«Ես ՆԱՏՕ-ի անունից կանոնավոր այցելում եմ ձեր երկիր եւ հաճելի է կրկին այստեղ գտնվելը: Իմ ամբողջ պաշտոնավարման ընթացքում եւ դրանից առաջ ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը կայուն եւ բովանդակալից հարաբերություններ են ունեցել առանց որեւէ քաղաքական բարդությունների»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Նրա ձեւակերպմամբ, իր հանդիպումները ՀՀ նախագահի հետ, պաշտպանության նախարարությունում, արտգործնախարարությունում եւ խորհրդարանում եւս մեկ անգամ վերահաստատեցին այն, որ Հայաստանը մտադիր է շարունակել կայուն քաղաքականություն եւ արտաքին հարաբերություններում եւ պաշտպանության բնագավառում: «Ես իմ զրուցակիցներին վստահեցրի, որ ՆԱՏՕ-ն նույնպես մտադիր է հաստատուն ուղին բռնած՝ շարունակել Հայաստանի հետ իր հարաբերությունները: Ես նրանց շնորհակալություն հայտնեցի, եւ հայ ժողովրդին էլ եմ շնորհակալություն հայտնում»:
Ջեյմս Ապատուրայը նշեց, թե նկատել են, որ Հայաստանը նույնիսկ ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս իր նպաստն է բերում խաղաղության գործընթացների ապահովմանը, այդ թվում եւ ՄԱԿ-ի հովանու ներքո:
Ինչ վերաբերվում է Հայաստանի կողմից Սիրիա խաղաղապահներ ուղարկելուն, ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը նշեց, որ թեման քննարկվել է ՀՀ պաշտպանության եւ արտգործնախարարների հետ, նաեւ հավելեց, որ ՆԱՏՕ-ն հասկանում է Սիրիային օգնելու հարցում Հայաստանի մարդասիրական նկատառումները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ