Մարտի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:
Նախարար Մնացականյանը ողջունեց Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթի շրջանակներում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը:
Զրուցակիցները վերահաստատեցին երկկողմ հանձնառությունն ԱԳԳԾ շրջանակներում համագործակցությանը՝ արժևորելով տարբեր ոլորտներում ՆԱՏՕ-ի հետ հաստատված գործընկերային հարաբերությունները: Այդ համատեքստում կարևորվեց հանդիպումների և փոխայցելությունների դինամիկայի ապահովումը՝ համատեղ աշխատանքը շարունակելու նպատակով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ԱԳԳԾ շրջանակներում քաղաքական երկխոսության շարունակման, պաշտպանության և անվտանգության ոլորտներում բարեփոխումների գործընթացին, արտակարգ իրավիճակների, գիտության և համատեղ հետաքրքրություն առաջացնող մի շարք այլ բնագավառներում համագործակցությանը:
Զրուցակիցները բարձր գնահատեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագրի հաստատումը ՀՀ կառավարության կողմից:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ողջունեց Հայաստանի ակտիվ մասնակցությունն ու ներդրումը միջազգային խաղաղության հաստատման գործում՝ նշելով, որ նման գործողությունները նպաստում են Հայաստանի հեղինակության բարձրացմանը՝ որպես միջազգային անվտանգության ապահովման կարևոր մասնակցի:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ:
Ջեյմս Ապատուրայի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:
ՀՀ ԱԳՆ