Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մասին՝ ասաց. «Հայտարարությունը բավականին մտահոգիչ է, այն ոչ առաջին հայտարարությունն է մտահոգիչ, ոչ էլ վերջինն է լինելու, կարծում եմ: Մենք նախընտրական փուլում հայտարարել ենք, որ աջակցում ենք իշխանությունների բոլոր այն ջանքերը, որով փորձ է արվում ԼՂ ներկայացուցիչներին ներգրավել եւ հետ վերադարձնել բանակցային սեղան: Շարունակում ենք աջակցել այդ մոտեցմանը: Ինչ վերաբերում է այդ հայտարարությանը, մտահոգիչ այլ ձեւակերպումներ էլ կան: Ամենակարեւոր մտահոգիչ ձեւակերպումն այն է, որ ԼՂ իրավական կարգավիճակի մասին ապագա որոշակիացում՝ իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով: Սա հակասում է հայկական կողմի նախկինում պահված այն սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի հանրապետության քաղաքացիները 1991-ի դեկտեմբերի 10-ին հանրաքվեով ինքնորոշվել են, դա պարտադիր իրավաբանական ուժ ունի: Սա արդեն տեղի ունեցած փաստ է, հիմա կրկին պնդել, որ հանրաքվե պետք է անցկացվի, նշանակում է՝ հաշվի չառնել այդ հանրաքվեն: Պետք է գոնե ինչ-որ կերպ նշվի, որ այդ հանրաքվեն եղել է, բայց եթե խնդիր կա, որ էլի մասնակիցներ լինեն, խոսքը փախստականների մասին է…Անգլերեն լեզվով ասած՝ իգնոր անել այդ եղելությունը մտահոգիչ է եւ մեզ համար անընդունելի: Առաջին հանդիպումից առաջ պետք է լիներ որոշակի հայտարարություն եւ սա հայտարարությունն է, որով փորձել են տարբեր ուղերձներ հղել կողմերին: Մամուլի, փորձագետների վերլուծությունները նայում ենք եւ տեսնում ենք, որ կան մտահոգություններ տարբեր ուղղություններով: Մի բան ակնհայտ է, ադրբեջանական կողմը ողջունել է այս հայտարարությունը զուտ այն հանգամանքի բերումով, որով ասվում է, որ ձեւաչափի փոփոխության մասով չեն կարող միակողմանի որոշումներ լինել, չեն ողջունվում… Որեւէ կերպ տեղ չեն ուզում թողնել Արցախի հանրապետության ներկայացուցիչների մասնակցության առումով»:
Մյուս մտահոգիչ մոտեցումը ԼՂՀ-ն շրջապատող տարածքների հարցն է: Բանակցությունները սկսելուց առաջ համանախագահները, ըստ էության, փորձել են կողմերին հիշեցնել, թե ինչի շուրջ են մինչեւ հիմա բանակցել:
Հարցին՝ փակուղային վիճակ չկա՞՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը չի բանակցի Արցախի անունից, միայն Հայաստանի անունից է բանակցելու, իսկ Մինսկի խումբը ձեւաչափի փոփոխություն չի ողջունում՝ Մարուքյանը պատասխանեց. «Հայտարարությունները կան, բայց դա չի նշանակում, որ փակուղային իրավիճակ է, որովհետեւ բանակցելու ենք Հայաստանի Հանրապետության անունից: ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է: Բանակցությունները կարող են շարունակվել, բայց մեծ հաշվով դրանք պտուղ չեն տա: Եթե Մինսկի խումբը ցանկանում է բանակցություններ, որ պտուղ չեն տալու, դա էլ տարբերակ է: Քաղաքական տերմիններով բոլորին պարզ է, որ Հայաստանում հող հանձնող չկա ու պարզ է, որ Ադրբեջանում էլ Արցախը դեռ ճանաչող չկա: Պետք է շարունակել խոսել, ցանկացած բանակցություն միշտ ավելի լավ է, քան իրար վրա կրակելը: Համանախագահները նաեւ ողջունել են, որ սահմանում բավականաչափ հանդարտ է՝ նախկինի հետ համեմատ: Ապրիլյան պատերազմը մեծ վերք է, թարմ վերք է՝ բանակցություններն առաջ տանելու համար: Մինչեւ չլինի տեւական խաղաղություն՝ խոսել ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, դա ուղղակի աբսուրդի ժանրից է, պետք է խաղաղության պատրաստել Ադրբեջանի ժողովրդին: Որեւէ կերպ չի դատապարտվում այն հայատյացությունը եւ դրա քարոզչությունը, հռետորաբանությունը՝ մանկապարտեզից մինչեւ երեւի ծերանոցներ, որը հիմնական խոչընդոտներից է լինելու եւ կա՝ ցանկացած լուծման համար»:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ տարբեր սկզբունքներ են ի հայտ գալիս՝ Արցախի հանրապետության քաղաքացիների անվտանգության հարցն է առաջ գալիս. «Մենք կանգնած ենք ցեղասպանության վտանգի առաջ: Եթե մարդիկ քնած մարդու գլուխ են կտրում, դա չի դատապարտվում, մարդիկ հերոսացվում են…ինչի՞ մասին է խոսքը: Համանախագահներին պետք է հիշեցնել, որ պետք է լինել օբյեկտիվ: Իրենք նկատում են, որ Հայաստանը պատրաստվում է ֆորմատը փոխել, շատ ապրեք, որ նկատեցիք, բայց նաեւ այլ հանգամանքներ կան, որ պետք է նույնպես նկատել»
Մարուքյանը գտնում է, որ Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպումից շատ բան պետք չի սպասել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ