Արդյոք ժամանա՞կն է վերանայել 12 տարի առաջ ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունը, քանի որ, ինչպես նախարարն է ասում՝ «ժամանակները փոխվել են»։ Հարցեր ուղարկեցինք ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին եւ ԱԽ-ի մամուլի ծառայությունից ստացանք մեր ենթադրությունը հաստատող պատասխան։
– Ինչպե՞ս եք գնահատում տարածաշրջանային անվտանգության հարթությունում տեղի ունեցող փոփոխությունները։ Դրանք ի՞նչ սպառնալիքներ են ներկայացնում ՀՀ համար։
– Տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ Անվտանգության հարթության մեջ տարածաշրջանը՝ բոլոր նոր զարգացումներով հանդերձ, մնում է կանխատեսելի։ Հայաստանը մշտապես պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման։
– Արդյո՞ք ժամանակն է վերանայելու Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, որը հաստատվել է 2006 թ.։ Եթե այո, ապա հիմնական ո՞ր ուղղություններով պետք է այն վերանայել։
– Արդեն մեկնարկել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքները։ Փոփոխությունների կարիքը պայմանավորված է նախ եւ առաջ նշված փաստաթղթի պատկառելի տարիքով, ինչպես նաեւ ապրիլ-մայիսին տեղի ունեցած թավշյա ոչ բռնի հեղափոխության արդյունքում ներքաղաքական կյանքի փոփոխություններով։ Նոր ռազմավարությունը պետք է արտացոլի հեղափոխության արժեքները եւ գաղափարները, հստակեցնի ՀՀ անվտանգության ժամանակակից մարտահրավերները, ինչպես նաեւ այդ մարտահրավերներին արձագանքելու ուղենիշ հանդիսանա պետական համակարգի համար։
– Ի՞նչ է իրենից ներկայացնելու Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման գործընթացը։ Ինչպե՞ս է իրականացվելու այն:
– Ռազմավարության վերանայման գործընթացը լինելու է համընդգրկուն գործընթաց, որում պետք է ներգրավվեն պետական կառավարման պատկան մարմինները, փորձագիտական, գիտական հանրությունը, քաղաքացիական հասարակությունը եւ օրենսդիրը։ Այս պատճառով այժմ դժվար է կանխատեսել, թե ինչպիսի բովանդակություն է ունենալու այդ փաստաթուղթը, բայց այն լինելու է համընդգրկուն մի փաստաթուղթ, որն արտացոլելու է մարտահրավերների հավաքական ընկալումները, ինչպես նաեւ դրանց արձագանքման մեխանիզմները։
Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում