Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Փաշինյանը դուրս կգա փակուղուց

Մարտ 12,2019 13:00

Կանխատեսե՞լ էր Փաշինյանը նման ընթացքը, կամ՝ ինչպես միջնորդներն ավելի ճարպիկ գտնվեցին

Հայաստանում բուռն քննարկումների առիթ է հանդիսացել համանախագահների վերջին հայտարարությունը: Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել ծավալուն հայտարարությամբ: Նրանք ողջունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ առաջիկայում սպասվող շփումների պատրաստակամությունը, ընդգծել են արդյունավետ քննարկումներ իրականացնելու միջավայրի պահպանման անհրաժեշտությունը:

Համանախագահները դրական են գնահատել շփման գծում մահվան դեպքերի բացակայությունը, որոշ սկզբնական քայլերը, որոնք՝ «իրականացվում են բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն»: Միեւնույն ժամանակ միջնորդները վերահաստատել են լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը: Այդ համատեքստում նրանք կողմերին հորդորել են զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են իրադրության փոփոխություն, «նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»:

Միջնորդները մշտապես հանդես են գալիս «բալանսավորված» հայտարարություններով, դա նորություն չէ: Երբ ամեն շաբաթ պաշտոնական Բաքվից հնչում են ռազմատենչ հայտարարություններ, միջնորդները կոչ են անում կամ հորդորում են չսրել իրավիճակը: Հայաստանում բոլորը վստահ են, որ խոսքը բնականաբար վերաբերում է ադրբեջանական կողմին: Հիմա միջնորդներն ասում են, որ՝ «առանց մյուս կողմի համաձայնեցման ձեւաչափի միակողմանի փոփոխություն» չի կարող լինել: Եվ Հայաստանում, վստահ են, որ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ հնչող գնահատականին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին:

Որ Արցախի ձայնը պետք է որոշիչ լինի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի պետություններն այդ մասին գիտեն, նրանք անձամբ հաճախ մեկնում են Արցախ, այնտեղ ղեկավարության հետ հանդիպումներ ունենում: Փաշինյանի՝ Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու ձգտմանը, բնականաբար, պաշտոնական Բաքուն դեմ է, այս հարցում այլ մոտեցում Ալիեւից ոչ ոք չէր էլ ակնկալում: Սա նշանակո՞ւմ է ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվի պատվերն է կատարում: Ո՛չ, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչված է ապահովել բանակցությունների շարունակականությունը, ոչ թե իրադրության սրացմանը նպաստել:

Իհարկե, իրենց գնահատականով միջնորդները Փաշինյանին, այլ կերպ ասած՝ հորդորում են վերադառնալ իրականություն եւ կենտրոնանալ բուն բանակցությունների վրա, նրանց նպատակը դա է, որովհետեւ նրանք չեն կարող պաշտպանել այս պահին մի գաղափար, որը Բաքվին դրդելու է հրաժարվել բանակցություններից ու դիմել ռազմական գործողությունների:

Ու այստեղ արդեն ամենահետաքրքրական հարցն է առաջ գալիս՝ իսկ ինչ քայլի է դիմելու Փաշինյանը, երբ միջնորդները նրան հրապարակային հասկացնում են, որ այս պահին պետք է մոռանալ Արցախին բանակցությունների վերադարձնելու գաղափարը: Կանխատեսե՞լ էր Փաշինյանը դեպքերի նման ընթացքը: Արդեն կերեւա հայկական կողմերի հետագա քայլերից:

Բայց այսօր էլ կարելի է ասել, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կշարունակվեն: Ընդ որում` ուրախալի է, որ միջնորդներն իրենց հայտարարությունում հիշատակել են Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները՝ շեշտելով, որ «խնդրի արդար ու տեւական կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա»:

Ինչ վերաբերում է թոհ ու բոհ առաջացրած մեկ այլ թեմային՝ «տարածքների» վերաբերյալ հայտարարություններին, ապա նկատենք, որ ամեն անգամ, երբ օրինակ նախկին համանախագահների կողմից հրապարակվում էին Մադրիդյան սկզբունքները՝ կրկին Հայաստանում «ալեկոծություն» էր բարձրանում անկախ նրանից, որ այդ Մադրիդյան սկզբունքներն արդեն մի քանի անգամ են հրապարակայնացվել:

Այս անգամ էլ համանախագահները կարգավորման ճանապարհն սկզբունքների հետ միասին այսպես են «նկարագրում»: «Այն պետք է ներառի նաեւ լրացուցիչ տարրեր, ինչպես 2009-2012թթ. առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար` անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների տրամադրմամբ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաեւ միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաեւ խաղաղապահ գործողություն»,-նշել են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները:

Ղարաբաղյան կարգավորման պատմությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած մեկը կարող է փաստել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերոնշյալ դրույթներում նոր բան չկա, արդեն 2 տասնամյակից ավելի Հայաստանի բոլոր ղեկավարները բանակցությունների սեղանին քննարկում են այս կամ այն սկզբունքը, մի կողմը, հավանաբար, պնդում է, որ այս սկզբունքի շուրջ ունի հետեւյալ մոտեցումները, մյուս կողմն էլ՝ մեկ այլ սկզբունքի առնչությամբ՝ այլ մոտեցումներ: Եթե 2 տասնամյակից ավելի Հայաստանն ու Ադրբեջանը չեն մոտեցել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ուրեմն այդ սկզբունքները ոչ մի կողմի համար էլ ընդունելի չեն: Համանախագահների վերջին հայտարարությունից էլ չի բխում, որ Հայաստանը, Արցախը ու Ադրբեջանը վաղը-մյուս օրն ընդունելու են ապագա բանակցությունների հիմքով՝ հին փիլիսոփայությամբ, նոր մոտեցումներով ձեւավորված ինչ-որ փաստաթուղթ:

Ինչ են ասում միջնորդներն իրենց հայտարարության մյուս պարբերությունում. «Միեւնույն ժամանակ համանախագահները արձանագրել են, որ շարունակելու են քննարկել համապատասխան խնդիրները հակամարտության հետեւանքները ուղղակիորեն կրող կողմերի հետ, ընդունելով այն, որ բանակցային գործընթացի հաջողության համար անհրաժեշտ է հաշվի առնել նրանց տեսակետները եւ մտահոգությունները»:

Թեեւ պաշտոնական Երեւանի բարձրացրած՝ Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտությունը միջնորդները հրապարակայնորեն մերժել են, բայց նրանք արձանագրում են, որ պատրաստ են շարունակել լսել Արցախի ղեկավարությանը:

Պաշտոնական Երեւանը, ըստ ամենայնի, պետք է կանխատեսած լիներ, որ Արցախին բանակցություններին վերադարձնելը՝ տեւական դադարից հետո ամենեւին էլ հեշտ չի լինելու: Եթե հայկական կողմը դա չէր կանխատեսել, ուրեմն, պատասխանատվություն է կրում նաեւ դեպքերի հետագա ընթացքի համար: Մշտապես ասվել է՝ վատ բանակցություններն ավելի նախընտրելի է, քան պատերազմը: Գլխավոր հարցն այն էր, թե բանակցությունները փակուղի մտցնելու պատասխանատվությունը որ կողմը, որ կողմի վրա կգցեր: Սակայն համանախագահները պատկերացնելով իրադրությունն, այսպես ասած՝ ճարպիկ գտնվեցին. նրանք իրենց հերթական «բալանսավորված» հայտարարությամբ ամեն ինչ անելու են, որպեսզի պրոցեսը շարունակվի:

Պաշտոնական Բաքուն, բնականաբար, ողջունել է համանախագահների վերջին հայտարարությունը: Դատելով պաշտոնական Երեւանի ավելի վաղ արած արձագանքից էլ՝ հայկական կողմը չի հրաժարվի ապագայում բանակցություններից: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մարտի 9-ին, մասնավորապես, ասել է. «Հայաստանը մշտապես բարձրաձայնել է իր հանձնառությունը եւ սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որում մեր առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը: Մեր այդ հանձնառության վառ ապացույցներից է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո խաղաղության գործընթացը ոչ թե կասեցվեց, այլ` նոր դինամիկա ստացավ: Խաղաղության մթնոլորտի ձեւավորումը, ռիսկերի նվազեցման եւ միջադեպերի կանխարգելման մեխանիզմների եւ փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաեւ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական»:

Համանախագահների տարածած հայտարարությունից 4 օր առաջ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը Եվրոպական միության հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներին, ասել էր, որ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու, այդ թվում, ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային ձեւաչափի շուրջ քննարկումներին. «Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հարցի կարգավորման համար, նախ եւ առաջ, արդյունավետ ֆորմատ ստեղծել, ապահովել, նախ եւ առաջ, Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը»:

Ի՞նչ են Փաշինյանն ու Ալիեւը քննարկելու առաջիկա հանդիպմանն այն բանից հետո, երբ համանախագահները «ձեւաչափի շուրջ քննարկումների» թեման փակեցին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

12.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Փաշինյանը ոչ մի տարածք պիտի չյանձնէ
    լայնածաւալ պատերազմ պիտի բռնկի
    ասկէ աւելի յստակ չի կրնար ըլլալ կացութիւնը

    իսկ այս նիւթը, այսուհետեւ, «Վարչապետի մասին» դարձնելը (խօսքս երկու հակառակորդ կողմերի քաղաքական գործիչների մասին է, ոչ թէ այս յօդուածին), այլեւս իսկապէս անիմաստ է, եւ աւելի աղետալի կը դարձնէ գալիք պատերազմը

    աւելի յստակ ասեմ՝ եթէ վարկածը այն է թէ պատերազմը տեղի պիտի ունենայ Փաշինյանին պատճառով, ապա ադոր յանցաւորը ինքը չէ, այլ Սերժ Սարգիսեանը, որ Պետութիւնը յանձնեց Փաշինյանին

    ի դէպ, ամիսներէ ի վեր՝ Ռոբերտ Քոչարյանին բանտարկութիւնը, առանց տակաւին որեւէ էստ էութեան դատավարութեան շուքին անգամ, գարշելի իրողութիւն մըն է, ներազգային ահաւոր եւ արդէն անդարմանելի պառակտում կը պատճառէ, եւ անորւ գինն ալ պիտի վճարեն Հայաստանն ու Արցախը.

    https://haytougchamlian.blog/

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031