Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում արված հայտարարություններից հետո Զուրաբիշվիլին մեկնում է Երեւան

Մարտ 11,2019 15:35

Մարտի 13-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է մեկնելու Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Սալոմե Զուրաբիշվիլու առաջին արտասահմանյան այցը տեղի է ունեցել Բաքու: Փետրվարի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է հետեւյալը. «Մենք միասին ենք վերադարձրել անկախությունը և վերջին տարիներին վերապրել միանման ողբերգություններ: Այսօր էլ վերապրում ենք այն, ինչը նկատի ունի երկրի օկուպացիա, երբ քո երկրի տարածքային ամբողջականությունը դեռևս վերականգնված չէ: Բռնազավթման գոտիներն այսօր էլ մեզ համար բաց վերք են, որը մի կողմից խափանում է մեր զարգացումը, սակայն միևնույն ժամանակ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք հզորացնել և զարգացնել մեր պետությունները, էկոնոմիկան: Սա փոքր հաջողություն և հաղթանակ չէ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Հարկ է նշել, որ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի առաջին բարձրաստիճան քաղաքական գործիչն է, որն անում է նման անհավասարակշռված արտահայտություն: Չնայած նրան, որ Վրաստանի նախագահը սահմանադրության համաձայն չունի լուրջ լիազորություններ, սակայն Սալոմե Զուրաբիշվիլուց առաջ Վրաստանի բոլոր նախագահները խոսելով Կովկասում չլուծված հակամարտությունների մասին՝ ընդհանուր ձեւակերպումների մեջ խոսել են տարածքային ամբողջականության մասին, բայց երբեք չեն օգտագործել «օկուպացիա» բառը: Զուրաբիշվիլու նախորդները լավ գիտակցել են, որ տվյալ ձեւակերպումը վտանգավոր է հայ-վրացական հարաբերությունների համար, ինչպես նաեւ տարածաշրջանի կայունության համար: Վրաստանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները «օկուպացիա» ձեւակերպումը օգտագործել են բռնագրավված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ, ինչը ընդունված է նաեւ միջազգային հանրության կողմից:

Սակայն ԼՂՀ-ի հարցում միջազգային հանրությունը չունի մնան մոտեցում եւ ոչ մի քաղաքակիրթ ու ժողովրդավարական երկիր չի օգտագործում «օկուպացիա» ձեւակերպումը Արցախի նկատմամբ լավ գիտակցելով, որ Արցախը ոչ թե բռնագրավված տարածք է, այլ պատմական արդարությունը վերականգնած շրջան:

Հարկ է նաեւ նշել, որ Սալոմե Զուրաբիշվիլին որպես Վրաստանի նախագահ պետք է հասկանա ԼՂՀ-ի եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտությունների տարբերությունը: Օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչել են օկուպացված տարածքներ եւ պատժամիջոցներ մտցրել այն երկրների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք համագործակցում են տվյալ բռնագրավված շրջանների ինքնահռչակ իշխանությունների հետ: Սակայն նույն ժամանակ ԱՄՆ-ի կառավարությունը տասնյակ տարիների ընթացքում միլիոնավոր դոլարների ուղիղ օգնություն է տրամադրել Արցախի ժողովրդին: Էլ չասենք այն փաստը, որ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում գոյություն ունեն նահանգներ, որոնց պաշտոնապես ճանաչել են Արցախի անկախությունը:

Հավանաբար Զուրաբիշվիլին Բաքվում տվյալ հայտարարությունը արել է մեղմելու համար Միքայել Ավագյանի կիսանդրու տեղադրման շուրջ առաջացած ադրբեջանական դժգոհությունը: Եվ չի մտածել, որ նման հայտարարությունով հեռացել է միջազգային հանրության դիրքորոշումից եւ հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ոգուց ու միաժամանակ նմանվել Պակիստանին ու Թուրքիային:

Նախագահական ընտրությունների ժամանակ Վրաստանի հայ համայնքի աջակցությունը ստացած Սալոմե Զուրաբիշվիլին ճիշտ կանի Հայաստան այցից առաջ վրացական աղբյուրներից ուսումնասիրի Վրաստանի եւ Հայաստանի համատեղ պատմությունը, որի ընթացքում միգուցե հասկանա, որ դեռ հազարամյակներ առաջ երբ չկար Ադրբեջան պետություն հասկացողությունը Արցախը ոչ միայն հայկական էր, այլ նաեւ ակտիվ առեւտրական եւ մշակութային կապեր ուներ Վրաստանի հետ: Եվ այդ գիտակցումով Երեւանում ուղի իր սխալը եւ անի այնպիսի հայտարարություններ, որոնք հարիր կլինեն հայ-վրացական հարաբերությունների իսկական ոգուն:

Էդուարդ Այվազյան

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031