Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղյա՞կ եք, որ Զատուլինը նպատակ ունի նպաստելու Հայաստանում տապալված քաղաքական ուժերի համախմբմանը և նրանց ռևանշին. Յուրի Նավոյան

Մարտ 12,2019 11:03

Մարտի 5-ին Մոսկվայի ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը աշխատանքային կարգով ՀՀ ղեկավար դեմքերին ուղղված մեկ գրությամբ «Լազարյան ակումբի» գործունեության և նրա նկատմամբ ՀՀ պետական ինստիտուտների վերաբերմունքի մասին տրամաբանական հարցադրումներ է կատարել:

Շաբաթվա ընթացքում գրության հետ տեղի են ունեցել որոշ գործընթացներ, ինչը, մեղմ ասած, պատիվ չի բերում դա թույլ տված ՀՀ հաստատությանը: Այսօր այդ գրությունը հրապարակվում է բաց նամակի տեսքով:

 

Բաց նամակ

 

ՀՀ նախագահ պարոն ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀՀ վարչապետ պարոն ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀՀ ԱԺ նախագահ պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

ՀՀ ԱԽ քարտուղար պարոն ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

 

Պարոնա’յք ղեկավար այրեր,

 

Մոսկվայում Հայաստանի պետական և հայկական ազգային շահերով գործող, Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխությունները ողջունած, դրանց մասնակցած և մասնակցող, ռուսաստանյան պետական և քաղաքական կառույցների հետ համագործակցության արժանապատիվ ծրագրեր իրականացնող հայկական քաղաքագիտական և համայնքային շրջանակի կողմից լիազորված եմ Հայաստանի Հանրապետության ղեկավարության ուշադրությունը հրավիրել որոշ խնդիրների վրա:

 

Եթե իր առաջին իսկ նիստից  ակնհայտորեն Հայաստանի պետական շահերի և գործող իշխանությունների դեմ հանդես եկող «Լազարյան ակումբի» ներկա մոսկովյան  նիստին պետք է մասնակցեին Հայաստանի պետական ինստիտուտների և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, ապա տրամաբանորեն առաջանում են հետևյալ հարցերը.

– ինչո՞ւ երբ Կոնստանտին Զատուլինը նախորդ տարվա հոկտեմբերին «Լազարյան ակումբի» ստեղծման գաղափարը քննարկելու նպատակով Երևան եկավ,  նրան որևէ պետական ինստիտուտ չընդունեց և նախաձեռնությունն էլ չողջունվեց (բացի Հանրապետական կուսակցությունից և նրա ներկայացուցիչ պաշտոնյաներից),

– ինչո՞ւ նախորդ տարվա նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին Երևանում տեղի ունեցած «Լազարյան ակումբի» առաջին նիստին պետական ղեկավար այրերը  և իշխող ուժի ներկայացուցիչները չմասնակցեցին,

– ներկայումս մոսկովյան նիստին մասնակցող պետական ինստիտուտների և իշխող ուժի ներկայացուցիչները ցանկանում են Զատուլինի միջոցով հարաբերություններ հաստատել ռուսաստանյան իրենց գործընկերների, կամ էլ ակումբը ֆինանսավորող հայ օլիգարխների հե՞տ: Երկու դեպքում էլ լուրջ հարցեր են առաջանում:

– միգուցե մասնակցելով պրոքոչարյանական ակումբի նիստին, որոշ պետական ինստիտուտներ ընդառաջում են վերջերս տարբեր խողովակներով Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՌԴ-ից իրենց փոխանցվող ուղերձների՞ն: Այս դեպքում ավելի լուրջ հարցեր են առաջանում:

– տեղյա՞կ եք, որ ակումբի գործունեության համար հայկական կոնկրետ շրջանակներից ֆինանսական միջոցներ հավաքող Զատուլինը նպատակ ունի նպաստելու Հայաստանում տապալված քաղաքական ուժերի համախմբմանը և նրանց ռևանշին: Միայն վերջերս է պարզվել, որ ակումբի մասին հայտարարության գաղտնի ստորագրողներից մեկն էլ Վիգեն Սարգսյանն է, իսկ ակումբի առաջին և երկրորդ նիստերի մասնակիցների կազմի որոշումը և հրավերների առաքումը համակարգվել են Հանրապետական կուսակցության կողմից: ԱՊՀ երկրների ինստիտուտի երևանյան մասնաճյուղը ընդամենը ձևական կատարողի դերում է եղել:

Այս և նման այլ հարցադրումներով առաջիկայում հնարավոր է, որ հայ քաղաքագետների մեկ կազմով հանդես գանք բաց նամակով:

Հավելեմ, որ մենք նախորդ տարվա հոկտեմբերին ստորագրել ենք հայ-ռուսական երկխոսության հասարակական հարթակ ստեղծելու մասին հայտարարությունը, քանի որ ընդունվել են մեր առաջարկած պայմանները դրա երկկողմանի բնույթի և բաց գործելաոճի անհրաժեշտության վերաբերյալ:

Բայց նոյեմբերին տեսնելով, որ դրա գործնականացման փուլում նախաձեռնությունը դառնում է ռուսաստանյան մեկ գործչի քաղաքական ու ֆինանսական հետաքրքրությունների բավարարման միջոց, դրսևորում է քաղաքական նախապատվություն ու սպասարկում է կոնկրետ անձերի ու քաղաքական շրջանակների շահեր, հրապարակայնորեն դեմ ենք արտահայտվել նման ընթացքին, կասեցրել ենք մեր մասնակցությունը գործընթացին և սկզբունքորեն չենք մասնակցել «Լազարյան ակումբի» նիստերին:

 

Հարգանքով`

ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ

ՅՈՒՐԻ ՆԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Заявление: “Необходимо сотрудничество для реализации новых эффективных российско-армянских программ” – Новости

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031