ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ օրերս տարածած Արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարության հիմնական խնդիրն այն է, որ այն հասցեավորված չէ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: «Չեն նշում, թե որ կողմին նկատի ունեն, ինչը կարող է տարընթերցումների առիթ տալ: Ասում են՝ «կողմերից որեւէ մեկը չպետք է փորձի բանակցային ձեւաչափը փոխելու միակողմանի որոշումներ ընդունել»: Ոմանք կարող են դա վերագրել ՀՀ-ին՝ նկատի ունենալով Արցախի՝ բանակցային սեղանի շուրջը վերադառնալու մասին վարչապետի հայտարարությունը, ոմանք էլ՝ Ադրբեջանին, որը հայտարարում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կազմը պետք է փոխել»,-նկատեց փորձագետը:
Տարոն Հովհաննիսյանը նշեց՝ հայտարարությունում շեշտվում է նաեւ ագրեսիվ հռետորաբանության մասին. «Կարող են ենթադրել, որ այն ուղղված է Ադրբեջանին, բայց վերջինս էլ կարող է պնդել, որ ուղղված է ՀՀ-ին: Խնդիրն այն է, որ Մինսկի խումբը չի մատնանշում կողմերից մեկի որեւէ խնդիր: Այս հայտարարությունը որեւէ հարց չի լուծում»:
Ինչ վերաբերում է կողմերի միջեւ վերջին հայտնի հանդիպումների՝ ներկայումս արտահայտվող հնարավոր արդյունքներին, ապա Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ սահմանին լարվածության նվազում կա, բայց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հարցում Ադրբեջանը ոչինչ չի իրականացրել. «Ալիեւը վերջին շրջանում ուժի գործոնը շեշտող երեք հայտարարություն է արել: Սա չի օժանդակում խաղաղության նախապատրաստմանը, այն նպաստում է թշնամության խորացմանը: Ադրբեջանը չի կատարում այդ պայմանավորվածությունը՝ ի տարբերություն ՀՀ-ի, որի վարչապետի եւ ԱԳ նախարարի խոսքում ատելության քարոզ չկա: Նույնը չես ասի Ալիեւի եւ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի մասին»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/431906534217830/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ