Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավելյալ արժեք չստեղծող մարդկանց պետք է կրճատել, ո՞նց են չափել, որ հավելյալ արժեք չստեղծող մարդիկ հենց էդ մարդիկ են». Մարուքյանը՝ կառավարության կառուցվածքի մասին

Մարտ 11,2019 14:23

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին Aravot.am-ը հարցրեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին: Հաշվարկներ կան, ըստ որոնց շուրջ 310 աշխատակից է կրճատվելու, խնայվելու է տարեկան 1 մլրդ դրամ, ինչը լուրջ էֆեկտ չի կարող թողնել: Օրինակ, Արծվիկ Մինասյանը հաշվարկել է, որ դա ընդամենը 180 դրամով կբարձրացնի թոշակը, ըստ նրա, այս մոտեցումն անփույթ է ու ձախողման է բերելու: Ուստի մենք հետաքրքրվեցինք՝ այս մոտեցումը կիսո՞ւմ եք ու ի՞նչ տեսակետ ունեք:

Մարուքյանը պատասխանեց. «Կառավարությունը մոնոպոլ իրավունք ունի իր կառուցվածքը ներկայացնելու, մենք չէինք կարող մեր տարբերակը ներկայացնել, բայց մենք հիմա այլընտրանքային առաջարկություն ենք պատրաստում, որը միտված է լինելու մի քանի նախարարություններ պահպանելուն, նաեւ այն համակարգը, որի դեմ մենք բոլորս պայքարել ենք, այդ համակարգը վերափոխելուն: Սա նշանակում է, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունը ՊԵԿ-ը պետք է վերադառնան կառավարության կառուցվածք՝ նախարարությունների տեսքով: Մենք նախատեսում ենք գյուղնախարարության միացումը  էկոնոմիկայի նախարարության հետ, հիմա քննարկումների մեջ ենք մասնագետների հետ:  Շատերը պնդում են, որ չի կարելի նման բան անել, այսինքն, գյուղատնտեսության նախարարությունը պետք է լինի: Նմանատիպ քննարկումներ ունենք նաեւ էներգետիկայի եւ մշակույթի նախարարության բարեփոխումների հետ կապված: Հստակ է, որ մենք այլընտրանքային առաջարկությամբ հանդես կգանք թե՛ ոստիկանության, մասով, թե ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի»:

Ինչ վերաբերում է նախարարությունները կրճատելուն՝ Մարուքյանն ասաց. «Տնտեսությունը չի կարող զարգանալ կրճատումներով, սա միանշանակ է: Պետք չի գիտնականների հանդիպել, խոսել, տեսնել՝ տնտեսությունը կզարգանա՞, որ կրճատումներ անենք, թե՞ ոչ: Որտեղ եղել են ուռճացված ապարատներ, պետք է լինեն կրճատումներ, օրինակ, մարզպետարաններին հետ գանք: Փոխմարզպետներ կան, որոնք պետք է կրճատվեն: Կան նաեւ երկար տարիներ մասնագիտացած համակարգեր, որոնք կրճատելու պարագայում խնդիրը չենք կարողանալու լուծել՝ գործառույթները այլ մարմինների վրա դնելով: Գործընթացի կեսից պարզվելու է, որ դա սխալ էր եւ  հետ վերադառնալը լինելու է հարված, դու էլ էդ մասնագետներին չես կարողանալու հավաքել, կեսը  արտագաղթած կլինեն, միգուցե այլ ոլորտներում աշխատանք գտած: Պետք է նայենք, թե տվյալ ոլորտի համակարգման գործառույթներն ուր են փոխանցվում: Կարծում եմ, լուրջ խնդիրներ են լինելու: Կառավարությունը մեզ թիվ չի ասում, թե կրճատումները ինչ թվաքանակ են լինելու: Նամակներ ենք տեսնում, գրություններ հրապարակված, որ հավելյալ արժեք չստեղծող մարդկանց պետք է կրճատել, ո՞նց են չափել, որ հավելյալ արժեք չստեղծող մարդիկ հենց էդ մարդիկ են, կամ ի՞նչ ենք նկատի ունենում՝ հավելյալ արժեք ասելով: Մենք բուռն քննարկումներ ենք ունենալու կառուցվածքի հետ կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031