Խոսելով «Կանայք հանուն խաղաղության եւ անվտանգության» նախաձեռնության մասին՝ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր քաջալերումն է հայտնում այդ առումով:
Հավելեց, որ ՆԱՏՕ-ն երկու հատուկ ներկայացուցիչ ունի, որոնցից մեկն ինքն է, մյուսը՝ «Կանայք հանուն խաղաղության եւ անվտանգության» գծով հատուկ ներկայացուցիչն է, որը շաբաթվա ավարտին կգա Հայաստան:
«Փորձը ցույց է տալիս, որ Կանայք հանուն խաղաղության եւ անվտանգության» նախաձեռնությունը շատ դրական է անդրադառնում եւ այն հաստատությունների վրա, որոնք դա իրականացնում են, եւ երկրների վրա»,-ընդգծեց նա:
Լրագրողները կրկին հարց ուղղեցին շփման գծում լարվածության եւ Ադրբեջանի վարած քաղաքականության, հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ եւ հետաքրքրվեցին ՆԱՏՕ-ի դիրքորոշումից:
«Ինչպես արդեն նշեցի, ՆԱՏՕ-ն հատուկ դիրքորոշում չի որդեգրել, եւ անկեղծ լինելով ասեմ, որ չեմ էլ ակնկալում, թե կորդեգրի: Բոլոր նման միջադեպերին ՆԱՏՕ-ն չի արձագանքում; Բայց կարող եմ ասել, որ այդ հարցը նույնպես քննարկել ենք եւ ՀՀ արտգործնախարարի եւ ՀՀ պաշտպանության նախարարի հետ: Ես լսեցի նրանց ներկայացումը, իրավիճակի վերլուծությունը Հայաստանի տեսանկյունից եւ Հայաստանի՝ մեզ դիմելու պատճառաբանությունը: Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: Համանախագահները պարբերաբար հրապարակում են իրենց դիտարկումներն ու դիտողությունները այդ կապակցությամբ: Միանշանակ է, որ խնդիրը պետք է բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորում ունենա»,- նշեց Ջեյմս Ապատուրայն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ