Անցյալ տարի՝ 2018 -ին հարկերից խուսափելու հիմքով 134 քրեական գործ է հարուցվել, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է 23 միլիարդ 983 միլիոն 625 հազար դրամի վնաս՝ նշելով, որ անցյալ տարի այդ գումարից 8 միլիարդ 556 միլիոն 756 հազարն է վերականգնվել պետբյուջե: Թե ինչու է այդքան քիչ մասը վերականգնվել, Ռուստամ Բադասյանը բացատրեց՝ այդ 8 միլիարդից վեց միլիարդը հունիսից այս կողմ վերականգնված գումարներն են, բացի այդ, քննության միջին ժամկետները բավական երկար են եւ այդ է միլիարդների չարաշահումները դեռեւս քննչական վարչությունում քննվող գործեր են:
Համեմատության համար նշեց, որ 2016-ին հարուցվել է 86 քրգործ՝ 5 միլիարդ 457 միլիոն 602 հազար դրամի չարաշահման վերաբերյալ, 2017-ին՝ 57 գործ է հարուցվել, պետությանը պատճառված վնասն էլ եղել է 1 միլիարդ 838 միլիոն 960 հազար դրամ:
Ամենաշատը հարկերից խուսափել են շինարարական ընկերությունները, գազալիցքավորում իրականացնող կայանները, հավաքական բեռների Կարգո եւ ապահովագրական ընկերությունները:
Aravot.am-ի հարցին, թե ապահովագրականներն ինչպես են հարկերից խուսափել, պարոն Բադասյանը պատասխանեց, որ քանի դեռ քննությունն ավարտված չէ, չի ցանկանում հարկային չարաշահման սխեման բացահայտել եւ, որպես, հաստատված փաստ ներկայացնել. «Ընդհանուր կասկածը հետեւյալն է. գրանցելով անհատ ձեռնարկատեր, որոնք իրական գործունեությամբ չեն զբաղվել, հարկերի չարաշահման սխեմա են կիրառել: Այդ Ա/Ձ-ները, լինելով շրջհարկի դաշտում, ձեւակերպել են իրենց անունով ծառայություններ, որոնք, հետագայում, շահութահարկի մասով նվազեցվել են: Այսինքն՝ իրենք նվազեցրել են իրենց ծախսերը»:
Ռուստամ Բադասյանն ասաց, որ Դիլիջանի ուսումնական կենտրոնի գործը ՀՔԾ-ում է, հետեւաբար մեկնաբանություններ չի կարող անել: Ասաց նաեւ, որ ուսումնական կենտրոնում հիմնական չարաշահումները շինարարությանն են առնչվում, որի ընթացքում շուկայականից բարձր գներով են շինարարական նյութերը ձեռք բերվել:
«Նոր ֆոլկ» ընկերության առնչությամբ էլ ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնեց, որ գործն ԱԱԾ-ի վարույթում է եւ որքան տեղյակ է ընկերությունը 7 միլիարդի վնասը վերականգնել է բյուջե:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ