Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունեն ՊԵԿ-ի հետ հաշվապահական հաշվառման գրասենյակները. պարզաբանում է ասոցիացիայի նախագահը

Մարտ 12,2019 12:00

Արդեն տեւական ժամանակ է ինչ Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի աջակցությամբ Հայաստանի մարզերում հիմնադրվում եւ գործում են հաշվապահական հաշվառման գրասենյակներ՝ ՀՀԳ-ներ, որոնք տարբերվում են մնացած նմանատիպ գրասենյակներից, թե իրենց անվանումների առանձնահատկությամբ, եւ թե իրենց գործելաոճով: Ամեն քաղաքում հիմնադրված գրասենյակ սպասարկում է տվյալ քաղաքի եւ հարակից բնակավայրերի փոքր եւ միջին բիզնեսներին: Գրասենյակների անվանումները ներառում են տվյալ համայնքի անվանումը եւ ՀՀԳ հապավումը, գրասենյակների մեծ մասը տեղակայված են հարկային տեսչությունների հարակից տարածքներում: ՀՀԳ-ների վերաբերյալ մամուլում եղան հրապարակումներ, բայց այնուամենայնիվ, հանրության մոտ չկա ձեւավորված ամբողջական պատկերացում՝ ովքե՞ր են այդ գրասենյակների սեփականատերերը, ինչպե՞ս են դրանք կառավարվում, ինչու՞ են տեղակայված հարկային տեսչությունների հարեւանությամբ, ի՞նչ կապ ունի Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիան այդ գրասենյակների հետ եւ վերջապես որքանով են ազդում այդ գրասենյակները ՓՄՁ-ների բիզնես կյանքի որակին: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի հետ:

-Պարոն Համբարձումյան, նախ կուզեինք ճշտել, ի՞նչ սկզբունքով են հիմնադրվում այդ գրասենյակները եւ ու՞մ են պատկանում դրանք:

-Ցանկացած նոր գրասենյակ մեր առաջարկությամբ հիմնադրում է տվյալ տարածաշրջանում արդեն իսկ գործող որեւէ հաշվապահ՝ իր կողմից արդեն իսկ սպասարկվող հարկ վճարողների բազայի հիման վրա: Ասոցիացիան տվյալ տարածաշրջանում իր առաջարկը ներկայացնում է մի քանի հաշվապահների, եւ այն հաշվապահը, որը համաձայնում է ունենալ իր սեփական հաշվապահական գրասենյակը եւ աշխատել ասոցիացիայի նախապայմաններով դառնում է տվյալ քաղաքի հաշվապահական հաշվառման գրասենյակի սեփականատերը:

-Իսկ որո՞նք են ասոցիացիայի նախապայմանները:

-Ասոցիացիայի նախապայմանները հիմնականում չորսն են՝

1-ին՝ գրասենյակը պետք է ապահովված լինի նվազագույն քանակի եւ որակի գույքով, որի համար իրենցից բնականաբար ֆինանսական ներդրում է պահանջվում: 2-րդ՝ գրասենյակի կողմից սպասարկվող բոլոր հաճախորդների պայմանագրերը պետք է ամբողջությամբ հայտարարագրվեն եւ հարկվեն: 3-րդ՝ գրասենյակի բոլոր աշխատողները, որպես վարձու աշխատողներ պետք է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպվեն: 4-րդ՝ գրասենյակի բոլոր աշխատողները պետք է անդամագրվեն ասոցիացիային եւ որպես ասոցիացիայի անդամներ բավարարեն դրա կանոնակարգով նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման նվազագույն ժամային պահանջները:

Անկեղծ ասած, ֆինանսական ներդրման եւ շարունակական մասնագիտական զարգացման նվազագույն ժամային պահանջների բավարարման հետ կապված հեշտ են համաձայնվում, սակայն պայմանագրերի ամբողջությամբ հայտարարագրման եւ աշխատողների ձեւակերպման հետ շատ դժվարությամբ են համաձայնվում, մեկնաբանելով, որ իրենց տարածաշրջանում ՓՄՁ ոլորտը սպասարկող հաշվապահների մեջ իրենք կլինեն «սպիտակ ագռավներ», քանի որ նման մշակույթ դեռեւս չի ձեւավորվել, եւ այդ ոլորտը սպասարկող հաշվապահների ստվար հատվածը, այսպես ասած, «տնից հաշվապահություն անողները» չեն ձեւակերպվում: Նույնիսկ շատ են եղել դեպքեր, երբ հաշվապահները հենց այդ պատճառով հրաժարվել են համագործակցել:

-Իսկ ինչպե՞ս են կառավարվում այդ գրասենյակները, եւ արդյո՞ք ասոցիացիան մասնակցում է կառավարման գործընթացին:

-Գրասենյակները աշխատում են ինքնակառավարման մոդելով, ասոցիացիան, բացի խորհրդատվությունից, որեւէ այլ գործառույթ չի իրականացնում: Այնուամենայնիվ, գրասենյակների աշխատողները, որպես ասոցիացիայի անդամներ պարտավոր են պահպանել ասոցիացիայի կանոնակարգով սահմանված վարքագծի կանոնները.

Լիարժեք ֆինանսական ներդրումների, խորհրդատվության եւ ծրագրային ապահովման նպատակով յուրաքանչյուր գրասենյակում բացի հիմնական հիմնադրից, որպես մասնակիցներ, հանդես են գալիս նաեւ չորս լրիվ տարբեր անձինք, որոնց ընդհանուր մասնակցության չափը չի գերազանցում 50%-ը, եւ հետեւաբար, չեն կարող իրավական առումով համատեղ ազդեցություն ունենալ որոշումների կայացման գործընթացներին: Նրանք կառավարման գործառույթներում չունեն նաեւ փաստացի որեւէ մասնակցություն: Երկու անձ՝ 15% մասնակցությամբ իրենց չափով աջակցում են ֆինանսական ներդրումներին, ասոցիացիան՝ ի դեմս իր կողմից հիմնադրված խորհրդատվական ընկերության՝ 10% մասնակցությամբ ապահովում է խորհրդատվական աջակցությունը, իսկ մեկ անձ՝ 10% մասնակցությամբ ապահովում է ծրագրային աջակցությունը:

-Բոլոր գրասենյակների սեփականատերերը հաշվապահնե՞ր են:

-Եղել են քաղաքներ, որտեղ մեզ համագործակցության առաջարկ են արել այլ ոլորտի գործարարներ, նույնիսկ համայնքի ղեկավարներ, սակայն հիմնադրելուց մի որոշ ժամանակ անց հասկացել են, որ միայն ներդրում անելը բավարար չէ, այն պահանջում է նաեւ որոշակի աշխատանք եւ դա իրենցը չէ: Բայցի այդ, չեն արդարացվել իրենց ակնկալիքները, եւ ստիպված գրասենյակը վաճառել են գործող այլ հաշվապահների: Մարզերում գործող ցածր սակագների շնորհիվ (Ա/Ձ-ների սպասարկումը ամսական 3.000-ից մինչեւ 5.000 դրամ է) գրասենյակների մեծ մասի սեփականատերերի տարեկան ստացվելիք շահաբաժինը ամսական կտրվածքով չի գերազանցում 150.000-ից 200.000 դրամը, սակայն սեփականատերերը նախընտրում են մարզում վարձու աշխատող լինելու փոխարեն այդ պայմաններով ունենալ իրենց սեփական գործը, աշխատել առանց գրաֆիկի եւ ղեկավարության: Շատերը նաեւ համատեղում են այլ աշխատանքի հետ:

Այս պահին բոլոր գրասենյակների սեփականատերերը հաշվապահներ են կամ հսկիչ-դրամարկղային մեքենա սպասարկող տարբեր ընկերությունների աշխատակիցներ, որոնք նույնպես ժամանակին իրականացրել են հարկ վճարողների հաշվետվությունների կազմում եւ իրենց ունեցած բազայի հիման վրա հիմնադրել են գրասենյակը: Իմիջիայլոց, ՀԴՄ սպասարկող ընկերությունների աշխատակիցներին շատերը ասոցացնում են հարկային մարմնի աշխատողի հետ եւ շատ քաղաքներում, ցավոք սրտի, գրասենյակը կապում են հարկային մարմնի հետ, որը բնականաբար բացասական է անդրադառնում գրասենյակի վրա:

-Ինչու՞ են գրասենյակների մեծ մասը տեղակայված հարկային մարմինների հարեւանությամբ, եւ արդյոք կան գրասենյակներ, որոնք տեղակայված են հենց ՊԵԿ-ին պատկանող տարածքներում:

-ՊԵԿ-ին պատկանող որեւէ տարածքում չկա տեղակայված գրասենյակ, նույնիսկ գործնականում դա հնարավոր էլ չի, ՊԵԿ-ը երբեք իր սեփական տարածքում որեւէ հաշվապահական գրասենյակի տարածք չի տրամադրել եւ չի էլ տրամադրի, պարզապես կան քաղաքներ, որտեղ հարկային տեսչությունը եւ ՀՀԳ-ները տեղակայված են նույն շենքում՝ վարձակալական հիմունքներով, դրանք հիմնականում քաղաքապետարանի շենքերն են: Հարկային տեսչության հարեւանությամբ գործելը միանշանակ պատահականություն չի եղել, այն կապված է գրասենյակի աշխատողների՝ բազմաթիվ հաճախորդներին սպասարկման նպատակով հարկային տեսչություններ այցելությունների հաճախականությունից: Սակայն ՊԵԿ-ի կողմից էլեկտրոնային կառավարման համակարգի անցնելուն եւ դրա զարգացմանը զուգընթաց գնալով այդ պահանջը նվազել է, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից հին սերնդի ՀԴՄ-ների կիրառման ամբողջական վերացմամբ պայմանավորված՝ հարկային տեսչության հարեւանությամբ գործելու փաստացի անհրաժեշտություն այլեւս չկա: Իմիջիայլոց, ՀՀԳ-ներից բացի, այլ հաշվապահական գրասենյակներ նույն նկատառումով նույնպես գործել եւ այս պահին գործում են հարկային տեսչության հարեւանությամբ: Միաժամանակ հավելեմ, որ շատ քաղաքներում էլ այդ շենքերում հարկային տեսչությունները դադարել են գործել եւ մնացել են միայն շքամուտքի իրենց ցուցանակները:

-Մամուլում հրապարակումներ եղան, որտեղ ՀՀԳ գրասենյակները կապում են ՊԵԿ նախկին նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի հետ:

-Ինչպես ժողովուրդն է ասում՝ «չկա ծուխ առանց կրակի»: Միրումյանի կինը վաղուց, եթե չեմ սխալվում, դեռեւս 2005 կամ 2006 թվականից «Էմ Էյչ Փի Քընսալթինգ» ՍՊԸ-ի համասեփականատերն է, եւ միաժամանակ, վարձու աշխատող: Այդ ընկերության հետ ես բացարձակ կապ չեմ ունեցել եւ հիմա էլ չունեմ: Հիմնականում այդ ժամանակներից է նրա անունը կապվել հաշվապահական հաշվառման ոլորտի հետ: Միրումյանը իմ երկար տարիների ընկերն է, ում հետ դեռեւս իր ՀՀ ֆինանսների նախարարության աշխատելու տարիներին ես համագործակցել եմ, որպես «Աուդիտ Սըփորթ Արմենիա» ՓԲ ընկերության կազմակերպած դասընթացներին դասավանդող: Պետական եկամուտների կոմիտե տեղափոխվելուց հետո նա դադարեցրել է դասավանդումները եւ այլեւս մեր միջեւ գործարար համագործակցություն չի եղել: Բնականաբար, իմ գործունեության ընթացքում եղել են բազմաթիվ օրենսդրական հարցեր, որոնց մասով շատ քննարկումներ եմ ունեցել նրա հետ, նույնիսկ բանավեճեր, անհամաձայնություններ, այդ թվում՝ ՊԵԿ-ի հասարակական խորհրդի նիստերում եւ միշտ էլ դրանք օգտակար են եղել հարկ վճարողների եւ հաշվապահների գործունեությանը: 2018 թվականի մայիսին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո անձամբ ես եմ նրան առաջարկել համագործակցել եւ ՀՀԳ-ների մասով, եւ հաշվապահների եւ աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի մասով: Կենտրոնի մասով սիրով համաձայնեց, ընդորում՝ զբաղվել անձամբ: Եվ ես նրան փոխանցեցի այն ամբողջությամբ, սակայն ՀՀԳ-ների մասով ինքը հրաժարվեց զբաղվել: Փոխարենն առաջարկեց իր նորապսակ որդուն եւ հարսին ներգրավել, որոնք երկուսն էլ սովորելով Հայաստանի Ամերիկյան համալսարանում, զուգահեռաբար, բավականին մասնագիտացել եւ շարունակում են խորացնել իրենց գիտելիքները ֆինանսական եւ հարկային հաշվառման բնագավառում: Եվ այդ առաջարկին ես համաձայնեցի:

-Վերջերս մամուլում «Կյանքը «զոնայում» եւ «զոնայից» դուրս. «Ապագա տուրի» սեփականատերը՝ համակարգի ճնշումների մասին» հոդվածում «Ապագա տուրի» սեփականատերը իր դժգոհությունն էր հայտնել նաեւ Իջեւանի հաշվապահական հաշվառման գրասենյակից: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք:

-Հոդվածը ես էլ եմ կարդացել, որի մասին կասեմ հետեւյալը՝ Ես ՊԵԿ ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ չեմ, ինչպես հրակապարկվել էր հոդվածում, այլ Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահն եմ եւ նմանատիպ գրասենյակների համակարգող չեմ հանդիսանում, քանի որ յուրաքանչյուր գրասենյակ ինքն է համակարգում իր գործունեությունը: Արտակ Չիբուխչյանին 2014 թվականին, որպես Իջեւանի ՀՀԳ-ին աջակցող կառույցի ղեկավար, խորհրդատվության նպատակով հանդիպել եմ Երեւանում, ասաց, որ արդեն որոշել է՝ հաշվապահությունը պետք է վարի Իջեւանի ՀՀԳ-ն, սակայն մի քանի հարցեր ունի: Մանրամասն ներկայացրեց իր գործունեությունն ու հարցերը, քննարկման ընթացքում հարցրեց՝ ի՞նչ ծրագրով ենք աշխատում, ասացի նոր գրվող ծրագիր է: Իսկ Միրումյանի անունը բացարձակ չի շոշափվել: Խնդրեց նաեւ Երեւանից փորձով աուդիտորի ծանոթացնեմ՝ Իջեւանի ՀՀԳ-ից անկախ իր նախկին գործունեությունը ստուգելու նպատակով, ծանոթացրեցի, որոշ ժամանակ միասին աշխատեցին: Իր ասած՝ շատ տարօրինակ ստուգումից ես մանրամասն տեղյակ չեմ, սակայն մի բան կարող եմ ասել՝ եթե Իջեւանի ՀՀԳ-ն աշխատեր իր նկարագրած գործելաոճով, ապա այսօր Իջեւան քաղաքի ՓՄՁ-ների մեծ մասը այդքան գոհ չէր աշխատի այդ գրասենյակի հետ եւ օր օրի այդ գրասենյակը չէր ծաղկի: Իմ հարցին՝ թե ինչո՞ւ են մեկ տարի վարելուց հետո 2015 թվականին հրաժարվել է սպասարկել «Ապագա տուրին», Իջեւանի ՀՀԳ-ից ինձ ասացին, որ Արտակ Չիբուխչյանը ասում է՝ քանի որ ԱԱՀ-ի դաշտից արդեն անցել ենք շրջանառության հարկի դաշտ, հաշվապահության սակագինը պետք է յոթ անգամ նվազեցնեն, որին իրենք չեն համաձայնվել:

-Անցած տարի բոլոր ՀՀԳ-ներում ՊԵԿ-ն ստուգումներ էր իրականացնում: Ի՞նչ արդյունքներ եղան: Ըստ Ձեզ, արդյոք այդ ստուգումները պայմանավորված է այն հանգամանքով, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նույնպես հանդիսանում է մեկ այլ հաշվապահական կազմակերպության համասեփականատեր:

-Այո, նախորդ տարի նոյեմբեր ամսին բոլոր ՀՀԳ-ներում միեւնույն օրը անսպասելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացվեցին: Ստուգման ընթացքում պարզ դարձավ, որ փորձում են ՀՀԳ-ների միջեւ փոխկապակցվածության հիմքեր գտնել, եւ քանի որ ՀՀԳ-ները բավարարում են օրենքով սահմանված շրջանառության հարկ վճարող համարվելու պայմաններին եւ հանդիսանում են շրջանառության հարկ վճարողներ, բոլորին հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ դարձնել ԱԱՀ վճարողներ: Սակայն ստուգողներն իրենց համար «հետաքրքիր» փաստեր արձանագրեցին: Նախ՝ բացահայտեցին, որ յուրաքանչյուր ՀՀԳ աշխատում է ինքնակառավարման սկզբունքով, ասոցիացիայի եւ մնացած երեք բաժնետերերի կողմից փաստացի կառավարում չի իրականացվում, ասոցիացիան, ի դեմս իր հիմնադրած խորհրդատվական ընկերության, բացի ՀՀԳ-ներից խորհրդատվական ծառայություններ է մատուցում նաեւ այլ գրասենյակների եւ հաշվապահների, ամեն ՀՀԳ ունի առանձին իրական սեփականատեր: Եվ ստուգողների այն հարցին, թե՝ չե՞ն կարող արդյոք մնացած ՀՀԳ-ների հետ մեկ կազմակերպությունով աշխատեն, բոլոր սեփականատերերը զարմացած պատասխանել են՝ որ նույն բանն է, Հայաստանում կամ իրենց քաղաքում գործող բոլոր հաշվապահական ծառայություններ մատուցող անձինք կարող են նույն կազմակերպությունով աշխատեն, այսինքն՝ խոշոր բիզնես տրոհելու ոչ մի հայտանիշ առկա չէր: Յուրաքանչյուր ՀՀԳ ինքնուրույն է որոշում իր կողմից մատուցվող ծառայությունների գները, բոլոր պայմանագրերը հայտարարագրվել են: Այսինքն՝ մատուցվող ծառայությունների գները բարձր կամ ցածր պահելու, հարկվող շրջանառությունները ցածր ցույց տալու միջոցով բարձր եկամուտներ ստանալու նպատակով համաձայնեցված գործունեություն առկա չէր: Ստուգման արդյունքում ձեռք բերված կամ ստացված տեղեկությունների հետագա իրացման գործընթացը կասեցվեց եւ ընդհանուր տնտեսական շահերից ելնելով՝ փոխկապակցված անձանց կողմից համաձայնեցված գործելու վերաբերյալ որոշում չընդունվեց, քանի որ ստացված մեծածավալ տեղեկությունները եւ բացահայտումները հաստատեցին, որ փոխկապակցվածության հիմքեր առկա չեն:

Ինչ վերաբերվում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի մեկ այլ հաշվապահական կազմակերպության համասեփականատեր լինելու հանգամանքով պայմանավորված ստուգումներ իրականացնելու հնարավոր ենթադրությանը, ես դա բացառում եմ, քանի որ դրա մասին է վկայում իրականացված ստուգումների արդյունքում ՊԵԿ-ի ցուցաբերած օբյեկտիվ մոտեցումը եւ այսօրվա դրությամբ բոլոր ՀՀԳ-ները շրջանառության հարկի համակարգում աշխատելու հանգամանքը: Ես այդ ստուգումները կապում եմ ավելի շատ հեղափոխությունից անհիմն ոգեւորված եւ ստվերում գործող մեկ-երկու հաշվապահի հնարավոր բողոքների հետ, որոնց բողոքներով բարձրացված հարցերի իսկությունը ստուգելու նպատակով ՊԵԿ-ը, հավանաբար, դրանց պետք է ընթացք տար: Անհիմն եմ համարում, որովհետեւ այդ նույն հաշվապահները պետք է գիտակցեն, որ հեղափոխությունը «իրենց համար չի արվել», այլ՝ «իրենց դեմ է արվել» եւ այսուհետ պետք է նման բողոքների հույսին մնալու փոխարեն աշխատեն «սպիտակ» դաշտում, միաժամանակ զարգացնելով իրենց մասնագիտական հմտությունները եւ բարձրացնելով հաճախորդների սպասարկման որակը՝ մրցակցությանը դիմանալու համար:

-Եթե այդքան փոքր է ստացվելիք շահաբաժինները, ի՞նչ կանեին ՀՀԳ սեփականատերերը, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ճանաչվեին փոխկապակցված կամ հարկային օրենսգրքի վերջին նախագծով նախատեսված դրույթը մնար եւ դառնային ԱԱՀ վճարողներ:

-Նախ ՀՀԳ-ի սեփականատերերը լինելով մասնագետներ, խորապես համոզված են, որ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս, որպեսզի իրենց ինքնուրույն կառավարվող եւ ընդամենը ասոցիացիայից վճարովի հիմունքներով խորհրդատվական ծառայություններ ստացող գրասենյակները ճանաչվեն փոխկապակցված: Քննարկումների ժամանակ բոլորն էլ ասեցին, որ եթե անգամ ինչ-ինչ հնարավոր սուբյեկտիվ նկատառումներից ելնելով նման բան տեղի ունենա եւ ՊԵԿ-ը նման սուբյեկտիվ որոշում կայացնի, ապա որոշումը դատական կարգով մինչեւ վերջին ատյան կբողոքարկեն: Ընդորում, համոզմունքը բավականին մեծ էր, որ դատական կարգով այդ որոշումը ուժի մեջ չէր մնա, քանի ոլորտի բազմաթիվ պրոֆեսիոնալներ նույնպես հաստատել էին փոխկապակցվածության հիմքերի բացակայությունը: Այնուամենայնիվ, անկախ բողոքարկման ընթացքից եւ արդյունքներից, բոլորն էլ միահամուռ պնդեցին, որ եթե իրենք, ի տարբերություն մնացած շատ ու շատ ՓՄՁ ոլորտի հաշվապահների, պատշաճ ձեւով գործում են օրենքի տառին համապատասխան եւ օրենքի տառին համապատասխան վճարում են իրենց հարկերը եւ այդքանից հետո պետությունը այս կամ այն եղանակով կասի՝ «Դա էլ քիչ է, պետք է մոտ 4 անգամ ավել վճարեք», միանշանակ բողոքարկելուն զուգընթաց կդադարեցնեն ֆորմալ գործունեությունները եւ մնացածի պես կգործեն ստվերում: Իսկ ինչ վերաբերվում է ասոցիացիայի հետ համագործակցելուն, ապա նույն պատրաստակամությամբ, որպես ֆիզիկական անձինք, ասոցիացիային կվճարեն անդամավճարներ եւ կհամագործակցեն: Ի ուրախություն բոլորիս, այդպիսի բան տեղի չունեցավ:

-Այս տարեսկզբին Դուք հրապարակային քննադատեցիք հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծերի որոշ դրույթներ. հնարավո՞ր է ՊԵԿ-ը նորից ստուգումներ իրականացնի ՀՀԳ-ներում՝ Ձեր հանրային ակտիվության պատճառով:

-Հարկային օրենսդրության այն դրույթները, որոնք ըստ մեր ասոցիացիայի դիրքորոշման ճիշտ կարգավորումներ չեն ենթադրել, միշտ էլ կառուցողական քննադատության են ենթարկվել մեր կողմից ե՛ւ նախորդ իշխանությունների, ե՛ւ ներկա իշխանությունների օրոք, ինչպե՛ս մամուլի ասուլիսների ընթացքում, այնպե՛ս էլ ՊԵԿ-ի, Ֆինանսների նախարարության եւ ՀՀ վարչապետին կից ՓՄՁ զարգացման հասարակական խորհուրդներում: Նմանատիպ քննադատությունները գործող կառավարությունների ներկայացուցիչները պետք է ընդունեն առանց անձնական ամբիցիաների, որպես պետական կառավարման համակարգի աշխատանքը արժեւորող գործիքներ: Ո՛չ նախորդ իշխանությունների, ո՛չ էլ կարծում եմ, գործող իշխանության օրոք, նման նկատառումներով մեր մոտ ստուգումներ չեն իրականացվի:

-Եվ վերջում, ի՞նչ նոր ծրագրեր ունեք կապված Ձեր գործունեության հետ:

-Մոտ ապագայում ծրագրում ենք ամբողջական ավարտին հասցնել՝ հաշվապահական նոր ծրագիրը, որով պետք է աշխատեն գրասենյակները, հարկային հաշվառման ստուգաթերթերը, որոնց օգնությամբ գրեթե կզրոյացվեն գրասենյակների աշխատողների սխալվելու ռիսկերը, պլանային օրենսդրական իրազեկումների համակարգը, որոնց միջոցով գրասենյակների աշխատողները ամեն աշխատանքային օր իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան տվյալ օրվա հետ կապված օրենսդրական իրազեկումներ, ասոցիացիայի անդամների որակավորման հարցաշարերը, որոնց միջոցով բոլոր անդամները կհանձնեն քննություններ եւ կստանան որակավորման աստիճաններ: Ասոցիացիան հավատարիմ է մնում իր առաքելությանը եւ իր աջակցությամբ ամեն ինչ անելու է, որպեսզի անդամ հաշվապահները իրենց հաճախորդներին սպասարկեն անսխալ, ժամանակին եւ հոգատար, ունենան գոհ ու բավարար, օր օրի ավելացող հաճախորդների «բանակ»:

Միաժամանակ օգտվելով առիթից համագործակցության կոչ ենք անում Երեւանում եւ մարզերում գործող հաշվապահներին համագործակցել ասոցիացիայի հետ՝ վերոնշյալ մոդելով:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

12.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Nor says:

    Հեղափոխությունը իսկը քո նմանների դեմ էր,որ այսօր բոլոր կայքերում ՓԻԱՌ ով ես զբաղվում(նոր իշխանության աչքին սուրբ երևալու համար)քանի որ քո հովանավոր,ինպես նաև ընկեր և գործընկեր Միրումյան ը այլևս դեր և տեղ չունի ՊԵԿ֊ում և այսօրվա չինական պատենդ շոխքդ հիշեցնելու համար լրագրողների հույսին ես մնացել:Նախորդ տարիներին արված անօրինականություններդ արդեն իսկ ջրի երես են դուրս գալիս և ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ ԵՍ ԿԱԽՎԵԼ ԱՐԴԵՆ:

    • Anonymous says:

      Փաստորեն հոդվածում որ նշված է. «Անհիմն եմ համարում, որովհետեւ այդ նույն հաշվապահները պետք է գիտակցեն, որ հեղափոխությունը «իրենց համար չի արվել», այլ՝ «իրենց դեմ է արվել» եւ այսուհետ պետք է նման բողոքների հույսին մնալու փոխարեն աշխատեն «սպիտակ» դաշտում», Ձեր արձագանքով բացահայտեցիք, որ այո՛ հենց Ձեր կեղծ բողոքի հիման վրա են ստուգումներ արել ՀՀԳ-ներում: Շատ լավ գիտենք ով ես, նույն բողոքում էլ երևի նշել էիք անօրինականությունների մասին, բայց ստիպված եք ընդունել, որ ՀՀԳ-ները աշխատել և աշխատում են օրենքի տառին համապատասխան, հակառակ դեպքում ՊԵԿ-ի օբյեկտիվ ստուգման արդյունքում վերջիններս խնդիրներ կունենային: Ինչպես ասում են՝ հանգիստ նստեք տեղներդ, թե չէ անօրինականությունների մասով ընտանիքով հանդերձ շատ խնդիրներ կունենաք:

  2. Ստյոպիկ says:

    Նախկինում ես էլ եմ Ասոցիացիայի հետ համագործակցել, սակայն չգիտեմ խելքիս ինչ փչեց դադարեցրի համագործակցությունը և սկսեցի առանց իրենց խորհրդատվության աշխատել, արդյունքում շատ լուրջ խնդիրներ ունեցա՝ հաճախորդների դժգոհությունը օր-օրի շատացավ և հաճախորդներիս մեծ մասը կորցրեցի, հիմա փոշմանել եմ, բայց երես չունեմ նորից դիմեմ համագործակցության համար:

  3. ԱՁ Նարինե Աբրահամյան says:

    Իրականացնում եմ պարենային ապրանքների մանրածախ առևտուր և երկար տարիներ է աշխատում եմ Իջևանի ՀՀԳ-ի հետ, բնականաբար անթերի չեն աշխատում, սակայն իրականում տարբերվում են մնացած հաշվապահներից իրենց իրազեկվածությամբ, հետները պայմանագիր կնքելուց հետո մոռացել եմ վերջին անգամ երբ եմ վարչական մուծել, բանկ էլ չեմ գնում, վճարումներն էլ են անում իմ փոխարեն, բանկերում հերթեր կանգնելուց պրծա: Միաժամանակ ասեմ, որ ՊԵԿ-ի հետ կապ ունեն էնքանով, ինչքանով օրենքի շրջանակում պաշտպանում եմ մեր շահերը, չէի ասի թե հարկայինի հետ էդքան լավ են, հարկայինում իրենց շատերը չեն սիրում:

  4. Արմինե says:

    Նորմալ է, որ թույլ հաշվապահները բողոքեն, քանի որ Ասոցիացիայի անդամ հաշվապահները անհամեմատ որակյալ են սպասարկում, Ասոցիացիայի խորհրդատվությունները օգնում են ճիշտ ժամանակին ու անսխալ աշխատել, ինչպես կարելի է բողոքել, ստեղծվել են բոլոր հնարավոր պայմանները, որ հաշվապահը կարողանա որակով սպասարկել իր հաճախորդին: Արդյունքում ունենք միայն գոհ հաճախորդներ, որոնց թիվը գնալով աճում է:

  5. Մարգարյան Նարե says:

    Բայց լավ PR-են արել ՀՀԳ-ներին, ես նախկինում Հրազդանի ՀՀԳ-ի հետ էի աշխատում, երկու տարի առաջ դժգոհ էի իրենց սպասարկումից, պայմանագիրը խզեցի հետները ու հիմա աշխատում եմ Աբովյանի ՀՀԳ-ի հետ, բայց ասում են հիմա Հրազդանի ՀՀԳ-ում էլա իրավիճակ փոխվել:) անձնակազմը լրիվ փոխվելա, ընկերուհիս շատ գոհա, բայց մեկա հետ չեմ գնա:

  6. Aram says:

    Ո՞վ ես դու։Հիմա էլ գրասենյակիդ աշխատողներիդ ես հրամայել քո նմանին գովասանք անե՞ն։Ինքնահաստատվելու կարիք ունես դեռ այդ տարիքիդ։

  7. Ashot says:

    Դե հիմա ոնց չասեմ, թե ինչքան գոհ եմ Չարենցավանի ՀՀԳ-ի աշխատողներից, օգնում են բոլոր հարցերում: Եթե հանկարծ որևէ բան է փոփոխվում օրենքներում, արագ տեղեկացնում են բոլոր ռիսկերի մասին: Ինձնից շատ են մտածում իմ բիզնեսի մասին: Նախկինում առանձին հաշվապահ ունեի, ում պատճառով շատ խնդիրներ ունեցա, հետո խորհուրդ տվեցին դիմել գրասենյակին, հիմա շատ գոհ եմ ու խորհուրդ եմ տալիս բոլորին:

  8. Մ. Գարեգին says:

    պարոն Համբարձումյան շատ լավ է, որ բոլոր հարցերին գրագետ ու կոնկրետ պատասխանում եք, բայց ես տարբեր ԱՁ ներով միաժամանակ աշխատում եմ երկու տարբեր հհգ-ների հետ, տարբեր քաղաքներում են գործում դրանք, և ասեմ, որ շատ են իրարից տարբերվում սպասարկումով, մի տեղ շատ լավ է, մյուս տեղը ահավոր, զանգերին էլ չեն նորմալ պատասխանում, լավ կլինի օրենսդրական խորհուրդներ տալուց բացի նաև սովորացնեք հաճախորդներին գրագետ սպասարկելը, չէ որ դա էլ է փմձ-ի համա կարևոր

  9. SIPAN says:

    Արտաշատի ՀՀԳ-ի հետ եմ աշխատում, ՀԴՄ-իս ձեռքբերումը սաղ իրանք արեցին, Երևան չգնացի էլ, մեր հետ կապված իրանք մենակ ՊԵԿ-ում չեն ներկայացնում մեր շահերը, համայնքապետարանում, վիճվարչությունում, բնապահպանականում, շատ տեղեր են մեզ ներկայացնում, էսքան տարի աշխատում եմ հետները մենակ առաջին անգամ ռեգիստր եմ գնացել, մնացած հարցերով լիազորագիր եմ տվել իրանք են պետական մարմիններ գնում: Մենակ հաշվապահություն չեն անում, ՀԴՄ են սպասարկում, ՀԴՄ կտրոններ են տրամադրում, կնիքներ են սարքում, ամբողջական շղթան փակում են, լավ կլինի պետռեգիստրին էլ տան իրենց՝ պետական մարմիններից լրիվ կպրծնենք: Բայց մեկա մի քիչ հումորով բայց իրանց միշտ ասում եմ, ոնց որ պետական կառույց լինեն:

  10. Էլ Էդ Մեդ ՍՊԸ says:

    Մեկ տարուց ավել է, ինչ համագործակցում ենք Չարենցավանի հաշվապահական գրասենյակի հետ։ Սպասարկման բարձր որակ, հարցերի արագ, հնարավորինս անսխալ պատասխաններ։ Անհնար է դժգոհ լինել և բացասական տպավորություններ ունենալ նման կառույցների աշխատանքից։

  11. AG Production says:

    Վանաձորի ՀՀԳ-ի բացման օրվանից իմ ԱՁ-ի հաշվապաությունը կազմակերպում է Վանաձորի ՀՀԳ-ն, անչափ շնորհակալ եմ բոլոր աշխատակիցներից, իրենց և մարդկային որակի համար և աշխատանքային պրոֆեսիոնալիզմի համար: Առավել ուշադիր ամեն մի տառին ու կետին: Մասնագիտական բարձր որակ: Համոզված եմ, որ մեր քաղաքի ՀՀԳ-ի շահառուները համակարծիք են: Շնորհակալ ենք, որ դուք կաք …

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031