Լրահոս
Օրվա լրահոսը

Կթանկանա՞ արդյոք ավտոգազը: Ապրիլի 1-ից մեկ կիլոգրամը կարժենա 306 դրամ. «168 ժամ»

Մարտ 12,2019 12:39

Փետրվարի 15-ին կայացած կառավարության հերթական նիստի ժամանակ ընդունվեց մի որոշում, որի համաձայն՝ փոփոխություններ են սպասվում ավտոգազալիցքավորման ճնշակայաններում մեքենաների գազալիցքավորման գործընթացում։ Եթե նախկինում այս կայաններում ավտոմեքենաների գազի լիցքավորման հաշվարկը կատարվում էր խորանարդ մետրերի միջոցով, ապա նոր որոշման համաձայն՝ 2019 թվականի ապրիլի 1-ից այդ հաշվարկը կատարվելու է կիլոգրամների միջոցով։

Այս փոփոխության բնականոն գործունեությունը ապահովելու համար կառավարությունը փոփոխություններ կատարեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածում, որի համաձայն, եթե նախկինում սեղմված բնական գազի ակցիզային հարկը հաշվարկվում էր խորանարդ մետրի համար եւ 1000 խմ-ի համար կազմում էր 25.000 դրամ, ապա փոփոխության արդյունքում այն կսկսի հաշվարկվել կիլոգրամներով, և 1000 կգ-ի համար կկազմի 34000 դրամ։

Առաջին հարցը, որ այս փոփոխությունն առաջացրեց, իհարկե, վերաբերում է սեղմված գազի գնի թանկացմանը։ Եթե առաջնորդվենք պարզ հաշվարկի մեթոդաբանությամբ, ապա պետք է փաստենք, որը գնի թանկացում, որպես այդպիսին, չպետք է լինի։ Այսպես, օրինակ, եթե դուք լիցքավորում եք մեքենան 10 խմ, ապա գինը կկազմի 10 X 220 դրամ=2200 դրամ։ Այդ գինն իր մեջ ներառում է արժեք (ներառյալ՝ շահույթը) 1583 դրամ, ակցիզային հարկ՝ 250 դրամ, ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) 366 դրամ։

Համաձայն մի շարք մասնագիտական վերլուծությունների, 1 խմ գազի քաշը նորմալ պայմաններում կազմում է 0.717 կգ։ Այսպիսով, փոփոխությունից հետո, եթե հիմք ընդունենք, որ արժեքը (ներառյալ՝ շահույթը) կմնա անփոփոխ, ապա նույն չափով մեքենան լիցքավորելու համար կպահանջվի 7.1 կգ սեղմված գազ, իսկ դրա գինը կներառի 1583 դրամ արժեք, գումարած 243 դրամ ակցիզային հարկ և 365.4 դրամ ԱԱՀ, որը կկազմի 2192 դրամ, իսկ հետհաշվարկի արդյունքում կստանանք մի պատկեր, երբ ապրիլի 1-ից 1 կգ գազը կարժենա 306 դրամ։ Սակայն հարց է առաջանում, արդյո՞ք լիցքավորման կայանները շարունակելու են աշխատել նույն ինքնարժեքով, եւ արդյո՞ք այս պատեհ առիթը չեն օգտագործելու իրենց առանց այն էլ գերշահույթն ավելացնելու համար։ Հարցը, թերևս, անպատասխան է, որն էլ ավելի մտահոգիչ է դառնում, երբ կարդում ենք նշյալ օրենսդրական փոփոխության հիմնավորումը։

Այսպես, համաձայն այդ փաստաթղթի, որոշման ընդունման նպատակը սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման համար հիմք հանդիսացող չափման միավորի փոփոխությամբ տրանսպորտային միջոցը գազով շահագործող շուրջ 700 հազար սպառողների   իրավունքների պաշտպանությունն է և այս ոլորտում իրականացվող հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը։ Այս հիմնավորումը ոչ այլ ինչ է, քան կառավարության ակնհայտ խոստովանությունը, որ պետական ապարատն ի զորու չէ ապահովել այս ոլորտում արդար խաղի կանոններ, ավելին, հարկային վարչարարության մարմինները, Շուկայի վերահսկողության տեսչությունը, Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը չեն կարողանում իրականացնել այնպիսի վարչարարություն, որ լցակայանները սպառողներին չխաբեն։ Եվ այս պարագայում բարձրացված հարցը, թե արդյո՞ք գինը չի թանկանա, դառնում է ոչ միայն էլ ավելի արդիական, այլև մտահոգության տեղիք է տալիս:

Հայկ ԲԵՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031