Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են ասում եւ ի՞նչ չե՛ն ասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

Մարտ 12,2019 20:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շաբաթ օրը հայտարարություն տարածեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ առաջիկայում սպասվող հանդիպման մասին: Դրանով Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ ներկայացուցիչները համատեղ ամփոփեցին Հայաստանում իշխանափոխությունից հետո ընկած ժամանակաշրջանի դիվանագիտական ակտիվության փուլը։

Հայտարարությունն իրենից, բնականաբար, դիվանագիտական տեքստ է ներկայացնում, որտեղ կարեւոր է ոչ միայն այն, ինչ ասված է, այլեւ այն, ինչ ասված չէ, բացի դրանից, այնտեղ եղած «3D»-ձեւակերպումները թույլ են տալիս, որ ով ինչպես ուզի՝ այնպես էլ «կարդա» եւ ներկայացնի քարոզչական դաշտում, աղմուկ բարձրացնի, հոռետեսության կամ լավատեսության «ալիք բարձրացնի», հիմնավոր կամ անհիմն, ընկնի էյֆորիայի կամ խուճապի մեջ, կախված տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներից։ Ուստի կարիք կա, նախ, հասկանալու, թե ի՞նչ ասացին եւ ի՞նչ չասացին համանախագահներն այս հայտարարությամբ։

Առաջինն այն է, որ նախապատրաստվել է Փաշինյան-Ալիեւ հանդիպում, որն, ըստ հայտարարության, դիտարկվում է որպես «կարեւոր» եւ լինելու է երկու ղեկավարների միջեւ առաջին ուղիղ շփումը համանախագահների հովանու ներքո։

Այս համատեքստում համանախագահները նշում են, որ կա մթնոլորտ, միջավայր, պայմանավորված վերջին շրջանում շփման գծում մահվան դեպքերի բացակայությամբ, եւ «համանախագահները նաեւ ողջունում են որոշ սկզբնական քայլերը, որոնք իրականացվում են տարածաշրջանում՝ նախապատրաստելու բնակչությանը խաղաղությանն ու քաջալերելու կողմերին ինտենսիվացնել նման ջանքերը: Միեւնույն ժամանակ համանախագահները վերահաստատում են լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը»։

Այս ամենը ֆիքսելով, համանախագահները «կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»։

Առաջ անցնելով ֆիքսենք նաեւ, որ դրան հետեւած՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Աբդուլլայեւայի մեկնաբանությունն արդեն իսկ իրենից ներկայացնում է մի «մեթոդական ձեռնարկ», որով հենց փորձ է արվում թե՛ նախապես վճռել ապագա բանակցությունների արդյունքը (ասելով, որ Արցախի կարգավիճակը կարող է լինել բացառապես «Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում»), թե՛ ստեղծել նախապայմաններ, կապված «շրջաններից զորքերի դուրս բերման» հետ։

Համանախագահների հայտարարության մեջ այնուհետեւ գալիս է «ամենաբարդ» հատվածը, որում ասվում է. «Հղում անելով Մինսկի Խմբի գործընթացի էության վերաբերյալ որոշ հակասական հրապարակային հայտարարություններին՝ համանախագահները վերահաստատում են, որ խնդրի արդար ու տեւական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես կապված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման վրա: Այն նաեւ պետք է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաեւ միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաեւ խաղաղապահ գործողություն», – ապա համանախագահները ընդհանրացնում են եւ շեշտում.

«Համանախագահները հայտնում են իրենց կարծիքը, որ այս սկզբունքներն ու էլեմենտները պետք է լինեն հակամարտության արդար ու տեւական կարգավորման հիմքը եւ պետք է համարվեն մեկ ամբողջություն: Այս կամ այն սկզբունքը կամ տարրն առաջնային համարելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հասնելը հավասարակշռված իրադրության»:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի այդ «մեթոդական ձեռնարկը», իրենից ներկայացնելով նաեւ սելեկտիվ ընթերցման մի գլուխգործոց, որտեղ Բաքուն իր «շարմանկան» պտտեցնում է բացառապես իր սիրելի սկզբունքի՝ «զորքերի դուրս բերման» մոտիվներով, ցույց է տալիս, որ հարեւան երկրում ամենեւին էլ հակված չեն այս ամենը դիտարկելու որպես մեկ ամբողջություն, նույնիսկ չնայած նրան, որ հայկական կողմերն էլ բազմաթիվ հարցեր ունեն եւ չեն կարող չունենալ, մինչեւ այս ամենն իրոք չդառնա մի ամբողջություն։ Կդառնա, թե ոչ՝ թող կյանքը ցույց տա, բայց արձանագրենք, որ, նախ, ադրբեջանական ԶԼՄ-ներից եւ ոչ մեկը չցանկացավ կամ նրանց չթույլատրվեց հայտարարության տեքստը հրապարակել ամբողջությամբ, մինչդեռ հայկականներն արագորեն ներկայացրեցին թե՛ հայերեն, թե՛ ռուսերեն՝ անգլերեն չիմացողների համար, իսկ անգլալեզու էջեր ունեցող կայքերը՝ միանգամից եւ ամբողջությամբ։

Ավարտելով Ադրբեջանի մասով, ի սկզբանե պարզ է, որ այս ներկայացված սկզբունքները, որոնք, նախ, Ադրբեջանն է մերժել ժամանակին, այո՛, դրանք «սերում» են 2009-2012 թվականներից, եւ համանախագահներն ընդամենը «թարմացնում են» բոլորի հիշողությունը, թե որ շրջանակներում են, «իրենց կարծիքով», տեսնում վերջնական կարգավորումը։ Դրանք, այդ սկզբունքները, Ալիեւի ռեժիմի համար «ինքնասպանության հրավեր» են ընկալվել եւ շարունակվում են այսօր էլ ընկալվել որպես այդպիսին, եւ դրանով էր պայմանավորված Բաքվի՝ ժամ առաջ արագ արձագանքը, որով նրանք, փաստորեն, դեմ են դուրս գալիս միջնորդ-համանախագահների նախանշած շրջանակներից, ինչը միտված է հանգստացնելու ներքին լսարանին։ Իսկ Ալիեւի բռնապետությունը, որն ի սկզբանե առավելապաշտական նշաձող էր սահմանել իր իսկ համար՝ այժմ ցանկացած հետքայլով դրանից կարող է խնդիրներ ստեղծել երկրի ներսում։

Այս հայտարարությունը, որքան էլ որ հայկական կողմերի համար անհասկանալի եւ նույնիսկ անընդունելի դրույթներ պարունակի, կարեւոր է մի-քանի պատճառներով։ Նախ, վերջակետ է դրվում 2008-ից սկիզբ առած այն նվաստացուցիչ շրջափուլին, երբ «Մարտի 1-ը» չմարսած, լեգիտիմություն չունեցող, դրսերում լեգիտիմություն մուրացող իշխանությանը ներքաշել էին ի սկզբանե վնասակար աշխարհաքաղաքական խաղերի մեջ եւ կարող էին դեմ տալ ցանկացած «անպարկեշտ առաջարկություն», սկսած «ֆուտբոլային դիվանագիտությունից» Թուրքիայի հետ, վերջացած Կազանյան փակուղուց, որին հաջորդեցին աննախադեպ զինամատակարարումները Ռուսաստանից Ադրբեջանին, վերջացած Քառօրյա պատերազմով՝ «Լավրովի պլանի» շրջանակներում։ Ի դեպ, չմոռանանք արժանին մատուցել 2008-ի ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը դրսեւորեց բարձր պետական մտածողություն եւ պատշաճ բարոյականություն, չտրվեց գայթակղությանը հարվածել իշխանությանը ղարաբաղյան համատեքստում, այլ հակառակը՝ հայտարարեց, որ ամբողջությամբ սատարելու է իշխանությանը կարգավորման գործընթացում, որքան էլ որ այն ոչ լեգիտիմ էր եւ անբարոյական։

Բացի դրանից, այս հայտարարությունը, որը համատեղ է նաեւ ռուս համանախագահի հետ, խաչ է քաշում ռուս կայսերապաշտների երազանքի վրա՝ ստիպելու հայերին հանուն «դարավոր բարեկամության» մի քիչ «նեղություն քաշել» տարածքների մասով եւ համաձայնվել ռուս «խաղաղապահների» տեղակայմանը՝ «խաղաղության դիմաց», ինչպես նաեւ՝ դուրս բերել բանակցային գործընթացը եռանախագահության ձեւաչափից ռուս-ադրբեջանական գործարքի դաշտ՝ հայկական շահերի հաշվին, դիմացը ստանալով Ադրբեջանի ենթադրյալ անդամակցություն ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում։

Որքան էլ որ պարոն Ալիեւը եւ նրա ԱԳՆ-ն, տեքստն ամբողջությամբ իրենց մամուլում չհրապարակելով, տրվել են «սելեկտիվ ընթերցանությանը» եւ սեփական բնակչությանը թյուրիմացության մեջ գցելով, ուղիղ տեքստով Բաքվին բացատրվեց, որ բոլոր սկզբունքները մեկ ամբողջություն են, ինչը նշանակում է, որ ոչինչ համաձայնեցված չէ, քանի ամբողջը համաձայնեցված չէ, եւ «զորքերը հանեք, իսկ հետո կերեւա» սկզբունքով, այնպես ինչպես «հող՝ խաղաղության դիմաց», այն է՝ «հող՝ ռուս-ադրբեջանական օդի դիմաց» սկզբունքով՝ չի՛ լինելու։ Նաեւ բաց տեքստով ասվեց, որ պատերազմ չի լինելու, եւ հրադադարի ներկայիս՝ Դուշանբեից հետո հաստատված ռեժիմը պետք է պահպանվի։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ աստիճանի անընդունելի բարձր քաղաքական գին կունենա առաջին կրակոցն այսքանից հետո։ Իհարկե, Հայաստանի ԱԳՆ-ը նշեց իր հայտարարության մեջ Վիեննայի պայմանավորվածությունների կարեւորությունը, եւ քննադատները, հավանաբար, դրա մասին համանախագահների կողմից չնշելը կհամարեն «ձախողում», բայց չմոռանանք, որ այդ պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին Վիեննայում ԱՄՆ ակտիվ աջակցության շնորհիվ, Երեւանի թողտվությամբ այնուհետեւ թաղվեցին Սանկտ-Պետերբուրգ գնալու փաստով, ինչով որպես նվեր մատուցեցին դրանք Բաքվին եւ Մոսկվային, «հանուն դարավոր բարեկամության», եւ հիմա որքան էլ որ ասվի «Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններ»՝ այն չէր իրագործվելու առանց Բաքվի վրա ահռելի ճնշում գործադրելու, ինչը թույլ չէր տա արդեն Մոսկվան։ Բայց դա միակողմանիորեն արեց հայկական կողմը՝ Արցախի Պաշտպանության Բանակը, ահռելի աշխատանք կատարելով շփման գծի վրա եւ նվազագույնի հասցնելով ադրբեջանական կողմի՝ հանկարծակի գործողությունների հնարավորությունները։

Այս ամենով հանդերձ, համանախագահները Երեւանին ուղերձ հասցեագրեցին, որ Արցախի վերադարձը բանակցային ձեւաչափ դիտարկվում է որպես Հայաստանի կողմից «միակողմանի» քայլ եւ կոչ է արվում «զերծ մնալ» նման քայլից։ Սակայն, հարցը մնում է բաց, հարց, որը բարձրացնում է վարչապետ Փաշինյանը սկսած անցյալ տարվա մայիսի 9-ից. դա մանդատի հարցն է։ Այսինքն, համանախագահներն ինչպե՞ս են տեսնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բանակցային գործընթացում, որտեղ որոշվում է Ղարաբաղի ճակատագիրը՝ առանց Ղարաբաղի, երբ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանը, լինելով ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրված ղեկավար, իսկ Արցախի Հանրապետությունն ունի ի՛ր ընտրված ղեկավարությունը, որը կփոխվի հաջորդ տարի նույնպիսի ժողովրդավարական ընտրություններով։ Եվ երկրորդ կարեւոր տարրը։ Բաքվից, Ադրբեջանի այլ քաղաքներից, Շահումյանի շրջանից, Գետաշենի ենթաշրջանից բռնագաղթված հայերը որեւէ ցանկություն չունեն եւ ակնհայտ ցեղասպանությունից եւ ջարդերից հետո առավել եւս ցանկություն չունեն վերադառնալու մի պետություն, որն առաջնորդվում է պանթուրքիստական ֆաշիզմի գաղափարախոսությամբ, որտեղ իրանական ծագմամբ թալիշները եւ թաթերը, կովկասյան ծագմամբ լեզգիները եւ ավարցիները թուրքացվում են պետական քաղաքականության արդյունքում, եւ լիովին իրավունք ունեն բնակություն հաստատելու Ադրբեջանից անջատված եւ անկախացած, այդ անկախությունը Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում վերահաստատած Արցախում։ Եվ հենց ա՛յդ գործընթացի հանձնառության մասին է ազդարարում Արցախի ԱԳՆ-ն իր վերջին հայտարարությամբ։

Իսկ Ադրբեջանը եւ նրա ժառանգական բռնապետը միայն մի բան են ասում՝ կա՛մ մինչպատերազմական ստատուս-քվո, կա՛մ ես նորից պատերազմ կսկսեմ, թումանյանական աղվեսի պես՝ «էս սարն իմն է, էս ծառն իմն է», Երեւանն էլ է «իմը»։ Դա նույն բանն, ինչ ասում եւ փորձում էր անել բռնապետ եւ Հաագայի Միջազգային Քրեական Դատարանի կողմից հանցագործ ճանաչված Միլոշեւիչն արդեն նախկին Հարավսլավիայի մնացած՝ հետագայում անկախացած պետությունների վերաբերյալ, Կոսովոյի վերաբերյալ, որի անկախությունը ճանաչվեց մի-քանի տասնյակ երկրների կողմից։

Հայաստանը, Արցախը եւ հայկական դիվանագիտությունն անելիք ունեն, մեծ անելիք. ազատ, հզոր, քաղաքակիրթ երկիր դառնալ, մեկնարկ տալ Մեծ Հայրենադարձության, ձգտել խաղաղության, ակտիվորեն մասնակցել բանակցային գործընթացին եւ ցանկացած պահի պատրաստ լինել պարտադրել խաղաղություն, երբ դրա կարիքը կրկին կստեղծի Ադրբեջանը։ Եվ այս հայտարարությունը որեւէ հիմք չի տալիս դժգոհելու միջնորդներից, որեւէ կերպ չի կաշկանդում հայկական պետություններին այդ ճանապարհին, մեծ հաշվով ոչ մի բանի ոչ սկիզբն է, ոչ էլ վերջը, գնում ենք առաջ։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

12.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Բռնապետ Միլոշևիչ, ռուսական կայսերապաշտություն – այսպիսի տեքստը արդեն վերլուծություն չէ, այլ պրոպագանդա, այն հնարավոր չէ լուրջ ընկալել։ Էլ չեմ ասում ազատ, անկախ Կոսովոյի գովքի մասին, որն ամենևին տեղին չէ, որովհետև բոլորս էլ շատ լավ գիտենք, թե իրականում ինչ է կատարվել Հարավսլավիայում և ինչպես է ՆԱՏՕ-ն ամենավայրենի ձևով ռմբակոծել երկիրը 1999 թ․ ռադիոակտիվ ուրան պարունակող ռումբերով։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031