«ՆԱՏՕ-ն այսօրինակ կոնֆլիկտների լուծմանը չի միջամտում, անհերքելի է ուղղակի, որ խաղաղությունն ու անվտանգությունն այս տարածաշրջանում շատ կարեւոր են ինչպես ՆԱՏՕ-ի տեսանկյունից, այնպես էլ մեր դաշնակիցների համար»,- մարտի 11-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում ասաց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը՝ պատասխանելով լրագրողների՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի, Ադրբեջանի զորավարժությունների եւ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցերին:
«Մեզ ոգեւորում է այն հանգամանքը, որ նոր կառավարությունը ջանքեր է ներդնում քաղաքական գործընթացի մեջ, որոնք միտված են բանակցություններին: Մեզ նաեւ քաջալերում է շոշափելի նվազեցումը շփման գծի երկայնքով փոխադարձ հրաձգությունների, ինչպես նաեւ այն մեխանիզմները, որոնք ուղղված են ոչ միտումնավոր էսկալացիան կանխելու նպատակով:
ՆԱՏՕ-ի գնահատականը աներկբայորեն այն է, որ այս հակամարտությունը բացառապես կարող է հանգուցալուծվել խաղաղ ճանապարհով, հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ: Սա այն ուղերձն է, որը մենք փոխանցում ենք կողմերին»,- ընդգծեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ