Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը փորձության ենթարկվեց. Շարմազանովի պարտք մնացած խաշը հիշում է, Ռոբերտ Քոչարյանի ուղարկած բացիկը՝ ոչ

Մարտ 11,2019 23:00

«Առավոտը» նոր շարք է սկսում՝ «Փորձություն»: Մենք կփորձենք ամենատարբեր միջոցներով փորձության ենթարկել հասարակական, քաղաքական, մշակութային տարբեր դեմքերի ու պարզել՝ դիմակայո՞ւմ են, թե՞ ոչ:

Մեր առաջին փորձության ենթարկվողը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է: Նա 3 գումարման ԱԺ պատգամավոր է, հետեւաբար հատուկ մշակված թեստ-հարցաշարի միջոցով փորձեցինք պարզել՝ ինչքանո՞վ է հետեւել տարբեր քաղաքական ինտրիգների ու միջադեպերի, հիշո՞ւմ է աղմկահարույց այն մտքերը, դրվագները, որոնք եղել են նախորդ գումարման խորհրդարաններում:

-Պարոն Մարուքյան, կարո՞ղ եք ասել՝ ո՞ր պատգամավորն էր սպառնացել էր բռնաբարել նրանց, ովքեր որեւէ կերպ կվիրավորեն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ու նրա ընտանիքի անդամներին:

-Առաքել Մովսիսյան:

Խոսքը իսկապես ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի մասին է: Սա այն բացառիկ դեպքերից էր, երբ ԱԺ էթիկայի հանձնաժողովը գտել էր, որ խախտում կա պատգամավորի արարքում:

-Պաշտպանության նախարարի թասիբին կանգնել էր նաեւ մեկ այլ պատգամավոր: Ո՞ր պատգամավորն էր ասել՝ ականջներդ կկտրեմ լակոտ, որի համար դիմել էին Աժ էթիկայի հանձնաժողով:

-Շուշան Պետրոսյան:

Խոսքը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի մասին է, որը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին գրել էր՝ «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»: Այդ խոսակցությունը սկսվել էր այն բանից հետո, երբ օգտատերը Արցախում զինծառայողի զոհվելուց հետո գրել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից…»:

-Պատգամավորներից ո՞վ էր սեւ օբսիդիանից սառնարան բերել ԱԺ աշխատասենյակ, ինչը քննարկման առարկա էր դարձել:

-Մանվել Գրիգորյան:

Իսկապես ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն էր սառնարան,  տարբեր կենցաղային իրեր բերել ԱԺ իր աշխատասենյակ ու փորձել յուրովի կահավորել «կաբինետը», ինչը չէր վրիպել լրագրողների աչքից:

-Ո՞վ է հարձակման ենթարկվել իր տան շքամուտքի մոտ, որը, ինչպես հետո պարզվեց, «հայրենասիրական ապտակ» է եղել: Համենայնդեպս, այդպես որակեցին:

-Արամ Մանուկյան:

Խոսքը նախկին պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի մասին է: Նրան ապտակել էին՝ Սերժ Սարգսյանին հրապարակային հայհոյելու համար:

-Եթե ապտակների թեման շարունակենք՝ ընտրակարգի փոփոխության վերաբերյալ օրենքի քննարկման ժամանակ ԱԺ միջանցքում ո՞ր պատգամավորներն էին ընդհարվել, եղել էր ապտակ, այնուհետեւ ապտակողը մոտիկից ծանոթացել էր այսպես ասած «զոհի» ոտքի հետ:

-Սամվել Ֆարմանյանը եւ Լեւոն Զուրաբյանն էին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի մասնակցությամբ ԱԺ-ում նման ծեծկռտուք էր եղել: Սրա հետ կապված Զուրաբյանը պարզաբանել էր, որ հասկանում է Սամվել Ֆարմանյանին եւ ըմբռնումով է մոտենում նրա հոգեկան վիճակին, նեղվածությանը. «Մի քիչ մոտիկից է ծանոթացել իմ ոտքի հետ: Կարող եմ ասել, հաստատել` ելնելով օբյեկտիվությունից, որ իմ ոտքն անցել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանները, ավելին` խիստ նկատողություն եմ արել ոտքիս, նա խոստացել է այլևս նման բան չանել»:

-ԱԺ ո՞ր պատգամավորն էր գլուխ գովում, որ ինքը 8 հատ կնիկ ունի՝ 8 կին:

– Այ էդ մեկը չեմ հիշում, կարո՞ղ է Վարդան Այվազյանն էր:

Ոչ: Խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է: Երբ նրան հարցրել էին իր ավտոպարկի մասին, ասել էին՝ ճի՞շտ է, որ դուք 8 մեքենա ունեք, ասել էր, որ 8 հատ կնիկ ունեմ:

-Ո՞վ էր ասել՝ «Մատներովս կհանեմ նրանց աչքերը, ովքեր կփորձեն վարկաբեկել մեր քաղաքական ուժը»:

-Հեղինե Բիշարյանը:

Այո, մարդկանց այդպես սպառնացել էր ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, ինչի շուրջ աղմուկ էր բարձրացել:

-ԱԺ նիստերից մեկի ժամանակ դահլիճում թեժ բախում տեղի ունեցավ երկու պատգամավորների միջեւ համայնքների խոշորացման ծրագրի քննարկման ժամանակ։ Վիճաբանությունը հասավ նրան, որ պատգամավորները միմյանց դուրս հրավիրեցին՝ դրսում հարցերը քննարկելու։ «Վունդերկինդ, հանգիստ նստի տեղդ», – ասաց նրանցից մեկը՝ հավելելով՝ «էս օզվերին կերածներին հանգստացրեք, հա՞: Թե չէ ես կհանգստացնեմ»: Այս խոսքերից հետո երկար ժամանակ չէին կարողանում հանգստացնել երկուսին էլ: Ովքե՞ր էին վիճաբանողները, որոնք փորձում էին անցնել ձեռնամարտի:

-Չեմ հիշում:

Խոսքը Հրանտ Բագրատյանի եւ Վարդան Այվազյանի մասին է:

-Ո՞ր պատգամավորին էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական բացիկ ուղարկել, որը ոչ այլ ինչ էր, քան Հենրի Տուլուզ-Լոտրեկի` «Երկու կիսամերկ կանայք Մուլեն Ռուժում» կտավի պատկերը: Սա, ըստ էության, վիրավորանք էր տվյալ պատգամավորի համար:

-Ես այդ ժամանակ պատգամավոր չեմ եղել, չեմ կարող ասել: Ես 2012-ից եմ պատգամավոր, Քոչարյանը նախագահ չէր: Էդ մի հարցը հանեք, արդար չի:

Այդ պատգամավորը Զարուհի Փոստանջյանն էր: Քոչարյանը դա արել էր Փոստանջյանին վիրավորելու համար: Փոստանջյանը գնահատել էր Ռոբերտ Քոչարյանի օրիգինալ երեւալու ձգտումը եւ հասկացել, որ դա Ամանորի կապակցությամբ Քոչարյանին ուղարկած իր շնորհավորական բացիկի պատասխանն էր: Նա Քոչարյանին ուղարկել էր գանգերի նկարով բացիկ, որը խորհրդանշում էր նրա պաշտոնավարության տարիները մեր ժողովրդի համար:

-Վերջում կարո՞ղ եք հիշել, թե ո՞ր պատգամավորն էր հրապարակային խաշի հրավիրել Էդմոն Մարուքյանին:

-Շարմազանովը: Նա ասել էր՝ եթե ՀՀԿ-ն անցնի, մենք իրենք կտանենք խաշի, եթե մենք անցնենք, իրենք պետք է խաշի հաշիվը փակեն: Մի հատ խաշ պարտք է Շարմազանովը, բայց չենք ստացել:

Իսկապես ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանական վերջին ընտրություններից առաջ դիմելով Էդմոն Մարուքյանին՝ ասաց. «Ես, ի տարբերություն ձեզ, նախանձ չեմ, ձեզ հաջողություն եմ մաղթում եւ դեկտեմբերի 11-ին ձեզ հրավիրում եմ խաշի, պարոն Մարուքյան: Հաշիվը կփակի նա, ում կուսակցությունը անցնի պառլամենտ, կամ ում կուսակցությունն ավելի շատ ձայն հավաքի: Չմոռանաս, Էդմոն ջան, դեկտեմբերի 11-ին, տեղն էլ կորոշենք»:

Փորձության ենթարկեց՝ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031