Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. Համանախագահների հայտարարության տոնայնությունը և ոճը տարբերվում էր նախկինում արված հայտարարություններից

Մարտ 12,2019 10:36

Բոլորն արդեն ծանոթ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների վերջին հայտարարությանը: Անկախ քաղաքական գործիչների և փորձագետների շրջանում հայտարարության բովանդակության, իրական դրդապատճառների և հետապնդվող նպատակների վերաբերյալ կարծիքների ամենալայն սպեկտորի առկայությունից, մի բանում շատերը համակարծիք են՝ հայտարարության տոնայնությունը և ոճը տարբերվում էր նախկինում արված հայտարարություններից: Այս մեկը կտրուկ էր, իսկ ոճը՝ վերջնագրային:

Ըստ իս այն արտահայտում է համանախագահողների լուրջ մտահոգությունը կապված ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների հետագա ընթացքը վերահսկողությունից դուրս գալու հնարավորության հետ: Թերևս դա է պատճառը, որ համանախագահները պահանջ են ներկայացնում կողմերին վերադառնալ, ըստ էության, մադրիդյան սկզբունքների շուրջ քննարկումներին: Այդ նպատակով առաջարկում են կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից կամ առաջարկություններից, որոնք կարող են վնասել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը:

Համանախագահողներն իրենց հայտարարությունն անում են Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ: Ուստի գնդակը, ինչպես ասում են, հակամարտող կողմերի դաշտում է:

Մեզ համար Գլխավոր խնդիրը հետևյալն է՝ ինչպիսի՞ն պետք է լինի հայկական կողմի դիրքորոշումը, հատկապես կապված Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղանին բերելու իմպերատիվ հնչեցրած առաջարկի հետ: Չէ՞ որ ակնհայտ է, որ այդ առաջարկը առավելապես համապատասխանում է բուն կոնֆլիկտի թե՛ քաղաքական և թե՛ իրավական էությանը: Սակայն հասկանալի է, որ ադրբեջանական կողմը կաշխատի այն օգտագործել որպես պատրվակ հայկական կողմին բանակցությունները փակուղի մտցնելու մեջ մեղադրելու, հետևաբար ուժային ճանապարհով խնդիրը լուծելու իր մարտավարությամբ շանտաժի ենթարկելով՝ բանակցային սեղանի շուրջ դիրքային առավելություն ստանալու նպատակով:

Ուստի ո՞րը պետք է լինի մեր մոտեցումը: Արդյո՞ք մենք պետք է ետ կանգնենք այդ առաջարկից: Ըստ իս ներկա փուլում բանակցային գործընթացը վերսկսելը պետք է դիտել ռազմավարական կարևորության խնդիր, միաժամանակ մենք չենք կարող հրաժարվել բանակցային գործընթացի առանցքային կարևորության բաղադրիչին հետամուտ լինելուց:

Կարծում եմ մեր արտգործնախարարությունը պետք է հանդես գա հայտարարությամբ, որում, ղեկավարների հանդիպմանն ընդառաջ, պետք է հնչեցնի այն թեզը, որ առաջարկելով և հիմնավորելով Արցախի անմիջական մասնակցությունը բանակցություններին, հայկական կողմն առաջնորդվում էր այն պարզ և ԵԱՀԿ կողմից ընդունված ընկալումով, որ հակամարտությունը Ադրբեջանի և Արցախի միջև է, այն հետապնդում է բացառապես Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչման և անվտանգության համապատասխան իրավաքաղաքական երաշխիքների ձևավորման նպատակ և որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես կողմերի միջև տարածքային վեճի կարգավորմանը միտված գործընթաց: Վերջինն ակնհայտ ենթադրելի է դառնում, եթե բանակցություններում կողմեր են դիտվում Հայաստանն ու Ադրբեջանը: Արցախին բանակցություններում որպես կողմ անմիջապես ներգրավելու առաջարկով հայկական կողմը հակամարտության կարգավորման բանակցությունների իրական բովանդակությունը վերականգնելու և դրանք ավելի առարկայական դարձնելու նպատակ է հետապնդում: Մեր ԱԳՆ-ն պետք է հայտարարի, որ մենք նշված ընկալումներով շարունակում ենք մնալ հարազատ բանակցությունների ոգուն և տառին՝ երկու երկրների ղեկավարների հանդիպմանն ընդառաջ: Այդ դիրքորոշմամբ պայմանավորված հայկական կողմը չի կարող որպես բանակցությունների առարկա դիտել նաև տարածքների վերադարձի վերաբերյալ որևէ հարցադրում:

Մինսկի խմբի համանախագահողների վերջին հայտարարությամբ հետապնդվող նպատակները հասկանալու համար, ըստ իս կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ խնդրի լուծման նպատակով որևէ ուժային նախաձեռնություն չի կարող մնալ լոկալ Ղարաբաղա-ադրբեջանական ռազմական առճակատման շրջանակներում (ի տարբերություն 2016թ ապրիլի): Բանն այն է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում հասկանալի գործոնների ազդեցության պատճառով էապես տարբերվում է 2016-ից: Հարավային Կովկասը կարող է վեր ածվել տարածաշրջանային պատերազմական մի թատերաբեմի՝ ներքաշելով բոլոր հնարավոր դերակատարներին՝ Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան և տարածաշրջանում շահեր ունեցող այլ երկրներ (ներառյալ ԱՄՆ, Չինաստան): Այնպես որ Ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքական կշիռը էական փոփոխության է ենթարկվել և այս հանգամանքը պահանջում է հայկական կողմից գործնականում ավելի ճկուն, շրջահայաց և ոչ օրդինար արտաքին քաղաքական մոտեցումներ:

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ

https://www.facebook.com/khosrov.harutyunyan.5/posts/121574198945216

https://www.facebook.com/khosrov.harutyunyan.5/posts/121579018944734

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031