Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի քաղաքական խնդիր չկա». Արմեն Եդիգարյանը՝ ՆԱՏՕ-ՀՀ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի մասին

Մարտ 11,2019 14:13

Մարտի 11-ին մեկնարկեց ավանդական «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը: ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը տեղեկացրեց. «ՆԱՏՕ-ի շաբաթը նախատեսվում էր իրականացնել անցյալ դեկտեմբերին: Սակայն երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների պատճառով որոշեցինք դա անել հնարավորինս արագ` ընտրական գործընթացների ավարտից հետո: Այժմ շարունակվում են աշխատանքները ռազմական և պաշտպանական բարեփոխումների շրջանակում, «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի շրջանակներում: Համագործակցում ենք արտակարգ իրավիճակների և հանրային իրազեկման բնագավառում»:

Արմեն Եդիգարյանը նշեց՝ քանի որ ՀՀ-ն նախագահում է ֆրանկոֆոն երկրների կազմակերպությունը, Ֆրանսիայի դեսպանության օժանդակությամբ Ֆրանսիական համալսարանում կկազմակերպվի հանրային բաց քննարկում ՆԱՏՕ-ի գործընկերությունը Ֆրանսիայի տեսանկյունից թեմայով: Սա հանրային բաց միջոցառում է: ԱԺ-ում չորեքշաբթի կկազմակերպվի զինված ուժերի նկատմամբ քաղաքական վերահսկողության թեմային նվիրված քննարկում: ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա կանանց խաղաղության ու անվտանգությանը նվիրված քննարկում:

Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն ընդգծեց, որ Հայաստանում է գտնվելու նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը և շարունակեց. «Արդեն նշվեց, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) մասին և քաղաքական երկխոսության ընթացքի և զարգացման մասին: Այս երկու ուղղությունն էլ նշված են ՀՀ կառավարության ծրագրում: Սա հստակ ցույց է տալիս ՀՀ հաստատակամությունը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության առումով: Չմոռանանք նաև Աֆղանստանում և Կոսովոյում ՀՀ-ի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ներկայությանը»:

Դեսպանը շեշտեց, որ անցնելով խորհրդարանական համակարգի՝ խորհրդարանի վրա ավելի մեծ պատասխանատվություն է ընկնում, ինչը վերաբերում է նաև քաղհասարակութանը. «Սա որքան էլ դրական զարգացում լինի, այնուամենայնիվ, որոշ խորհրդարանականների համար սա բավականին լուրջ մարտահրավեր է: Դժբախտաբար, իմ տպավորությունն այն է՝ ՆԱՏՕ-ն Հայաստանում հայտնի է միայն փորձագետների նեղ շրջանակում: Ուստի ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում կարևոր է ոչ միայն ապահովել մասնագետների և փորձագետների միջև քննարկումները, այլև ընդգրկել հնարավորինս շատ լայն հասարակության»:

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը վստահեցրեց՝ համագործակցությունը ՆԱՏՕ-Հայաստան արդյունավետ ընթանում է և մանրամասնեց. «ՆԱՏՕ-ն շարունակում է Հայաստանի համար մնալ կարևոր գործընկեր: ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զգալի բաժինը պաշտոնական համագործակցության ոլորտում է»:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիսին նշեց, որ ՆԱՏՕ-ի շաբաթը կոչվում է հանրային դիվանագիտության միջոցառում, որի միջոցով հասարակության տեղեկացվածությունը ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև համագործակցության մասին բարձրանում է. «Թավշյա հեղափոխությունը շատ հզոր ազդակ էր առ այն, որ ՀՀ ժողովուրդը մտադիր է ինքը ստանձնել երկրում տեղի ունեցող զարգացումների պատասխանատվությունը: Պատասխանատվությունը պետք է խարսխվի տեղեկատվության վրա, ահա թե ինչու ենք ուզում, որ տեղեկացված լինի հանրությունը»:

Հիշեցմանը՝ մամուլում եղան հրապարակումներ, որ խնդիրներ են առաջացել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) հետ կապված, Արմեն Եդիգարյանն այսպես արձագանքեց. «Տեղյակ եմ այդ հրապարակումներից: Չեմ հասկանում՝ ով է դրա աղբյուրը: Ոչ մի քաղաքական խնդիր չունենք: Այժմ գտնվում ենք ԱԳԳԾ հինգերորդ ծրագրի ավարտական փուլում: Մեր հաշվարկներով այս տարվա երկրորդ կեսին կսկսենք նախապատրաստվել վեցերորդ ծրագրին, որը տրամաբանորեն կլինի 2020-2022: Խնդիր կա զուտ բանակցային և պատրաստական փուլի հետ կապված, ինչը տևում է կես տարուց ավելի: Այնքան ժամանակ, որքան չի ընդունվել նոր ծրագիրը, գործում է հինը: Կառավարության ծրագրի՝ արտաքին քաղաքականության մասում կա հատուկ կետ, որը վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցության զարգացմանն ու շարունակությանը: Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031