Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի քաղաքական գործիչների գրառումները` պատրիարք Մութաֆյանի մահվան կապակցությամբ. Ermenihaber.am

Մարտ 11,2019 19:01

Թուրքիայում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ Պոլսի  84-րդ  հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ ցավակցական գրառումներ են կատարել Twitter-ի իրենց պաշտոնական էջերում:

Թուրքիայի նախկին վարչապետ, մեջլիսի նախկին նախագահ, մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Բինալը Յըլդըրըմը գրել է.

«Այցելեցինք ցավակցելու կյանքից հեռացած թուրքահայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մորը` Մարի Մութաֆյանին և Յեդիքուլե Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին: Նրանց համբերություն ենք մաղթում»:

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը գրել է, որ Պոլսի հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ ցավակցում են նրա ընտանիքին, հարազատներին և բոլոր հայ համերկրացիներին:

Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) հայ պատգամավոր Մարգար Եսայանի գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Ծանր և երկարատև անբուժելի հիվանդության դեմ պայքարող թուրքահայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյան Բ-ն  վախճանվեց Մեծ Պահքի առաջին ուրբաթ օրը: Ես նրա աշակերտն էի: Շատ արժեքավոր հոգևորական  և մտավորական էր: Աստված հոգին լուսավորի»:

Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) կողմից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Էքրեմ Իմամօղլուն նշել է. «Ցավով իմացա, որ վախճանվել է թուրքահայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը: Ցավակցում եմ ողջ հայ համայքին»:

Ընդդիմադիր, ազգայնական «Լավ» (IYI) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հետևյալ կերպ է արձագանքել:

«Թուրքահայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը վախճանվել է հիվանդանոցում: Ցավակցում ենք նրա ընտանիքին և ծագումով հայ մեր բոլոր համերկրացիներին»:

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, ազգությամբ հայ Սելինա Դողանի գրառման մեջ նշվում է, որ Մութաֆյանը ոչ միայն հոգևոր առաջնորդ էր, այլև խաղաղասեր ինքնությամբ և մտավորականի կերպարով փորձում էր հայ համայնքին կապել աշխարհի հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր պաշտոնական էջում արևմտահայերեն գրառում է կատարել։ Թուրքիայի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապացությամբ։

Նա մասնավորապես գրել է. «Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտանիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն»։

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել