Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Հայաստանում նոր իշխանություն է ձեւավորվել, որը նախորդի նման գաղջության մեջ մեղադրում է լրագրողներին. «Հրապարակ»

Մարտ 12,2019 11:45

Սերժ Սարգսյանը երկրում ստեղծված գաղջ մթնոլորտի համար մեղադրում էր լրագրողներին։ Այսօր Հայաստանում նոր իշխանություն է ձեւավորվել, որը նախորդի նման գաղջության մեջ մեղադրում է լրագրողներին։ Փաշինյանը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ուրիշների գրած տեքստերը չի կարդում, առհասարակ՝ չի կարդում, նա խոսում է հիմնականում բանավոր, ունի լավ հղկված ու մշակված խոսք եւ ճկուն լեզվամտածողություն։ Բայց բանավոր խոսքը միշտ ունի սայթաքելու, վրիպելու, էմոցիաների տակ ավելորդ բաներ ասելու վտանգ։ Փաշինյանը լրագրողների ու քաղաքացիների հետ շփվելու, հարցերին պատասխանելու առիթը բաց չի թողնում։ Նա, ի տարբերություն նախորդի, հասանելի է ու շփումներում՝ չկոմպլեքսավորված։ Սակայն նա նույնպես հետ չի մնում իր նախորդներից եւ ասում է խոսքեր, բառակապակցություններ, նախադասություններ, որոնք դառնում են «թեւավոր» խոսքեր։ Ամենաառաջին բառը, որը դարձավ այս իշխանության եւ ապրիլյան իրադարձությունների սիմվոլը, «դուխով»-ն էր։ Այն մտավ տներ, փողոցներ, հայտնվեց մարդկանց վերնաշապիկներին, գլխարկների, պոլիէթիլենային տոպրակների վրա եւ ամենուր, որտեղ անգամ հնարավոր չէ պատկերացնել։

Հետո եկավ ավելի կոշտ կոչերի փուլը։ Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ում խոսքերի հասցեատերը հիմնականում շարքային քաղաքացին էր, Փաշինյանի խոսքի սլաքն սկզբում ուղղված էր օլիգարխներին, ՀՀԿ-ականներին, նրանց համակիրներին։ Քարոզարշավները, առհասարակ, լավ առիթ են երկրի ղեկավարի բառաֆոնդն իր ողջ «հմայքով» լսելու եւ զգալու համար։ Եթե Սարգսյանի բառաֆոնդը հիմնականում բացվեց նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ապա Փաշինյանինը՝ Երեւանի ավագանու ընտրություններին։ Նա «սեւերին» նախ «պառկեցրեց ասֆալտին, ծեփեց պատին»։ Ոչինչ, որ օլիգարխները հետո դարձան «պուպուշ» խոշոր սեփականատերեր, բայց ասֆալտին փռվելու եւ պատին ծեփվելու հեռանկարի վախը մինչեւ հիմա չի լքում նրանց։ ԱԺ ընտրությունների նախաշեմին Փաշինյանն անձամբ «մտավ» գյուղապետարաններ, բռնեց «խաղեր տվող» ՀՀԿ- ական գյուղապետերի վզից եւ «դուրս շպրտեց»։ Այդ ելույթից հետո բոլոր ՀՀԿ-ական գյուղապետերը լծվեցին ՔՊ-ի համար ակտիվ քարոզչություն անելու «սուրբ» գործին։

Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանն առաջին անգամ այցելեց Տավուշի մարզ, մտավ Իջեւանի գարեջրատներից մեկը՝ գարեջուր խմելու։ Մի թոշակառու տղամարդ մոտեցավ նրան եւ նեղսրտեց, թե թոշակն այնքան քիչ է, որ կոմունալները վճարելուց հետո տակը փող չի մնում՝ գարեջուր խմելու։ Փաշինյանը գտավ հարցի լուծումը. «Դուք էլ առաջ գարեջուր խմեք, նոր մնացած բաներն արեք»։

«Հանգիստ նստե՛ք տեղներդ» արտահայտությունը զգաստացնող հրամայական է Փաշինյանի կարծիքին հակադրվող յուրաքանչյուր քաղաքացու եւ պաշտոնյայի համար։

Հասարակության զգալի հատվածը մինչ օրս փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում իր «խելքից թոփալ» գլխի հետ, որ ինքն աղքատ է, այդքան վատ է ապրում, քանի որ վարչապետը գտել է գաղտնիքը՝ աղքատությունը մարդկանց գլուխների մեջ է։ «Ժողովրդական բանահյուսությունը» հարստացնելու գործում թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Փաշինյանին օգնում են իրենց թիմակիցները։ Եթե Սարգսյանի հիմնական օգնականը Գալուստ Սահակյանն էր՝ իր մտքի «գոհարներով», ապա Փաշինյանին օգնում է մի ամբողջ թիմ՝ իրենց 40 հազար հա կաթիլային ոռոգման ցանցով, երեխա ունենալու առանձնահատկությամբ օժտված կանանցով, փետրվարի 31-ով եւ այլն։ Ցանկը կարելի է երկար շարունակել։

Իսկ Փաշինյանի վերջին գրառումներից մեկը սկսվում է «Արա, էս ի՞նչ էր» արտահայտությամբ։ Դժվար է այն ընկալել որպես երկրի ղեկավարի, մտավորականի գրառում։ Եվ ակամա ուզում ես արձագանքել. «Համարները հանենք, իջնենք ձոր»:

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031