Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ են մասիսցի երիտասարդներն անցկացնում իրենց առօրյան

Մարտ 11,2019 17:32

Եթե Երևանում շատ են թատրոնները, կինոթատրոնները, սրճարանները, փաբերը, ակումբներն ու զանազան այլ վայրերը, որտեղ երիտասարդները կարող են անցկացնել իրենց առօրյան, ապա մարզերում ժամանցն անցկացնելու խնդիր կա: Սովորաբար երիտասարդներն են նախաձեռնում ինչպես անցկացնել իրենց օրը՝ լուծումը գտնելով Երևան տեղափոխվելու մեջ: Սակայն Արարատի մարզի Մասիս քաղաքում այդ խնդիրներին լուծում տալու համար աշխատում է մի կառույց, որի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ երիտասարդները կարող են ինքնադրսևորվել: Գրեթե 3 տարի գործող Մասիսի երիտասարդական կենտրոնում կազմակերպվում են ֆիլմի դիտումներ, թատերական ներկայացումներ, գրական-երաժշտական երեկոներ, գրքի քննարկումներ, հանդիպումներ տարիքային տարբեր խմբի երիտասարդների հետ, կազմակերպում տարաբնույթ խաղեր, որոնք մայրաքաղաքում արդեն իսկ տարածված են և սիրված: Ուստի այս ամենին մասնակից դառնալու համար այլևս Երևան գնալու անհրաժեշտություն չկա:

ՄԵԿ-ն իր գործունեությունը սկսել է ծավալել 2015 թ., երբ նոյեմբերի 23-ից Հայաստանում պաշտոնապես սկսեց գործել Մասիսի զարգացման հիմնադրամը, հիմնված Լյուքսեմբուրգի Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) շահույթ չհետապնդող կազմակերպության վրա, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Գագիկ Ադիբեկյանը: Հիմնադրամի ստեղծման մասին հայտարարվեց նույն թվականի դեկտեմբերի 20–ին` սուրբծննդյան տոնավաճառի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, որը կազմակերպել էին քաղաքի բնակիչները՝ AFFA բարեգործական կազմակերպության աջակցությամբ:

Մասիսի երիտասարդական կենտրոնը քաղաքի երիտասարդների նախաձեռնությունների զարգացման, տաղանդի եւ ընդունակությունների բացահայտման յուրահատուկ հարթակ է: Երիտասարդական կենտրոնում աշխատանքներն իրականացվում են տեղացի և օտարերկրացի կամավորների կողմից, ովքեր հիմնականում ուսանողներ են:

«ՄԵԿ-ը ոչ միայն վայր է, որտեղ երիտասարդները կարող են իրականացնել իրենց նախաձեռնությունները, այլև աշխատանքային փորձ ձեռք բերելու մեծ հնարավորություն է տալիս: Կամավորական աշխատանքի ավարտին երիտասարդներին տրվում են հավաստագրեր: Այդկերպ մենք փորձում ենք նպաստել կամավորական աշխատանքի զարգացմանը Մասիսում»,- ասում է ՄԵԿ-ի ծրագրերի համակարգող Սվետլանա Ազատյանը:

Ուսանողները կենտրոնում անվճար դասավանդում են օտար լեզուներ, նկարչություն, շախմատ, երաժշտություն, պար և այն ամենը, ինչը անհրաժեշտ է կիրթ և զարգացած հասարակություն ունենալու համար: Նրանք ստեղծում են ակումբներ, որոնք իրենց ակտիվ գործունեությամբ նպաստում են համայնքում տարբեր ոլորտների զարգացմանը: Երիտասարդներին հնարավորություն է տրվում սեփական ներդրումն ունենալ համայնքի զարգացման հարցում:

Մասիսի երիտասարդական կենտրոնում այժմ գործում է 5 հանձնաժողով՝ մշակույթի, կրթական, մարդկային ռեսուրսների (HR), քաղաքացիական հասարակության և մեդիա: Այս հանձնաժողովներից յուրաքանչյուրը մեծ դերակատարություն ունի Մասիսում ֆրանկոֆոնիայի տարածման, հասարակության զարգացման և քաղաքացիական ակտիվության բարձրացման գործում: Հանձնաժողովների նախագահները կամավորներ են: Նրանք ծրագրեր են առաջարկում, որտեղ այլ կամավորների մասնակցությամբ ձևավորվում են թիմեր: ՄԵԿ-ն այժմ ունի 40 կամավոր և 100 անդամ , ովքեր մասնակցում են տարբեր դասընթացների, սեմինարների և այլ ծրագրերի:

«Ես գործունեություն եմ ծավալում մշակութային ոլորտում, ստեղծում եմ թիմ, որը Մասիսում պետք է մշակութային ծրագրեր իրականացնի: Մարզերում մշակույթը մի փոքր պասիվ վիճակում է: Չունենք թատրոն, կինոթատրոն և այլ մշակութային կառույցներ: Մենք մեր առջև խնդիր ունենք. մշակույթը տարածել Մասիսում և այդ ծրագրերում ընդգրկել երիտասարդներին»,- ասում է ՄԵԿ-ի մշակույթի հանձնաժողովի նախագահ Սոֆա Համբարձումյանը:

ՄԵԿ-ի կամավորները ոչ միայն սովորեցնում են, այլև զբաղվում են ինքնակրթությամբ՝ մասնակցելով տարբեր ծրագրերի, որտեղ կարող են ներկայանալ թե որպես մասիսցի անհատ և թե որպես ՄԵԿ-ի կամավոր: Այդ ծրագրերի ընթացքում նրանք ձեռք են բերում համագործակցության նոր հնարավորություններ և ծրագրից վերցնում համայնքը զարգացնելու համար անհրաժեշտ հմտություններ: Այդ սկզբունքով ՄԵԿ-ի կամավորները AFFA ընտանեկան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ մասնակցել են UWC Դիլիջան ամառային դպրոցին, իսկ կարևորելով խելացի եւ տաղանդավոր մասիսցիներին արտերկրում սովորելու օժանդակելու հարցը Դիլիջանի UWC քոլեջը ավարտած երկու մասիսցիներ, հիմնադրամի աջակցությամբ, իրենց ուսումը ներկայում շարունակում են Էդինբուրգում եւ Լոնդոնում:

ՄԵԿ-ը Մասիսի ժամանցի ամենաերիտասարդական վայրն է, որտեղ քաղաքի երիտասարդները հնարավորություն ունեն կազմակերպելու իրենց հանգիստն ու ժամանցը: Դասերի ավարտից հետո նրանք գալիս են այստեղ, կազմակերպում տարաբնույթ հանդիպումներ, ինչպես ժամանցային, այնպես էլ ճանաչողական բնույթի: ՄԵԿ-ը բաց է համագործակցությունների համար: Դրանց արդյունքում այստեղ են գալիս օտարերկրացի կամավորներ, ովքեր հետագայում ցանկանում են շարունակել իրենց կամավորական աշխատանքը միայն ՄԵԿ-ում: Նրանք, ոչ միայն մասնակցում են միջոցառումներին, այլև ակտիվ  են կազմակերպչական հարցերում: Դրա վառ օրինակը փետրվարի 28-ին կազմակերպված ինտելեկտուալ խաղն էր Մասիս քաղաքի դպրոցների միջև, որն անցկացվեց ֆրանսերենով:

Վերջին երեք տարիների ընթացքում ՄԵԿ-ի կողմից կազմակերպված ծրագրերին մասնակցել են այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, հայ ջազային երաժիշտ, երաժշտության պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, դերասան-ռեժիսոր Արմեն Բարսեղյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրք Լորենցը և տարբեր բնագավառների հայտնի անձիք: Կամավորները նախաձեռնում են այնպիսի միջոցառումներ, որոնք անհասկանալի են համայնքում և այդ խնդիրը լուծելու համար ամեն անգամ իրականացնում են նոր և որակապես տարբեր գաղափարներ:

Այսօր ՄԵԿ-ը երիտասարդների ամենասիրելի վայրն է, որը, ինչպես կամավորներն են սիրում ասել, MYC ընտանիքն է: Այստեղ իրենք տանն են:

Ալվարդ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031