Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այո, փող կխնայենք, բայց արդյունքի չենք հասնի. Արթուր Խաչատրյանը՝ օպտիմալացման մասին

Մարտ 12,2019 12:51

«Ինձ համար անխուսափելի երկու բան կա՝ մահն ու հարկերը, մնացած ամեն ինչից կարելի է խուսափել»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ արդյոք կառավարության ներսում օպտիմալացումն անխուսափելի՞ էր:

Նա այս առիթով մի շարք մտահոգություններ հայտնեց. «Առաջին մտահոգությունը վերաբերում է արդյունավետությանը: Եթե նայեք կառավարության կայքը, նիստերի օրակարգերը, e-draft կայքը, ցանկացած փոփոխության ժամանակ բավականին համապարփակ, խորը հիմնավորում է ներկայացվում, թե ինչով է պայմանավորված այդ իրավական ակտի անհրաժեշտությունը: Այս պարագայում ունենք մի նախադասություն՝ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման համար: Այդ դեպքում պետք է նախ սահմանել՝ ինչ ասել է կառավարման համակարգի արդյունավետություն: Այդ տերմինը նոր չստեղծվեց: Այդ մի նախադասությունը որ կարդում ես, առաջին տպավորություն այն է, որ վարչապետի և փոխվարչապետի համար ավելի դժվար է 17, քան 12 նախարարի հետ աշխատելը: Արդյունավետության բարձրացման այլ հիմնավորում ես չտեսա: Նախարարությունների գործառույթները պիտի հստակեցվեն, մինչդեռ որևէ գերատեսչության գործառույթների հստակեցման մասին գոնե այս ծրագրում չկա: Այնուհետև պետք է անդրադառնալ, թե ինչ բիզնես պրոցեսներ պիտի իրականացվեն, որ այդ քայլերն ու գործառույթներն իրականացվեն: Պետք է հասկանալ՝ ինչքա՞ն մարդ է մեզ անհրաժեշտ տվյալ բիզնես պրոցեսն իրականացնելու համար: Միայն այդ հստակեցումից հետո կարող ենք ասել՝ ունե՞նք ապարատի ուռճացում, թե՞ ոչ: Այդ շարիկ գլորողները պիտի հասկանան՝ ինչո՞ւ են իրենք շարիկ գլորում, եթե այդպիսիք կան: Կարող է գլորում են, քանի որ իրենք որևէ գործառույթ չե՞ն իրականացնում: Բիզնես պրոցեսներն այնպիսին են, որ մարդիկ դուրս են մնացել: Այս դեպքում իրոք անհրաժե՞շտ է հաստիքի կրճատում, կամ կարող է այդ մարդիկ շարիկ են գլորում, քանի որ չունե՞ն այդ հմտությունները: Եթե այդ հաստիքները կրճատվեն, միևնույն է, արդյունավետությունը չի բարձրանա, քանի որ այդ մարդիկ չեն անում այն, ինչ պիտի անեին: Նրանց կրճատելուց հետո էլ, մեկ է, այդ գործը չի արվի: Այո, փող կխնայենք, բայց արդյունքի չենք հասնի: Մեր կառավարությունը ժանտախտի նման հեռու է փախչում ցանկացած չափելիությունից և թվերից»:

Արթուր Խաչատրյանի համար մյուս մտահոգությունը նախարարությունների միավորումն է. «Որևէ տեղ չեմ տեսել որևէ հիմնավորում, թե ինչու գյուղատնտեսության նախարարությունը պիտի միավորվի էկոնոմիկայի հետ: Պետք է հասկանալ միավորման հիմքը՝ ինչո՞ւ գյուղատնտեսություն և էկոնոմիկա, ոչ թե գյուղատնտեսություն և ֆինանսներ: Ո՞րն է այն բազան, որ միավորման հիմք է հանդիսանում, դա չկա: Եթե ունենք ոչ արդյունավետ գերատեսչություններ, դրանց միավորումից հետո արդյունավետությունը չի ավելանա: Պետք է արդյունավետություն բարձրացնել, հետո հասկանալ՝ արժի՞ միավորել, թե՞ ոչ»:

Հարցին՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանի, Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ սա սառը ցնցուղ է: Մինսկի խմբի նախագահներն ասում են, որ սա այն շրջանակն է, որտեղ պետք է որոշումները կայացվեն: Մեր իշխանությունները պետք է փորձեն այդ շրջանակներն ընդլայնել: Սա ճնշում է ՀՀ-ի վրա: Անկախ նրանից՝ ինչպես ենք վերաբերվում Հայաստանի այսօրվա կառավարությանը, արտաքին հարցերում և Արցախի հարցում մենք միասնական ենք և պաշտպանում ենք կառավարությանը, որ նա կարողանա ցանկացած ճնշումից, հակահայ որոշումից խուսափել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031