տալիս»,- ասաց նախարարը` հավելելով, որ հետագայում հարցին էլ չեն անդրադառնալու: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ կարծում է, որ որոշ դեպքում միտում է եղել. մարդիկ արգելքի մասին իմանալով ներմուծել են մեքենաներ, բայց կառավարությունն ընդառաջ է գնում` հարցը լուծելու համար:

Նախարարը նկատում է, հաճախ ղեկային համակարգի փոփոխություն է լինում Վրաստանում, ինչը վտանգավոր է, քանզի հաճախ արվում է ոչ սերտիֆիկացված տեղերում: Նա հորդորեց վարորդներին`մեքենաներն անպայման տեխզննություն անցկացնել: Տեխզննության արդիականացված գործընթացում ղեկային եւ արգելակների մասով խստացումներ են եղել եւ եթե պարզվի, որ խնդիրներ կան, այդ մեքենաների շահագործումը Հայաստանում կարգելվի: Տեխզննումն էլ կլինի էլեկտրոնային, որպեսզի հավաստիացում լինի դրա իրականացման մասին: Նախարարը, ամեն դեպքում, հորդորում է զերծ մնալ ղեկը փոխելու միջոցով Հայաստան մեքենաներ ներմուծելուց: Առաջիկայում հնարավոր է օրենքով դա կարգավորվի, որպեսզի վատ վիճակում գտնվող մեքենաները Հայաստան չներմուծվեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031