Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնորդները որևէ կողմի ՄԽ օրակարգից դուրս քայլերը չեն ողջունում, խոսքը թե ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելն է, և թե ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը. «168 ժամ»

Մարտ 12,2019 12:15

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ժամանակ առ ժամանակ համանախագահները նման ծրագրային ելույթներով հանդես են գալիս։ Ըստ նրա, այս անգամ հայտարարության նպատակն էր նաև՝ կողմերին հիշեցնել բանակցությունների օրակարգը՝ բարձրացնելով իրենց հեղինակությունը՝ որպես միջնորդների, քանի որ նախորդ հանդիպումները չէին կայացել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։ Նրա որակմամբ՝ ինչպես համանախագահների մյուս բոլոր հայտարարություններում, այստեղ ևս պահպանված էր պարիտետը, և միջնորդները որևէ կողմի ՄԽ օրակարգից դուրս քայլերը չեն ողջունում, խոսքը թե ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելն է, և թե ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և ստատուս-քվոն փոխելու անհրաժեշտությունը։

«Իհարկե, ես այն համոզմանն եմ, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, և առանց Արցախի որևէ բան չի կարող որոշվել։ ՀՀ-ն այդ նպատակի ուղղությամբ պետք է առաջ շարժվի։ Սակայն ՄԽ էությունն ու բնույթն է՝ ստեղծել համերաշխության մթնոլորտ կողմերի միջև, մեղմելով այն անկյունները, որոնք սրում են իրավիճակը բանակցային սեղանին։ Ինչ վերաբերում է կարգավորման սկզբունքներին ու տարրերին, ապա այստեղ ևս նորություն չկա, համանախագահները խոսում են Մադրիդյան սկզբունքների մասին, հիշեցնում, որ դա է բանակցային օրակարգը, պետք է լինեն փոխզիջումներ։ Բայց մենք տեսնում ենք, որ ղեկավարները խուսափում են ամեն կերպ այս օրակարգին անդրադառնալուց, ինչը նշանակում է, որ նրանք դեմ են այդ օրակարգին։ Այդ պայմաններում ղեկավարների մակարդակով հանդիպումը ոչինչ չի տալու, մինչև որ կողմերը պատրաստ լինեն հակամարտության հավասարակշռված և խաղաղ կարգավորման»,- ասաց Տարասովը։

Գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը, որպես դրական հանգամանք մատնանշեց այն, որ համանախագահներն իրենց հայտարարության մեջ փորձել են կողմերի կողմից միմյանց համար անընդունելի հայտարարությունների հարցում աջակցություն հայտնել յուրաքանչյուր կողմին։ Ըստ նրա, բնականաբար, գլխավոր հասցեատերերը Հայաստանն ու Ադրբեջանն էին, որոնք ղեկավարների այս կազմով առաջին պաշտոնական հանդիպումից առաջ հստակեցնող ուղերձ ստացան համանախագահների կողմից՝ հիշեցնելով կողմերին, թե ինչ հարցեր են դրված բանակցային սեղանին, և ինչ հարցերի շուրջ կողմերը առարկություններ ունեն՝ խոսքը և Արցախի մասնակցությանն է վերաբերում, և՛ պատերազմական բնույթ ունեցող հայտարարություններին։ «Չեմ կարող ասել, թե որքանով են կողմերը ներկայումս պատրաստ բանակցությունների մատնանշվող օրակարգի՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ, որոնք ենթադրում են փոխզիջումներ, և որոնց մասին կողմերը ոչինչ լսել չեն ցանկանում։ Այնուամենայնիվ, որքանով էլ կողմերը գոհ չեն այս ձևակերպումներից, որքան էլ օրակարգն անընդունելի է, այս հանդիպումները կարևոր են, և առաջիկա հանդիպումն առավել կարևոր է, քանի որ լինելու է Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո»,- ասաց նա։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031