Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի բողոքը

Մարտ 11,2019 17:17

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր երկրորդ նիստում ավարտեց «Մարտի մեկի» հայտնի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի բողոքը: Հիշեցնենք, որ նույն գործի շրջանակում այժմ նա մեղադրվում է ապացույցները կեղծելը կազմակերպելու համար:

Ավելի վաղ նրա պաշտպանը բողոք էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հարությունյանի հանդեպ հետախուզում հայտարարելու՝ քննիչի որոշման: Այսօրվա նիստում կողմերը վերահաստատեցին մոտեցումները: Վահագն Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը (լուսանկարում) նշեց. «Գործ ունենք իրավիճակի հետ, երբ քննիչը հետախուզում հայտարարելուց առաջ որեւէ գործողություն չի իրականացրել՝ Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը պարզելու համար եւ առանց օրենքով նախատեսված հիմքերի՝ հայտարարել է հետախուզում»:

Պաշտպանի խոսքով. «Քննիչն անգամ չի ներկայացրել Վահագն Հարությունյանի թաքնվելու վերաբերյալ փաստական տվյալներ: Հետախուզման որոշման ապօրինի լինելու մասին է խոսում նաեւ այն, որ Վահագն Հարությունյանի հանդեպ դատարանը խափանման միջոց չի կիրառել, մինչդեռ նա հետախուզման մեջ է»:

Գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ իր առարկությունը պնդեց. «Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը պարզված չէ, նա ՀՀ տարածքում չէ, ուստի քննիչը լիազորություններ չունի ՀՀ տարածքից դուրս գործողություններ անել: Վահագն Հարությունյանը թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից»:

Քննիչ Մուշեղյանը եւս վերահաստատեց մոտեցումը՝ առարկելով պաշտպանական կողմի բողոքի դեմ:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց Վահագն Հարությունյանի հանդեպ հետախուզում հայտարարելու դեմ ուղղված նրա պաշտպանի բողոքը մերժել:

Լրագրողների հետ զրույցում Միհրան Պողոսյանը նշեց, որ դատարանի որոշումը կբողոքարկի վերաքննիչ ատյանում:

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը մեղադրվում է նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031