Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ցրեց սխալ պատկերացումը, թե բանակցությունների սեղանին «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքն է. «Ժողովուրդ»

Մարտ 12,2019 12:28

Հանգստյան օրերի անդորրը խախտեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած վերջին հայտարարությունը։

Եթե սթափ գնահատենք այս հայտարարությունը, ապա պետք է արձանագրենք՝ այն ցրեց սխալ պատկերացումը, թե բանակցությունների սեղանին «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքն է։ Իրականում նման սկզբունք չի եղել ու այսօր էլ չկա։

Ե՛ւ Ադրբեջանի իշխանությունները, ե՛ւ ՀՀ նախկին իշխանությունները՝ հանձինս ՀՀԿ-ականների, պնդում են, թե միջազգային հանրության համար անընդունելի են Փաշինյանի պնդումները, թե Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Այս ընթացքում փորձ է արվել տպավորություն ստեղծել, թե միջազգային հանրությունը ոչ միայն չի ողջունում, այլեւ դեմ է Փաշինյանի այդ դիրքորոշմանը։

Մինչդեռ նկատենք, համանախագահների՝ քայլերից ձեռնպահ մնալու կոչը, որոնք «պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն՝ առանց մյուս կողմի համաձայնության», Հայաստանին չեն ուղղված մեկ պարզ պատճառով, բանակցությունների ձեւաչափը, որով Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել, հաստատվել է ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում եւ, ավելի հստակ, ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի 1995թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ։ Եւ այս երկու փաստաթղթերն ընդունել է նաեւ Ադրբեջանը, եւ այս փաստաթղթերը որեւէ մեկն անվավեր չի ճանաչել։ Ըստ այդմ՝ պաշտոնական Երեւանը պահանջում է ոչ թե ձեւաչափի փոփոխություն կամ մեկ այլ նոր ձեւաչափ, այլ դեռեւս 1994թ. սահմանված ձեւաչափի լիարժեքության վերականգնում՝ Արցախի լիարժեք մասնակցություն։ Ավելին՝ հենց Բաքուն է միակողմանի քայլեր ձեռնարկում հակամարտության կարգավորման գործընթացը միջազգային տարբեր կառույցներ՝ ՄԱԿ, ԻՀԿ, անգամ՝ ՆԱՏՕ տեղափոխելու ուղղությամբ։

Այնպես որ, իրականում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խոսքերն ուղղված էին Ադրբեջանին, ու հայկական դիվանագիտությունը պետք է այս թեզն առաջ տանի՝ միջազգային հանրության մոտ ցույց տալով, որ ինքը հավատարիմ է տարիներ առաջ ընդունված փաստաթղթին, այլ բան, որ նախկին իշխանությունների քայլերի արդյունքում ԼՂ-ն բանակցությունների օբյեկտից վերածվեց սուբյեկտի։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031