Լրահոս
Օրվա լրահոսը

Անդունդը հնարավոր է հաղթահարել մեկ թռիչքով

Մարտ 12,2019 10:00
trichq

Իր վերջին հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համեմատություն է անցկացրել ներկա իշխանության եւ ՀՀՇ-ի միջեւ: Նա խոսել է իրեն հատուկ չարությամբ, որովհետեւ 1990-ականների սկզբին ՀՀՇ-ականները Քոչարյանին մի տեսակ վերեւից էին նայում, եւ չնայած 1998-ից հետո երկրորդ նախագահն ամեն ինչ արեց իր նախկին զինակիցներից վրեժխնդիր լինելու համար, նրանց ճանապարհները 2008-ին կրկին խաչվեցին եւ այս անգամ եւս իրար հասցեի չափազանց տհաճ բաներ ասվեցին: Նույնիսկ հիմա ՀՀՇ-ի ժառանգորդ ՀԱԿ-ը եւ ընդհանրապես առաջին նախագահի կողմնակիցները խնդիրներ ունեն Քոչարյանի հետ: Ճիշտ է, խնդիրներ ունեն ոչ միայն նրանք:

Բայց եթե իսկապես փորձենք համեմատել 1988-ի եւ 2018-ի հեղափոխությունների արդյունքում իշխանության եկած ուժերին, ապա կարելի է նկատել հետեւյալը: Այսօր ավելի շատ է ուշադրություն դարձվում արտաքին ատրիբուտներին, հռետորաբանությանը եւ հասարակական կարծիքին, քան այն ժամանակ: Օրինակ, ՀՀՇ-ականների մտքով անգամ չէր անցնի իրենց իշխանության գալու օրը համաժողովրդական տոն հռչակել: «Նախորդ ռեժիմի մնացուկներին» բարոյապես ոչնչացնելու վրա էլ այնքան էներգիա չէր ծախսվում, որքան հիմա է նկատվում «նախկինների» հանդեպ մտասեւեռումը: (Առաջին նախագահի եւ ՀՀՇ-ի «բզիկը» Դաշնակցությունն էր, բայց դա այլ պատմություն է):

Փոխարենը 1990-ական թվականների սկզբին իշխանությունն ավելի մեծ ուշադրություն էր դարձնում ոչ թե հեղափոխական խոսքերին, այլ հեղափոխական գործերին: Բագրատյանի անցկացրած բարեփոխումների հասցեին առ այսօր անեծքներ են հնչում՝ «քանդեց», «թալանեց», «հաստոցները որպես լոմ ծախեց», «էլեկտրաէներգիան լափեց» եւ այլն: Նույնիսկ այսօրվա իշխանության երիտասարդ ներկայացուցիչներից ոմանք հավատում են ծնողներից լսած այս առասպելներին: Բայց բարեփոխումների գործն, այնուամենայնիվ, արվեց (իր թերություններով, բնականաբար):

Այսօրվա իշխանությունը, կրկնեմ, չափից դուրս շատ է սեւեռված հասարակական կարծիքի վրա: Այդպես գործն առաջ չի գնա: Եթե որոշում կա արգելել ծխախոտը փակ տարածքներում, ապա պետք է «վերցնել կացինը» եւ մեկ հարվածով այդ «ծուխը կտրել», եւ առողջապահության նախարարն այստեղ իրավացի է: Եթե նպատակ կա փոխել հարկային օրենսդրությունը, ապա պետք է լսել «տնտեսական բլոկի» պատգամավորներին, ոչ թե պահպանողական նախարարներին: Եթե անհրաժեշտ է պետական գերատեսչությունները բեռնաթափել «շարիկ գլորողներից», ապա պետք չէ լսել սոցիալական պոպուլիստների լացուկոծը: Թե չէ կամուկացի մեջ մնալով, կարելի է այնքան ձգել, որ ժողովրդական աջակցությամբ բացված պատուհանը կփակվի:

Մի խոսքով, տնտեսական եւ այլ ոլորտների հեղափոխությունը վճռականություն է պահանջում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Համաձայն եմ Ձեզ հետ, որ բարեփոխումներ իրականացնելու համար կտրուկ միջոցներ են պետք: Սակայն… Նախորդ համակարգը կարող ենք անվանել և անբարո, և անարդար, և հակապետական, ինչը որ արդարացի է, սակայն նույնիսկ նման բարոյական որակներով հանդերձ, դա համակարգ էր: Եվ այս բարեփոխումների ընթացքում, երբ դեմոնտաժի է ենթարկվում այդ համակարգը, դա այսպես թե այնպես, անդրադառնում է բոլոր մակարդակներում և ոլորտներում ներգրավված մեր հայրենակիցների շահերի վրա: Ինչը մենք տեսնում ենք այսօր: Նույնիսկ շատ գիտակից քաղաքացիներ շոշափելի և, ամենակարևորը, դրական, իրենց ՆՅՈՒԹԱԿԱՆ շահերի տեսանկյունից, արդյունքներ են ուզում տեսնել երկրի ԲՈԼՈՐ ոլորտներում և ըստ այդմ, միանշանակորեն չեն գնահատում բարեփոխման միջոցառումները: Արի և ապացուցիր մոլի ծխողին, որ ծխախոտի գնի բարձրացումը, դրական բարեփոխում է: Եվ այդ զանգվածը, հենց այն, «պատուհան բացող» զանգվածն է: Կարծում եմ, այդ պատճառով է, որ կառավարությունը չափից ավելի զգուշավոր է և ականջալուր հասարակական կարծիքի հանդեպ: Մենք մեր կտուրից նայելով, դժվար թե կարողանանք գործնական արժեքավոր խորհուրդներ տալ: Եթե մարդը կամ մարդկանց մի խումբ, հավաքնում են երկիր կառավարել, որոշումներ կայացնողն էլ իրենք են, պատասխանատվություն կրողն էլ նույնպես իրենք են: Հին և նոր ժամանակների սկզբունքային տարբերություններից մեկը նա է, որ եթե նախքին նախագահներից մեկը կարող էր ասել, որ ես տեղյակ չէի 0038 հրամանից, կամ նրա փաստաբանի ելույթից – «իմ ժամանակ է՞լ դատաիրավական համակարգը այս վիճակում էր», ապա այսօրվա կառավարությունը ամեն ինչից տեղյակ է: Մնում է զինվենք համբերությամբ և հուսանք: Իր բոլոր ենթադրվող վրիպումներով և սխալներով հանդերձ այս փուլը, միանշանակորեն, զարգացման փուլ է: Գոնե այնքանով, որ սրանից հետո, ժողովուրդը այլևս թալանչիներին չի հանդուրժի:

  2. Հ.Շ. says:

    Այս պահէն ետք, ներազգային ոչ միայն ամենածանր, այլ միա՛կ էական խնդիրը որ գոյութիւն ունի՝ Ռոբերտ Քոչարյանի բանտարկութիւնն է:

    Զինք ատողները, որոնք հաւանաբար արդէն մոռցած են իսկ որ մարդը ամիսներէ ի վեր բանտարկուած է, առանց որեւէ դատավարութեան, պիտի չհասկանան վերեւի հաստատումը, կամ զայն կարդան քմծիծաղով: Սակայն անոր ցաւը լաւապէս պիտի զգան, յառաջիկային: Որովհետեւ այդ գարշելի իրողութեան պատճառած ներազգային անասելի պառակտումին գինը պիտի վճարեն Հայաստանը եւ Արցախը – եւ այդ շատ ծանր գինը գանձողը պիտի ըլլան արտաքին թշնամիներուն. ոչ, հողի կամաւոր յանձնումի մասին չէ խօսքս, այլ մօտակայ անխուսափելի, ստոյգ պատերազմին, որու սկիզբը գոնէ, աննախադէպ անմիաբանութեան եւ ներքին խոր ատելութիւններու վիճակի մը մէջ պիտի ըլլան հայերը – :

    Մեծ սխալ կ’ընեն անոնք որոնք, ձեր այդտեղի իւրայատուկ անզգամութեամբ, մտային numbness-ով, լրիւ անտեսում են այս խնդիրը, չեն գիտակցում անոր ծանրութեան եւ տարողութեան:

    Այս աստիճան անարդարութեան մը վրայ հիմնուած Յեղափոխութիւն մը դատապարտուած է ձախողութեան: Ի վնաս ձեր երկրին, սակայն նաեւ համայն Հայութեան: Ափսոս:

  3. Լավատես says:

    Երբ մի քանի սերունդ խաղաղության մեջ է ծնվում ու մեծանում, նրա համար խաղաղությունը օդի նման բնական հարմարավետ ու անվերջ երեւույթ է թվում, իսկ պատերազմներն ընկալում է որպես թյուրիմացություն՝ անբնական ու վայրենի ու անցանկալի երեւույթ, բայց երբ նայում ենք ժամանակի երկար կտրվածքով, տեսնում ենք, որ պատերազմները նույնքան բնական են ու պարբերաբար, ինչքան ասենք անձրեւներն ու հրդեհներն, որոնք բնության համար նույնքան կենսական նշանակություն ունեն, ինչ օդն ու լույսը: Պատերազմները առողջ ազգերին պաշտպանում են այն հիվանդ ազգերից, որոնք թույլ են, կազմակերպված չեն, երբ անհատը ազգից ավելին է ստանում քան տալիս եւ երբ ազգն էլ անհատից է ավելին ստանում քան տալիս: Կարճ ասած, մենք պատերազմը պետք է ընկալենք որպես բնական երեւույթ եւ ինչքան շուտ ու լավ ազգը անհատներիս պատրաստի պատերազմներին, այնքան քիչ զոհ կտանք ու մեր ազգի ու մեզ անհատներիս օգտին կլինեն այդ պատերազմների արդյունքները: Անհատն ու ազգը համահունչ պետք է լինեն, որ երկուսով էլ հաղթենք ապագա կենաց մահու պատերազմներում: Կառավարությունը Հաղթանակի դրոշի տակ մեզ բոլորիս հավաքագրի ու կազմակերպի սփյուռքի հետ միասին՝ ամեն ինչ ռազմաճակատի համար, ամեն ինչ հաղթանակի համար կարգախոսով:

  4. Ruben says:

    Վախկոտը չի կարող հաղթահարել անդունդը:

  5. henri says:

    Շատ լաւ ներկայացուած է կացութիւնը ,որուն համաձայն եմ հակառակ դուրսէն դիտող ,բայց ամէն օր ուշի-ուշով հետեւող իմ դիրքիս ; Լրջութեան պակաս մը սկսած է մտնել նոր ղեկավարութեան մէջ որ զիրենք աստիճանաբար կը հեռացնէ իրենց հիմնադիր սկզբունքներէն ,տեղիք տալով հասարակ
    ՛՛պոպուլիզմի ՛՛ փորձութեան ;

    ;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031