Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի «փափուկ ուժի» ռազմավարությունը Բալկաններում

Մարտ 11,2019 14:19

Հայկ Գաբրիելյան

Թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա)

քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

 

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

 

  • Սառը պատերազմի ավարտն ու Հարավսլավայի փլուզումը մեծ հնարավորություններ բացեցին դեպի Բալկաններ Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) վերադարձի համար։
  • ԹՀ-ի կողմից Բալկանների «երկրորդ բացահայտումը» գրանցվեց արդեն 21-րդ դարում՝ «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման շրջանում։
  • Թուրքիայի իշխանությունները Բալկաններում կիրառում են «փափուկ ուժի» ողջ գործիքակազմը։
  • Բալկաններում Թուրքիայի ազդեցությունն աննախադեպ աճել է վերջին 100 տարվա կտրվածքով։
  • Բալկանների դերը գնալով աճում է Թուրքիայի համար բազում ասպեկտներով։

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հոդվածում ներկայացվում են 20-րդ դարի վերջին և 21-ր դարի սկզբին Թուրքիայի բալկանյան քաղաքականության առանձնահատկությունները, նրա նեոօսմանյան ձգտումները և այդ համատեքստում Թուրքիայի կողմից Բալկաններում կիրառվող «փափուկ ուժի» ռազմավարությունը՝ համապատասխան գործիքակազմով։ Հոդվածում ընդհանուր գծերով ներկայացված են «փափուկ ուժի» գործիքները, որոնք Թուրքիան կիրառում է Բալկաններում և ընդհանրապես։ Ի դեպ, այդ գործիքներից յուրաքանչյուրը, կարող է լինել առանձին հետազոտության առարկա։ Նույնը կարելի է ասել բալկանյան ցանկացած երկրի հանդեպ Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին։

Ընդունված է ԹՀ-ի արտաքին քաղաքականությունը բաժանել պատմական չորս ժամանակաշրջանների․ 1) 1923-1938թթ․ (Աթաթուրքի ժամանակաշրջան), 1938-1947թթ․ (Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջան), 3) 1947-1989թթ․ (Սառը պատերազմի ժամանակաշրջան), 1989-ից մինչ օրս (հետսառըպատերազմյան ժամանակաշրջան)։ Թուրքիայի բալկանյան քաղաքականությունն էլ բաժանվում է 3 հատվածի․ 1) միջպատերազմյան ժամանակաշրջան (1923-1947թթ․), 2) Սառը պատերազմի ժամանակաշրջան (1947-1989թթ․), 3) հետսառըպատերազմյան ժամանակաշրջան (1989-2002թթ․)։ 1930-ականներին՝ Թուրքիան Բալկաններում երկկողմ հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ առաջնահերթություն էր տալիս տարածաշրջանային համագործակցությանը՝ նոր կազմավորումների միջոցով, ինչպիսիք էին Բալկանյան կոնֆեդերացիան և Բալկանյան Անտանտը։ Դա ուղղված էր տարածաշրջանում ամեն տիպի միջամտությունների կանխարգելմանը և տարածաշրջանի անվտանգության բարձրացմանը։ Սառը պատերազմի ժամանակաշրջանում Բալկանները դուրս մնացին Թուրքիայի արտաքին քաղաքականությունից՝ պայմանավորված տարածաշրջանում կոմունիստական կառավարմամբ և Արևմտյան բլոկի հետ Թուրքիայի ուժեղ կապերով (որոշ բացառություններով, ինչպիսին Կիպրոսի կոնֆլիկտի բռնկումն էր)։ Հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում Թուրքիայի ուշադրության կենտրոնում հայտնվեցին Բալկանները, Կովկասը, Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքը։ ԽՍՀՄ-ի փլուզումն իր ազդեցությունը թողեց նաև Բալկանյան երկրների վրա՝ բացառությամբ Հունաստանի, ուր կոմունիզմի ներթափանցումը կանխվել էր 4 տասնամյակ առաջ։ Հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում բալկանյան առաջին երկիրը, ուր կոմունիզմը տեղի տվեց, Ռումինիան էր։ Ապա դա տեղի ունեցավ Բուլղարիայում՝ 1990թ․, Ալբանիայում՝ 1991թ․ և Հարավսլավիայում՝ 1991-1992թթ․։ ԽՍՀՄ-ի ու Հարավսլավիայի փլուզումը Թուրքիային հնարավորություն ընձեռեցին նոր հարաբերություններ հաստատել նրանց տարածքներում առաջացած երկրների հետ և ամրապնդել դրանք։ Սառը պատերազմի ժամանակաշրջանի ավարտից և Հարավսլավիայի փլուզումից հետո Թուրքիան սկսեց նորովի նայել Բալկաններին և վերադառնալ տարածաշրջան։ Միևնույն ժամանակ Պարսից ծոցի առաջին ճգնաժամը (1990-1991թթ․) Թուրքիային նման հնարավորություններ ընձեռեց Մերձավոր Արևելքում։ Մեկնաբանելով երկրի շուրջ տեղի ունեցող այդ իրադարձությունները՝ Թուրքիայի վարչապետ (1983-1989թթ․), ապա նախագահ (1989-1993թթ․) Թուրգութ Օզալը հայտարարեց, որ օսմանյան ժառանգությամբ Թուրքիան պետք է օգտվի ընձեռված հնարավորություններից՝ ընդգծելով, որ «Ալլահը նման հնարավորություն ընձեռում է 400 տարին մեկ անգամ»[1]։ Այստեղ Թ․ Օզալը, ըստ ամենայնի, հիշեցնում է, որ 16-րդ դարի վերջին (այսինքն 400 տարի առաջ) ավարտվել է «օսմանյան ոսկեդարը» (թուրքերն այն կոչում են սքանչելի դար), ինչից հետո սկսվել է կայսրության նահանջը (16-րդ դարի վերջին Օսմանյան կայսրության տարածքը կազմում էր մոտ 15 մլն կմ2) և ակնարկում է, որ 20-րդ դարի վերջին ի հայտ է եկել առաջ գնալու հրաշալի հնարավորություն։ Արդյունքում Թուրքիայի կողմից Բալկանների առաջին «բացահայտումը» տեղի ունեցավ 1990-ականներին (20-րդ դարի վերջ), իսկ ահա երկրորդ «բացահայտումը» գրանցվեց ԱԶԿ կառավարման ժամանակաշրջանում (21-րդ դարի սկիզբ)։

 

 

ԲԱԼԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ «ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ» 1990-ԱԿԱՆՆԵՐԻՆ

Բալկանյան թերակղզին պատմության ողջ ընթացքում վիթխարի նշանակություն է ունեցել հարևան բոլոր տարածաշրջանների համար։ Եվրոպայի համար այն ի սկզբանե կարևորվել է անվտանգային, պաշտպանական, տրանսպորտային-տնտեսական տեսանկյուններից։ Տարածաշրջանը բազում ասպեկտներով կարևոր տեղ է զբաղեցրել նաև Թուրքիայի (Օսմանյան կայսրություն) պատմության մեջ։ Սառը պատերազմի ավարտը Բալկանների հանդեպ Թուրքիայի արտաքին քաղաքականության համար առաջացրեց երկու կարևոր փոփոխություն՝ դրական և բացասական։ Դրականն այն էր, որ Սառը պատերազմի ավարտից հետո Բուլղարիան, Ռումինիան ու Ալբանիան, որոնք մինչ այդ ներկայացնում էին սոցիալիստական ճամբարը, իրենց հայացքները հառեցին դեպի Արևմուտք՝ դեպի ԵՄ ու ՆԱՏՕ (Թուրքիան աջակցեց ՆԱՏՕ-ին բալկանյան երկրների անդամակցության գործընթացին)։ Բացասականն այն էր, որ Հարավսլավիան մասնատվեց արյունալի ճանապարհով։ 1990-1995թթ․ պատերազմական և 1996-2002թթ․ հետպատերազմյան շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Բալկաններում հիմնականում կենտրոնացած էր Բոսնիայի վրա և բավական ակտիվ էր։ Հարավսլավիայի փլուզումը ճգնաժամեր էր առաջացրել տարածաշրջանում, և Թուրքիան մասնակցեց իրադարձություններին, երբ պատերազմը շոշափեց Բոսնիան։ Այդպիսով Թուրքիայի սահմանափակ ռազմական ներկայությունը հաստատվեց Բալկաններում, թեպետ Թուրքիան ուներ ՆԱՏՕ-ում երկրորդ խոշոր բանակը։ Սա էլ կարելի է գրանցել Թուրքիայի համար բացված հնարավորությունների թվում։ Բոսնիայի դեպքը Թուրքիայի առաջին քայլն էր «Բալկանները բացելու» ուղղությամբ (սերբական մամուլը պնդում էր, որ Թուրքիան ցանկանում է սեփական գերիշխանության ներքո իսլամական պետություն հիմնել Բոսնիա-Հերցեգովինայում)։ Այդ ժամանակաշրջանում (1990-1996թթ․) տեղի ունեցան բարձր մակարդակի այցեր․ Թուրքիայից Բոսնիա կատարվեց 17 այց, իսկ հակառակ ուղղությամբ՝ 36 այց։ Կնքվեց 15 համաձայնագիր, որոնք առնչվում էին տնտեսական, կրթական, մշակութային ու ռազմական համագործակցության ոլորտներին։

Սառը պատերազմի ավարտից հետո Թուրքիայում սկսվեցին նեոօսմանիզմի մասին քննարկումները։ 1992թ․ Իսմայիլ Ջեմը (1997-2002թթ․ Թուրքիայի արտգործնախարար) «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) անունից հայտարարեց, որ Բալկանյան ազգերը մեծ ակնկալիքներ ունեն Թուրքիայից և կարծիք հայտնեց, որ Թուրքիան պետք է վարի ավելի պլանավորված ու ակտիվ արտաքին քաղաքականություն։ 1993թ․ Աբդուլլահ Գյուլը «Բարօրություն» կուսակցության անունից հայտարարեց, որ Թուրքիան չունի բալկանյան քաղաքականություն՝ ընդգծելով երկրի ձախողումը սերբերի կողմից բոսնիացիներին սպանդի ենթարկելու հարցում։ Ի պատասխան այդ մեղադրանքների՝ Թուրքիայի արտգործնախարար (1991-1994թթ․) Հիքմեթ Չեթինն ընդգծեց Բալկանների կարևորությունը Թուրքիայի համար, չհամաձայնվեց այն կարծիքի հետ, որ Թուրքիան վարել է պասիվ Բալկանյան քաղաքականություն՝ ընդգծելով, որ Թուրքիան Մակեդոնիան ճանաչած առաջին պետությունն է։ Ընդ որում՝ թեև Մակեդոնիան շատ երկրների կողմից ճանաչվել է Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետություն, Թուրքիան 1992թ․ այն ճանաչել է որպես Մակեդոնիայի Հանրապետություն (Մակեդոնիայի 70․000 թուրքերը կարևոր գործոն դարձան Թուրքիայի հետ հարաբերություններում)։ Թուրգութ Օզալն իր հերթին 1992թ․ Ստամբուլում հայտարարեց․ «Ես հավատում եմ, որ 21-րդ դարը կդառնա մեր թուրք ժողովրդի դար։ Ես դա տեսա Խորհրդային Միություն այցելելիս։ Բոլորը (թյուրքական հանրապետությունները) հայացքները հառել են դեպի Թուրքիա։ Դա վերաբերում է նաև Բալկաններում գտնվող 56 մլն-անոց թուրքական/մուսուլմանական բնակչությանը։ Նմանապես մենք ունենք 140 մլն բնակչություն, եթե հաշվի առնենք նաև Կովկասն ու Չինաստանը։ Եթե մենք ճիշտ որոշումներ կայացնենք Թուրքիայի Հանրապետությունում ու անշեղորեն հետևենք այդ ուղուն, ապա 21-րդ դարը կդառնա Թուրքիայի ու թյուրքական ժողովուրդների դար։ Թուրքիան հիմնադրվել է Օսմանյան կայսրության ժառանգության վրա, որը ժամանակին մեծ կայսրություն էր։ Ես չեմ հավատում, թե մենք դեռ ոչ այնքան ենք ճանաչում այն։ Մենք չենք կարող խուսափել դրանից»։

Օսմանյան ու իսլամիստական դիսկուրսը, որը սկսեց Օզալը, հետագայում շարունակվեց տարբեր գործիչների կողմից, ինչպիսիք են Սուլեյման Դեմիրելը, Մեսութ Յըլմազն ու Թանսու Չիլերը, Նեջմեթթին Էրբաքանը։ Այդպիսով, Սառը պատերազմի ավարտից (1989թ․) մինչև ԱԶԿ-ի իշխանության գալը (2002թ․) ընկած ժամանակահատվածում աճեցին Թուրքիայի հետաքրքրությունները Բալկանների հանդեպ, հստակեցվեցին թուրքական շահերը տարածաշրջանում։ Թուրքիան ճանաչեց բալկանյան նորանկախ երկրների անկախությունը, հարաբերություններ հաստատեց նրանց հետ և սկսեց զարգացնել դրանք։ Բացի այդ, Թուրքիայի ուշադրության կենտրոնում հայտնվեցին Բալկաններում թուրք/մուսուլման բնակչության խնդիրները։ 1990-ականներին Թուրքիայի բալկանյան քաղաքականությունը հենված էր նաև Հունաստանի հետ մրցակցության ու ԵՄ-ի հետ սեփական քաղաքականությունը զարգացնելու վրա։ Եվ այնուամենայնիվ, 1990-ականներին Բալկաններում Թուրքիայի արձանագրած հաջողությունները սահմանափակ էին, ինչում իրենց դերն ունեին նաև 1991-2001թթ․ Թուրքիայում գրանցված երեք տնտեսական խոշոր ճգնաժամերը, 1997թ․ հետմոդեռնիստական հեղաշրջումը, Թուրքիայի հարավ-արևելքում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարի թեժացումը և այլն[2]։

 

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ԲԱԼԿԱՆՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ ԲԱԼԿԱՆՆԵՐԻ «ԵՐԿՐՈՐԴ» ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

ԱԶԿ կառավարությունը ոչ միայն վերցրեց Թ․ Օզալի գաղափարները, այլև՝ սկսեց իրականացնել բազմակողմ քաղաքականություն Արևելքից մինչև Արևմուտք, Հյուսիսից մինչև Հարավ և առաջին հերթին այն տարածաշրջանների հետ, որոնց հետ Թուրքիան ունի պատմամշակութային կապեր։ Դավութօղլուի «Ռազմավարական խորք» գրքում նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության ու ներքին կայունության համար Բալկանյան տարածաշրջանի կարևորության մասին։ Այդ համատեքստում Թուրքիան խանդավառությամբ լծվեց ոչ միայն Բալկանյան այն երկրներում, ուր առկա են թուրքեր ու մուսուլմաններ, այլև՝ ողջ տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելուն։ Թուրքիայի ուշադրության կենտրոնում հայտնվեցին մի կողմից՝ Բալկանների քաղաքական ու տնտեսական կայունությունը, մյուս կողմից էլ՝ Բալկանների հետ սոցիալական ու մշակութային կապերի զարգացումը։ ԱԶԿ-ը նոր շունչ հաղորդեց Օզալի նախաձեռնություններին, սկսեց վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն հենված Դավութօղլուի դոկտրինի վրա, որում հատուկ կարևորություն է տրվում Բալկանյան ավազանին։

Դավութօղլուն Թուրքիային արտաքին քաղաքականության տեսանկյունից առանձնացնում է ազդեցության երեք գոտի․ ա) մերձակա ցամաքային ավազան – Բալկաններ, Մերձավոր Արևելք, Կովկաս, բ) մերձակա ծովային ավազան – Սև ծով, Ադրիատիկ ծով, Էգեյան ծով, Արևելյան Միջերկրածով, Կարմիր ծով, Պարսից ծոց, Կասպից ծով, գ) մերձակա աշխարհամասային ավազան – Արևելյան Եվրոպա, Հյուսիսային Աֆրիկա, Կենտրոնական Ասիա։ Մերձակա ցամաքային ավազանի հարցում Դավութօղլուն կարևորում է թե՛ պատմական, թե՛ աշխարհագրական խորությունը․ «Պատմական խորությունԻնչ տեսանկյունից էլ, որ նայենք Մերձավոր Արևելքին, Բալկաններին ու Կովկասին, ապա կտեսնենք, որ Թուրքիան պատմականորեն ներկայացված է նրանցում (Օսմանյան կայսրության ու Թուրքիայի ժամանակաշրջան)։ Աշխարհագրական խորությունՄի շարք երկրներ և հատկապես կղզային պետությունները աշխարհագրորեն այնքան կտրված են շրջակայքի երկրներից, որ քիչ են ազդում նրանց վրա և քիչ են ազդվում նրանցից։ Սակայն Թուրքիայի պարագայում այդպես չէ։ Թուրքիան ոչ թե կամուրջ, այլ կենտրոնական երկիր է։ Թուրքիան միաժամանակ մի փոքր Բալկաններ է, մի փոքր Մերձավոր Արևելք և մի փոքր Կովկաս։ Եթե Իրաքը (սուննիներ, շիաներ, արաբներ, թուրքմեններ, պարսիկներ) միայն մի փոքր Մերձավոր Արևելք է, իսկ Հարավսլավիան (սերբեր, խորվաթներ, ալբանացիներ, բոսնիացիներ, թուրքեր)՝ միայն մի փոքր Բալկաններ, ապա Թուրքիան կարելի է անվանել առնվազն 6-7 տարածաշրջանի անունով՝ «Բալկանյան երկիր», «Սևծովյան երկիր», «Միջերկրածովյան երկիր», «Կովկասյան երկիր», «Մերձավորարևելյան երկիր», «Արևելաեվրոպական երկիր»»[3]։

Բալկանները կարևոր տեղ են զբաղեցնում նաև Դավութօղլուի նեոօսմանյան տեսլականում։ Նեոօսմանիզմը Թուրքիայի մեծ ու ռազմավարական տեսլականն է, որը Թուրքիան դիտարկում է որպես տարածաշրջանային գերուժ, որպես տարածաշրջանային արդյունավետ դերակատար, որպես կենտրոնական երկիր. «Ի տարբերություն ՌԴ-ի, Գերմանիայի, Իրանի կամ Եգիպտոսի՝ Թուրքիան չի կարող բնութագրվել աշխարհագրորեն կամ մշակութայնորեն՝ այն հղելով որևէ տարածաշրջանի: Թուրքիայի տարածաշրջանային բազմազան բաղադրիչները թույլ են տալիս նրան միաժամանակ մանևրել մի քանի տարածաշրջաններում։ Այս առումով այն վերահսկողություն ու ազդեցություն ունի իր անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների վրա։ Թուրքիան ունի հատուկ դիրք. Թուրքիան միաժամանակ մի փոքր Բալկաններ է, մի փոքր Կովկաս, մի փոքր Մերձավոր Արևելք։ Թուրքիայի աշխարհագրությունը նրան տալիս է հատուկ կենտրոնական և ոչ թե բուֆերային երկրի կարգավիճակ։ Գերմանիան կենտրոնական երկիր է Կենտրոնական Եվրոպայում, որը հեռու է Ասիայից ու Աֆրիկայից։ ՌԴ-ը մեկ այլ կենտրոնական երկիր է Եվրոպայում ու Ասիայում, որը հեռու է Աֆրիկայից։ Իրանը կենտրոնական երկիր է Ասիայում, որը հեռու է Եվրոպայից ու Աֆրիկայից։ Այսպիսով, գլոբալ տեսանկյունից Թուրքիան ունի լավագույն դիրքը, քանի որ գտնվում է թե՛ Ասիայում, թե՛ Եվրոպայում, ինչպես նաև մոտ է Աֆրիկային՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածով»։[4]

Եվ թեև Բալկանները Մերձավոր Արևելքի ու Կովկասի հետ մեկտեղ գտնվում են Թուրքիայի հարևանությամբ, այդ 3 տարածաշրջանների միջև կա 3 տարբերություն։ 1) Ի տարբերություն Մերձավոր Արևելքի ու Կովկասի՝ Բալկաններն ավելի երկար (5 դար) են մնացել օսմանյան գերիշխանության ներքո, 2) «Օսմանյան ժառանգությունը» առավելապես պահպանվել է Բալկաններում, քանի որ Կովկասը երբևէ չի գտնվել օսմանյան գերիշխանության ներքո, իսկ Մերձավոր Արևելքը, թեև դարեր շարունակ գտնվել է օսմանյան գերիշխանության ներքո, ներկայիս Թուրքիայի հետ նրա միավորող գործոնը իսլամն է։ 3) Եթե Մերձավոր Արևելքը գտնվում է ԱՄՆ-ի, իսկ Կովկասը՝ ՌԴ-ի գերիշխանության ներքո, ապա Բալկաններում չկա «գերուժի գերակայություն», այն բաց է այլ պետությունների ազդեցության համար[5]։

Եվ Թուրքիան բնականաբար փորձեց լցնել Բալկաններում առաջացած այդ վակուումը։ Նեօսմանիզմի նպատակը տեղ գրավելն է ոչ միայն իսլամական աշխարհում, այլև՝ Արևմուտքում։ Եվրոպական ժառանգությունը նույնպես շատ կարևոր է նեոօսմանցիների համար։ Նեոօսմանիզմի տեսանկյունից Թուրքիայի ուշադրության կենտրոնում են Արևմտյան Բալկանները՝ Բոսնիա-Հերցեգովինան, Ալբանիան, Խորվաթիան, Մոնտենեգրոն, Մակեդոնիան, Սերբիան և Կոսովոն։ Բալկանյան երկրների անվտանգությունը կարևոր է նաև Թուրքիայի արևմտյան սահմանների (Արևելյան Թրակիա) անվտանգության տեսանկյունից։ Բալկաններում Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ունի նաև տնտեսական հենք։ Բալկանները կարևոր տեղ են զբաղեցնում Մերձավոր Արևելքի ու Ասիայի հետ թե՛ ցամաքային, թե՛ ծովային հաղորդակցության ոլորտում (Ստամբուլ-Ադրիատիկ, Ստամբուլ-Դանուբ)։ Քաղաքական ու տնտեսական ազդեցության մեծացման հետ մեկտեղ Թուրքիան գնաց ռազմական ներկայությունն ուժեղացնելու ճանապարհով։ Թուրք զինվորականները կարևոր դեր են խաղացել կոնֆլիկտներից հետո տարածաշրջանում խաղաղություն պահպանելու գործընթացում[6]։

Դավութօղլուի խոսքերով՝ օսմանյան ժառանգությունը Թուրքիայի բալկանյան քաղաքականության հեշտացնող գործոն է, ինչի համար էլ Թուրքիայի արտաքին քաղաքականության թիրախում պետք է լինեն Բալկանյան երկրների մուսուլմանական համայնքները։ Դրա համար էլ նախևառաջ Թուրքիայի բնական դաշնակիցներ դիտարկվեցին բալկանյան այն երկու երկրները (Բոսնիա և Ալբանիա), որոնցում մուսուլմանները կազմում էին մեծամասնություն։ Ուշագրավ է, որ ավելի վաղ բալկանյան երկրներում ապրող թուրք ու մուսուլմանական համայնքները Թուրքիայի արտաքին քաղաքականության համար դիտարկվում էին որպես ավելորդ բեռ (գլխացավանք)։ Այդպիսով Թուրքիան իր անվտանգության հովանու ներքո վերցրեց Բալկանների մուսուլմանական փոքրամասնությունները և ստացավ նրանց հետ կապված հարցերին միջամտելու իրավունք՝ որպես երաշխավոր։ 1974թ․ Կիպրոսի միջամտությունը արվել է հենց նմանատիպ իրավունքի շրջանակներում։

Դավութօղլուն ընդգծում է, որ Թուրքիան իր արտաքին քաղաքականությունում պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերի բալկանյան այն երկրների հանդեպ, ուր չկան մուսուլմանական համայնքներ։ Բանն այն է, որ մուսուլմանական համայնքների համար օսմանյան կառավարման ժամանակաշրջանը համարվում է ոսկեդար, մինչդեռ ոչ մուսուլմանական համայնքների համար դա բնորոշվում է որպես գաղութատիրության, ծանր հարկերի, երբեմն նաև սպանդերի ժամանակաշրջան։ Եվ Թուրքիան ջանքեր գործադրեց նաև Բալկաններում ոչ մուսուլման համայնքների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Թուրքիայի այս նոր մոտեցման կոնկրետ արդյունքը դարձավ Սերբիայի հետ երկխոսության ու վստահության միջավայրի ձևավորումը, որի հետ Թուրքիան նախորդ տասնամյակում ուներ վատ հարաբերություններ (ավելի վաղ Թուրքիան միացել էր Հարավսլավիայի դեմ պատժամիջոցներին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի միջամտությանը Կոսովոյում)։ Իսկ դա իր հերթին հնարավորություն տվեց նոր էջ բացել Սերբիայի, Բոսնիա-Հերցեգովինայի ու Խորվաթիայի փոխհարաբերություններում։ Արդյունքում 2009թ․ դարձավ ոչ միայն որպես Բալկաններում Թուրքիայի ազդեցիկ դերակատար դառնալու տարի, այլև՝ Թուրքիա-Սերբիա հարաբերությունների ջերմացման տարի։ 2009թ․ հոկտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այցելեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, ինչը նման մակարդակի առաջին այցն էր վերջին 23 տարում։ Թուրքիայի (Դավութօղլուի) ամենակարևոր նախաձեռնություններից մեկը դարձավ 2009թ․ հոկտեմբերի 1-ին «Թուրքիա-Սերբիա-Բոսնիա-Հերցեգովինա» եռակողմ մեխանիզմի ձևավորումը և 2010թ․ ապրիլի 24-ին երեք երկրների առաջնորդների կողմից ստամբուլյան հռչակագրի ստորագրումը, որն առնչվում էր Բալկաններում կայունություն ու խաղաղություն հաստատելուն։ Ի դեպ, ստամբուլյան նիստին մասնակցելու նպատակով Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի թուրքական այցը դարձավ սերբ առաջնորդի առաջին այցը Թուրքիա՝ սկսած 1878թ․ Վիեննայի կոնգրեսից, որով Սերբիան ձեռք բերեց անկախություն։ Այցից քիչ անց՝ 2010թ․ մարտի 30-ին Սերբիայի խորհրդարանը զարմացրեց աշխարհին՝ դատապարտելով սերբերի կողմից Սրեբրենիցայում բոսնիացների հանդեպ իրականացրած սպանդը։ Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչն էլ հայտարարեց, որ առանց Թուրքիայի՝ Բալկաններում չի կարող լուծվել որևէ հարց։ Ա․ Դավութօղլուն իր հերթին դարձավ վերջին 130 տարում Մոնտենեգրո այցելած առաջին թուրք արտգործնախարարը։ «Թուրքիա-Խորվաթիա-Բոսնիա» և «Թուրքիա-Սերբիա-Բոսնիա» եռակողմ մեխանիզմները դարձան երկխոսության հաջողակ խողովակներ։ «Թուրքիա-Սերբիա-Բոսնիա» եռակողմ մեխանիզմի հաջողություն դարձավ Բելգրադում Բոսնիայի դեսպանի նշանակումը, կամ էլ, որ Սերբիան աջակցեց Թուրքիայի՝ ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալուն (2010թ․)[7]։ Այս ամենը վկայում է, որ Թուրքիայում քաջ գիտակցեցին, որ եթե ցանկանում են Բալկաններում հանդես գալ նաև միջնորդական առաքելությամբ և այդ կերպ մեծացնել սեփական հեղինակությունն ու պահանջարկը տարածաշրջանում (և ոչ միայն), ապա պետք է ջերմացնել Սերբիայի հետ հարաբերությունները։

Ըստ Դավութօղլուի՝ Թուրքիայի բալկանյան քաղաքականությունը պետք է հենված լինի 4 սկզբունքի վրա։ 1) Թուրքիան պետք է Բալկաններում վարի ճկուն և պարբերաբար վերադասավորվող քաղաքականություն՝ կախված տարածաշրջանային ու գլոբալ նախապատվություններից, քանի որ հետսառըպատերազմյան ժամանակաշրջանը ստեղծել է ճկուն ու դինամիկ կառուցվածք Բալկաններում։ 2) Քաղաքական ճկունության տեսանկյունից Թուրքիան պետք է պահպանի իր հարաբերությունները բոլոր դերակատարների հետ և անգամ նրանց հետ, ովքեր ունեն հակառակ դիրքորոշում, քանի որ միջազգային դինամիկ պայմաններն անհրաժեշտություն են դարձնում միջազգային բոլոր դերակատարների հետ շփումները։ 3) Թուրքիան պետք է ակնդետ հետևի ազդեցիկ ուժերին, որոնք պատմական կապեր ունեն տարածաշրջանի հետ և համագործակցի նրանց հետ։ 4) Թուրքիան պետք է ստեղծի իրական և դիվանագիտական գործիքներ՝ վերացնելու համար հակաօսմանյան և հակաթուրքական կերպարը և համապատասխան քարոզչություն իրականացնի սերբերի ու հույների շրջանում, որպեսզի Թուրքիան կարողանա ներգրավվել տարածաշրջանի ներքին խնդիրների լուծման մեջ։ Որպես եզրափակիչ գործիք ծառայելու են ՆԱՏՕ-ն ու ԻՀԿ-ը, ուր Թուրքիան որոշակի ուժ է[8]։ Թուրքիան սկսեց հատուկ ուշադրություն դարձնել և աջակցել Բալկանյան երկրների անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին՝ հուսալով, որ դա կնպաստի խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում։ Թուրքիան առաջատար խաղաց նրանում, որ 2009թ․ Ալբանիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ 2010թ․ Բոսնիա-Հերցեգովիան ստացավ MAP-ի (անդամակցության գործողությունների պլան) հրավեր։ Դավութօղլուն Թուրքիայի բալկանյան քաղաքականությունում կարևորում է ՆԱՏՕ-ի և ոչ թե ԵՄ-ի կամ ՄԱԿ-ի գործոնը, ուր Թուրքիայի ներդրումը չէր կարող լինել նմանատիպ[9]։

Այսպիսով, դեպի Բալկաններ Թուրքիայի արտաքին քաղաքական կողմնորոշման հիմքում ընկած էր 5 գործոն․ ա) Բալկանների հետ Թուրքիայի ունեցած պատմական երկար կապեր, բ) Բալկաններում թուրքական տարրի ներկայություն, երկկողմ միգրացիա, գ) Թուրքիայի աշխարհագրական շփում տվյալ տարածաշրջանի հետ, դ) Թուրքիայի աճող տնտեսություն ու երկրի տնտեսական կապերի զարգացում բալկանյան երկրների հետ, ե) եթե Թուրքիան կարողանար լավ հարաբերություններ զարգացնել բալկանյան երկրների հետ, ապա նրանք կաջակցեին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը։

 

ՓԱՓՈՒԿ ՈՒԺ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1990թ․ ամերիկացի քաղաքագետ Ջոզեֆ Նայի շրջանառության դրած «փափուկ ուժի» հայեցակարգն իր կիրառումն է գտել ԹՀ արտաքին քաղաքականությունում։ Հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում Թուրքիան գնալով սկսեց ավելի շատ նախապատվություն տալ «փափուկ ուժի» գործիքներին, ինչն անհրաժեշտ էր նաև նեոօսմանյան ձգտումների համար։ Օսմանյան կայսրության վերածննդի փոխարեն Թուրքիան փորձում է օգտագործել իր «փափուկ ուժի» լծակները (կամուրջ Արևմուտքի ու Արևելքի միջև, մուսուլման ազգաբնակչություն, աշխարհիկ պետություն, ժողովրդավարական քաղաքական համակարգ ու կապիտալիստական տնտեսական ուժ), ներկայանալ որպես մոդել երկիր՝ որպես իսլամի ու ժողովրդավարության հաջող ներդաշնակություն, ներկայանալ որպես «ծագող ուժ» (Rising Power)։ ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո երկու կարևոր փոփոխություն տեղի ունեցավ Բալկանների հանդեպ Թուրքիայի արտաքին քաղաքականությունում։ 1) Որոշվեց խորացնել Բալկանյան երկրների հետ հարաբերությունները և հատկապես տնտեսական հարաբերությունները։ 2) Որոշվեց զարգացնել հարաբերությունները ոչ միայն Բալկանյան պետությունների ու կառավարությունների միջև, այլև՝ Բալկաններում գործող թուրքական և մուսուլմանական քաղաքական կազմակերպությունների ու կուսակցությունների հետ։ Վիզային ռեժիմի վերացումն ու սոցիալական ակտիվությունը դարձան Բալկանների հանդեպ Թուրքիայի արտաքին քաղաքականության կարևոր տարրեր։ Տնտեսական պլանում Թուրքիայի տեսադաշտում հայտնվեցին Բալկանների հեռահաղորդակցային, տրանսպորտային ենթակառուցվածքներն ու բանկային ոլորտը։ Բոսնիա-Հերցեգովինայում ամբողջովին օտար կապիտալով առաջին բանկը Թուրքիայի Գյուղատնտեսական բանկն էր։ Տարածաշրջանը կարիք ուներ ներդրումների և թուրք գործարարների ներդրումները ազդեցիկ դեր խաղացին Բալկաններում։ Այդ ամենը միտված էր տարածաշրջանում Թուրքիայի տնտեսական ազդեցությունը մեծացնելուն (եթե 2002թ․ Արևմտյան Բալկանների ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում էր 435 մլն $, ապա 2016թ․ այն հասավ 3 մլրդ $-ի)։ Ներդրումները նույնպես դարձան Թուրքիայի «փափուկ ուժի» ռազմավարության տարր։ Միաժամանակ Թուրքիան սկսեց հատուկ նշանակություն տալ հանրային դիվանագիտության գործիքներին՝ ավելի լավ հաղորդակցության և փոխգործակցության համար:

Հանրային դիվանագիտություն – Մի շարք հետազոտողներ ավանդական դիվանագիտությունը, երբ հարաբերությունները պետք է ձևավորվեն տարբեր երկրների կառավարությունների միջև, կառավարական մակարդակով, անվանում են «Հին դիվանագիտություն»։ Դիվանագիտության այս տեսակը ձգվում է Վերածննդի ժամանակաշրջանից մինչև Առաջին համաշխարհային պատերազմ: Մեդիա գործիքների տարածումն ու շփումների զարգացումն առաջացրին դիվանագիտության նոր մեթոդի ձևավորումը, որը դարձավ ավանդական դիվանագիտության տարրերից մեկը։ «Հանրային դիվանագիտություն» անունը ստացած այս դիվանագիտությունն սկսվեց լայնորեն կիրառվել ԱՄՆ-ում 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո։ Թուրքիայում հանրային դիվանագիտության կոնցեպտը սկսվել է քննարկվել 2009թ․ վարչապետին կից Հանրային դիվանագիտության համակարգող գրասենյակի (Coordination Office of Public Diplomacy, COPD) հիմնումից հետո: Բանն այն է, որ Թուրքիայի «փափուկ ուժի» տարբեր բաղադրիչներն ստեղծվել են տարբեր ժամանակ, ուստիև նրանց միջև փոխգործակցությունը թույլ էր։ Թուրքիայի հանրային դիվանագիտության գործիքները քանակական ու որակական աճ գրանցեցին 2000-ականներին նրա տնտեսական զարգացմանը և արտաքին քաղաքականության փոփոխմանը զուգահեռ։ Խոսքը մշակույթի և զբոսաշրջության նախարարության, Թուրքական համագործակցության ու համակարգման TIKA գործակալության (TİKA), Kızılay-ի (Կարմիր մահիկ), Թուրքական ռադիո և հեռուստատեսային կոոպերացիայի (TRT), արտասահմանաբնակ թուրքերի ու ազգակից համայնքների նախագահության (YTB), Յունուս Էմրեի ինստիտուտի (YEI), Թուրքիայի կառավարության մամուլի և տեղեկատվության գլխավոր վարչության (BYEGM) մասին է։

COPD-ը հիմնվել է արտերկրում Թուրքիայի հեղինակությունը ձևավորելու, Թուրքիայի քայլերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Այն համագործակցում է ԱԳՆ-ի և մշակույթի ու զբոսաշրջության նախարարության հետ։ Նրա առավել կարևոր միջոցառումներից են լրագրողական ծրագրերը, տարբեր երկրներին առնչվող ծրագրերը, օտար ԶԼՄ-ներին իրազեկելու գործունեությունը, ինչպես նաև հանրահայտ վերլուծական կենտրոնների ու մամլո հիմնադրամների հետ հանդիպումները։ Տարբեր երկրներին առնչվող ծրագրերը միտված են եղել արտերկրում Թուրքիան ճշմարտացի ներկայացնելուն։ Այս համատեքստում կարևորվել է ուղեղային կենտրոնների հետ աշխատանքը, քանի որ վերջին տարիներին նրանք մասնակցում են հասարակական կարծիք ձևավորելուն։ Դրան նպաստել են նաև Թուրքիայում ուսանող ու աշխատող օտար հետազոտողներն ու փորձագետները։ COPD-ի մեկ այլ գործունեությունն էլ առնչվել է Թուրքիայում գործող օտար ԶԼՄ-ների հետ շփումներին, նրանց ներկայացուցիչներին հնարավորություն է տրվել հանդիպելու այնպիսի մարդկանց հետ, ովքեր որոշումներ են ընդունում և նման մեխանիզմներով ճշգրիտ տեղեկատվություն ստանալ Թուրքիայի օրակարգի մասին։ Օտար մամուլի համար նման հանդիպումներ կազմակերպվել են նաև արտերկրում:

TIKA-ն Թուրքիայի «փափուկ ուժի» տարրերից է։ Այն ստեղծվել է 1992թ․՝ Թուրգութ Օզալի կարգադրությամբ և ԽՍՀՄ փլուզումից հետո սկսել է նախագծեր իրագործել Մերձավոր Արևելքում, Կովկասում ու Բալկաններում։ Հիմնական նպատակը եղել է օգնել այդ տարածաշրջաններում բնակվող ազգակից ու բարեկամ ազգերին՝ ապրելու քաղաքական ու տնտեսական զարգացում, ձևավորելու պետական նոր կառուցվածք՝ կոմունիստական համակարգի փլուզումից հետո, և դառնալու միջազգային հարաբերությունների լիիրավ մաս։ TIKA-ի առաջին գրասենյակը բացվել է Թուրքմենստանում, իսկ Բալկաններում նրա առաջին երկու գրասենյակները բացվեցին 1995թ․ Սարաևոյում և 1996թ․՝ Տիրանայում։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է այն, որ 1990-ականներին Բալկաններում Թուրքիայի հիմնական ուշադրության կենտրոնում գտնվել են մուսուլմանական բնակչությամբ Բոսնիա-Հերցեգովինան և Ալբանիան։ Եվ չնայած 1990-ականներին Թուրքիայում տիրող անկայունությանը՝ TIKA-ն Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում էր և նրա բյուջեն չնվազեցվեց երբևէ։ ԱԶԿ-ի կառավարման տարիներին Թուրքիայում հաստատված քաղաքական ու տնտեսական կայունությունը հնարավորություն տվեցին նորովի նայել արտաքին քաղաքականությանը, այդ թվում նաև զարկ տալ TIKA-ի գործունեությանը (այդ կայունությունը կապված էր նաև 1999թ․ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կալանավորմամբ)։ Եթե 2002թ․ TIKA-ի գրասենյակների թիվը հասնում էր 12-ի, ապա 2012թ․ նրանց թիվը հասավ 33-ի։ Այդ ժամանակ այն օգնություն էր ցուցաբերում 100 երկրի՝ տրամադրելով 1․3 մլրդ $։ Հավելենք, որ այսօր աշխարհի 59 երկրում գործում է TIKA-ի 61 գրասենյակ, նրա գործունեությունն առնչվում է 170 երկրի (բոլոր բնակելի 5 մայրցամաքներում)։ Եթե 2002թ․ TIKA-ն զարգացման համար հատկացրել է 85 մլն $, ապա 2017թ․՝ 8 մլրդ 120 մլն $։ ԱԶԿ կառավարման տարիներին Բալկաններում TIKA-ի գրասենյակներ բացվեցին Կոսովոյում (2004թ․), Մակեդոնիայում (2005թ․), Մոնտենեգրոյում (2007թ․), Սերբիայում (2009թ․)։ TIKA-ն նշված երկրների համալսարաններում իրականացնում էր Թուրքագիտական նախագիծ՝ բացելով թուրքերենի ու թուրք գրականության ամբիոններ։ Սակայն TIKA-ի գործունեությունը չէր սահմանափակվում միայն դրանով, այն տարածվում էր բոլոր ոլորտներում՝ օգնություն տեխնիկական զարգացման հարցում, սոցիալական ու բժշկական նախագծերի իրագործում։ TIKA-ն նաև սկսեց վերականգնել Օսմանյան ժամանակաշրջանից մնացած հուշարձանները, մզկիթները, բաղնիքները, շուկաները, ինչպես նաև նոր մզկիթներ ու դպրոցներ կառուցել այն շրջաններում, ուր մուսուլմանները կազմում են մեծամասնություն։ TIKA-ի գործունեության վերաբերյալ 2012թ․ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը երկրի խորհրդարանում հայտարարել է․ «Երբ ես այցելում եմ որևէ երկիր և խոսում եմ TIKA-ի մասին, ես տեսնում եմ, որ մարդիկ և անգամ նախարարները ժպտացող աչքերով, չափազանց մեծ համակրանքով են լցված նրա հանդեպ»։ TIKA-ն այդպիսով դարձավ Բալկանները բացահայտելու Թուրքիայի ազդեցիկ գործիքներից մեկը[10]:

Հումանիտար օգնություն – Թուրքիան արտերկրում իր հեղինակությունն ու ազդեցությունը մեծացնելու համար աչքի է ընկնում կարիքավոր երկրներին հումանիտար օգնություն ցուցաբերելով։ Եվ եթե տարիներ առաջ Թուրքիան համարվում էր «ծագող դոնոր» (Rising Donor), ապա 2017թ. արդյունքներով Թուրքիան ցուցաբերած հումանիտար օգնության ծավալներով զբաղեցրել է առաջին տեղն աշխարհում։ Այդ մասին նշված է «Աշխարհում հումանիտար օգնության ծավալների մասին» տարեկան զեկույցում, որը հրապարակել է բրիտանական Զարգացման նախաձեռնությունների կազմակերպությունը։ Դրա համաձայն՝ 2017թ. Թուրքիան ցուցաբերած հումանիտար օգնության ծավալով (8.07 մլրդ $) գլխավորել է ամենաառատաձեռն երկրների ցուցակը։ 2017թ. ցուցաբերված համաշխարհային մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կազմել է 27.3 մլրդ $, որի 1/3-ը փաստորեն բաժին է ընկել Թուրքիային։ Ընդ որում, Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնել նաև իր ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ ցուցաբերած մարդասիրական օգնության ցուցանիշով՝ 0.85%։ Բացի այդ, ՄԱԿ-ի՝ Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելով հարցերով համակարգող, Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի (NRC) ղեկավար Յան Էգելանը հայտարարել է, որ Թուրքիան փախստականներին ընդունելու և նրանց պաշտպանություն ապահովելու համատեքստում ամենաառատաձեռն երկիրն է աշխարհում։ Նրա խոսքերով՝ Թուրքիան մեծ զրկանքների է ենթարկվել՝ ընդունելով 3 մլն սիրիացի փախստականի և ևս կես մլն փախստականի այլ երկրներից[11]։ Իսկ ինչո՞ւ է Թուրքիան վերջին տարիներին դարձել այդքան առատաձեռն, ինչո՞ւ է իր ուշադրության կենտրոնում պահում կարիքավոր երկրներին։ Պատասխանն ակնհայտ է՝ Թուրքիան ունի բազում ակնկալիքներ, ընդ որում՝ դրանք կարող են յուրովի արտահայտվել կոնկրետ տարածաշրջանների ու երկրների պարագայում, այդ թվում նաև դրանցում իր ռազմակայանները բացելու տեսքով (օրինակ՝ Սոմալիում)։ Քանի որ վերջին տարիներին Թուրքիան է՛լ ավելի է ակտիվացել արտաքին քաղաքական դաշտում, նրա պահանջները, հավակնություններն է՛լ ավելի են աճել, ուստիև գնալով աճում են նաև նրա կողմից ցուցաբերված մարդասիրական օգնության ծավալն ու աշխարհագրությունը:

«Փափուկ ուժի» գործիքներից Türk Kızılayı-ը (Թուրքական Կարմիր Մահիկ) 1990-ականների ճգնաժամի ժամանակ Բալկաններում մատուցած ծառայությունների մասշտաբով զբաղեցրել է առաջին տեղը։ 2010թ․ Türk Kızılayı-ը մասնակցեց Գազայի հատված մարդասիրական օգնություն ուղարկելուն, ինչը հանգեցրեց «Մավի Մարմարայի» միջադեպին և Իսրայելի ու Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացմանը։ Դա վկայում է, որ անգամ ՀԿ-ների կողմից կազմակերպվող հումանիտար օգնության առաքումը թուրքական իշխանություններին հնարավորություն է ընձեռում ամրապնդել սեփական դիրքերը հարակից ու հեռավոր տարածաշրջաններում՝ դրա հետ մեկտեղ չխախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերը։ Հենց դրանով էր պայմանավորված 2014թ․ օգոստոսին դեպի Գազայի հատված մարդասիրական նոր օգնության ուղարկումը։

«Թուրքական ավիաուղիները» (Türk Hava Yolları, THY) նույնպես Թուրքիայի «փափուկ ուժի» նոր գործիքներից մեկն են։ 2000-ականներին նրան հաջողվեց ընդգրկվել համաշխարհային բրենդների թվում։ 2014թ․ THY-ը 20 խոշորագույն ավիափոխադրողների թվում զբաղեցրեց 5-րդ տեղը։ Այդպիսով, Թուրքիայի արտաքին քաղաքականությանը զուգահեռ THY-ը մեծացնում էր իր չվերթների քանակը և ընդլայնում դրանց աշխարհագրությունը, ինչը հատկապես զգալի էր Աֆրիկայի պարագայում։ Թուրքիայում վստահ են, որ THY-ի հաջողությունները նպաստում են արտերկրում Թուրքիայի հեղինակության բարձրացմանը, զբոսաշրջային հոսքի աճին, Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության տարբեր խնդիրների լուծմանը, ինչն իրականացվում էր առևտրի, գործնական համագործակցության և ժողովուրդների փոխադարձ շփումների զարգացման շնորհիվ։ Բացի այդ, THY-ը ստացավ նոր գործառույթ․ Կոսովոյի անկախությունից հետո THY-ը պատրաստակամություն հայտնեց նրա քաղաքացիների համար դառնալու պատուհան դեպի արտաքին աշխարհ և մասնավորապես դեպի 80 երկրի ավելի քան 200 քաղաք[12]։

Յունուս Էմրեի ինստիտուտը (YEI) ստեղծվել է 2007թ., նրա հիմնական նպատակը կրթական և գիտական ակտիվությունն է, թուրքական մշակույթը, պատմությունը և գրականությունը ներկայացնելն ու դասախոսելը։ YEI-ն արտերկրում բացեց մշակութային կենտրոններ՝ աջակցելով գիտական նախագծերի, մշակութային ակտիվության ու դասընթացների։ Միևնույն ժամանակ YEI-ն ամրապնդում էր կապերը մշակույթների միջև՝ վերաուժեղացնելով թուրքերենի կրթությունը, ներկայացնում էր Թուրքիան արտերկրում և զարգացնում էր այլ երկրների հետ հարաբերությունները։ 2012թ․ դրությամբ YEI-ն 25 մշակութային կենտրոն էր բացել 19 երկրում, որոնցից 10-ը գտնվում էին Բալկաններում։ Դրանցից 2-ը բացվել են Բոսնիա-Հերցեգովինայում, 3-ը՝ Կոսովոյում, 2-ը՝ Ալբանիայում, 2-ը՝ Ռումինիայում և 1-ը՝ Մակեդոնիայում։ Թուրքիան այդպիսով մտադիր էր YEI-ն լեզվական ու մշակութային տեսանկյունից վերածել համաշխարհային մասշտաբով ֆունկցիոնալ ինստիտուտի, ինչպիսին որ Գյոթեի ինստիտուտն է, Բրիտանական խորհուրդը և Սերվանտեսը[13]։ YEI-ն ստեղծվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի աջակցությամբ, և պատահական չէր, որ Գյուլը 2011թ․ Լոնդոնում մասնակցեց YEI-ի մշակութային կենտրոնի բացման արարողակարգին՝ հայտարարելով․ «Մեծ պետությունները գոյություն ունեն ոչ միայն դիվանագիտության, այլև՝ մշակութային կապիտալի միջոցով։ YEI-ի անվան մշակութային կենտրոնները Թուրքիայի «անտեսանելի» ուժն են։ Մեր մշակութային ժառանգության պահպանումը մեր պետության մեծագույն ուժն է»[14]։

Արտասահմանաբնակ թուրքերի ու ազգակից համայնքների նախագահություն (YTB 2010թ․ հիմնադրված այս կառույցն ունի 3 հիմնական առաջադրանք։ ա) Լուծել արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների խնդիրները և ապահովել նրանց կենսակերպը՝ հյուրընկալ երկրների քաղաքացիների հավասար իրավունքներով։ բ) Ազգակից երկրների ու համայնքների հետ զարգացնել սոցիալական ու մշակութային հարաբերությունները։ գ) ապահովել կոորդինացիան համապատասխան ինստիտուտների միջև՝ կապված «Ուսանողական մեծ նախագծի» (Great Student Project, GSP) շրջանակում Թուրքիա ժամանող ուսանողների հետ, ինչն ավելի վաղ իրականացնում էին Թուրքիայի կրթության նախարարությունը և բազում ինստիտուտներ ու կազմակերպություններ։ YTB-ն ակտիվ կապեր հաստատեց Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Բալկաններում ու Մերձավոր Արևելքում համապատասխան համայնքների ինստիտուտների ու ՀԿ-ների հետ։ Դա նպաստեց Թուրքիայում օտար ուսանողների քանակակաան աճին՝ 2010-2011թթ․ նրանց թիվը հասավ 26․000-ի: Արդյունքում հարյուրավոր ալբանացի, բոսնիացի և բալկանյան այլ ազգերի ներկայացուցիչներ սկսեցին ուսանել Թուրքիայի համալսարաններում։ Թուրքիան մեծ ուշադրություն հատկացրեց Հունաստանում ու Բուլղարիայում թուրք փոքրամասնությունների քաղաքական, սոցիալական ու մշակութային իրավունքների պաշտպանությանը։ Տվյալ խնդիրները լուծելու համար Թուրքիայի իշխանությունները գործում են երկու ճակատով՝ երկկողմ հարաբերություններ և տարբեր հարթակներ՝ ԵՄ, ՄԻԵԴ (Թուրքիան օգտագործում էր նաև Պոլսո Հունաց պատրիարքարանը)։ Թուրքիան ամեն բան գործադրում էր, որպեսզի Արևմտյան Թրակիայում ապրող ազգակիցները զգան իր աջակցությունը։ Թուրքիան նաև լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի Բուլղարիայի թուրքերը չմոռանան թուրքերենը, թուրք գրականությունը։ Այդ նպատակով թուրքական գրականության 30 աշխատություններ թարգմանվել են բուլղարերեն։ 2004թ․ մեկնարկեց «Թուրքիայի գրադարանները յուրաքանչյուր երկրում» նախագիծը, որի շրջանակներում աշխարհի 67 երկրներում գործող 100 թուրքական կենտրոնները ստացան 90․000 գիրք։ Այս ամենը նաև Թուրքիայի մշակութային դիվանագիտության մաս է։

TÜRKSOY – Թուրքիայի գրավչությունը մեծացնելու արդյունավետ միջոցներից մեկը դարձան արտերկրում թուրքական կրթական համակարգը լոբբինգի ենթարկելը, ինչպես նաև թուրքերենի հանրաճանաչության մեծացմանն ուղղված քայլերը։ Հենց նման քարոզչական աշխատանքների համար ստեղծվել էր Թուրքական մշակույթի ու արվեստի համատեղ զարգացման միջազգային կազմակերպությունը (TÜRKSOY)։ Նրա առաջնահերթությունները դարձան թյուրքալեզու ժողովուրդների սոցիալական ինքնությունը վեր հանելը, ուսումնասիրելը, պահպանելն ու բազմապատկելը։ TÜRKSOY-ից բացի, թյուրքական տիրույթում և հատկապես նրա լուսավորչական ոլորտում ակտիվորեն գործում էր նաև իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի «Հիզմեթ» («Ծառայություն») շարժումը։

TRT, Anadolu Agency, BYEGM – Թուրքիայի արտաքին քաղաքականությանը զուգահեռ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերությունը (TRT) գործարկեց նոր նախաձեռնություններ և սկսեց բազմալեզու ու բազմամշակույթ հեռարձակում։ Բազմալեզու հեռարձակումները, որոնք դարձան Թուրքիայի պետական քաղաքականության կարևոր գործիքներ, հասան այնպիսի տարածաշրջաններ, որոնց հետ Թուրքիան ունի պատմամշակութային կապեր, շփումներ և փոխգործակցություն տեղի համայնքների հետ։ TRT Avaz-ը և TRT Turk-ը 2009թ․ իրենց հեռարձակումներն սկսեցին Կենտրոնական Ասիայում, Կովկասում ու Բալկաններում։ TRT–ն իր ներկայացուցչական գրասենյակը բացեց Բոսնիա-Հերցեգովինայում։ Արտասահմանյան հաղորդումների դեպարտամենտին կից սկսեցին բալկանյան լեզուներով հեռարձակել ռադիոալիքներ և նորությունների շարք։ Արտերկրյա ներկայացուցչություններն ու գրասենյակները դարձան Թուրքիայի հանրային դիվանագիտության կարևոր գործիքներից մեկը։ Anadolu գործակալությունը 2009թ․ ներկայացուցչություն բացեց Սարաևոյում, ինչը 2011թ․ վերափոխվեց Բալկաններում ռեգիոնալ տնօրինության, որի ենթակայության ներքո էին Սերբիայի, Մոնտենեգրոյի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Ալբանիայի ու Խորվաթիայի գրասենյակները։ Սա վկայում է, որ Թուրքիայի համար Բոսնիան շարունակում էր կենտրոնական դեր խաղալ նաև այս ոլորտում։ Anadolu-ն տեղական լրատվական գործակալությունների համար դարձավ առաջին ձեռքից ինֆորմացիա հաղորդող կառույց՝ լցնելով հանրային դիվանագիտության ու շփումների լուրջ բացը։ Anadolu-ն նաև դարձավ Բալկաններում ամենամեծ լրատվական գործակալություններից մեկը։ Anadolu-ն նպատակադրվել է մինչև 2020թ․՝ իր ստեղծման 100-ամյակ, տեղ զբաղեցնել աշխարհի ամենաարդյունավետ լրատվական գործակալությունների հնգյակում։

Թուրքիայի արտաքին քաղաքականության էական գործիքներից մեկը BYEGM-ն է, որը ստեղծվել է 1984թ․ և գործում է վարչապետական ապարատին կից։ BYEGM-ի նպատակն առաջխաղացման քաղաքականության հստակեցումն է, հանրությանը ժամանակին հավաստի տեղեկատվություն տրամադրելը, օտար մամուլում Թուրքիայի կառավարության գործունեության արդյունավետ արտացոլումը, Թուրքիայի դեմ իրականացվող քարոզչության հետևումն ու գնահատումը, ԱԳՆ-ի հետ այնպիսի գործունեության համակարգումը, որը կարող է մեծ դեր ունենալ Թուրքիայի իմիջի ու հեղինակության բարձրացման համար։ Արտաքին քաղաքական դաշտում BYEGM-ի կարևոր ակտիվություններից մեկը տեղական ու օտար ԶԼՄ-ների միջոցով հավաքած տեղեկատվությամբ կիսվելն է։ BYEGM-ը ներկայացնում է մամուլի գործունեության տարեկան գնահատական՝ տարբեր լեզուներով հրապարակելով Turkey Almanac, ամեն տարի կանոնավորապես հանդիպումներ է կազմակերպում օտար մամուլի, այդ թվում նաև Բալկանյան երկրների մամլո ներկայացուցիչների հետ։ 2011թ․ մայիսին Բուրսայում կազմակերպվել էր Բալկանյան մեդիայի ֆորում (Balkan Media Forum):

Թուրքական հեռուստասերիալներ – Թուրքիայի «փափուկ ուժի» տարրերից մեկը դարձավ հեռուստատեսությունը։ 1990-ականներին հեռուստաալիքների սեփականաշնորհումից հետո թուրքական հեռուստասերիալներն ու ֆիլմերը շատ կարճ ժամանակահատվածում սկսեցին մեծ հաջողություններ գրանցել արտերկրում։ Աշխարհի 90 երկրում թուրքական հաղորդումներ է նայում մոտ 400 մլն մարդ։ Այսօր թուրքական հեռուստասերիալները մեծ հանրաճանաչություն են վայելում անգամ Լատինական Ամերիկայում՝ չնայած նրան, որ 1990-ականներին տվյալ ոլորտի առաջատար դիրքերը պատկանում էին այդ տարածաշրջանի երկրներին (անգամ նշվում է, որ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին թուրքական հեռուստասերիալների սիրահար է)։ Թուրքական հեռուստասերիալներն ամենամեծ պահանջարկը վայելում են Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներում։ Դրա վկայությունն է այն, որ Պաղեստինի ինքնավարությունում ՖԱԹՀ-ի ու ՀԱՄԱՍ-ի դիմակայության ժամանակ թուրքական Ihlamurlar altında («Լորենիների ներքո») հեռուստասերիալի ցուցադրման ժամանակ (ժամը 16․00-ին) հակամարտող կողմերը պայմանավորվել են մեկժամյա հրադադարի մասին։ ԱԶԿ կառավարման ժամանակ տեսադաշտում հայտնվեցին Օսմանյան կայսրության պատմությունն ու մշակույթը, ինչն արտացոլվեց հատկապես 2011-2014թթ․ «Սքանչելի դար» (Mühteşem Yüzyıl) և 2012թ․ «Ֆաթիհ (Նվաճում) 1453» (Fetih 1453) հեռուստասերիալների նկարահանմամբ, որոնցից առաջինն առնչվում էր օսմանյան ամենահզոր սուլթան Սուլեյման 1-ինին, իսկ երկրորդը՝ Կոստանդնուպոլիսը գրաված Մեհմեթ Ֆաթիհ սուլթանին։ Արդյունքում շատ երկրների համար շահավետ դարձավ Թուրքիայից հեռուստասերիալներ ու ֆիլմեր գնելը, քան՝ սեփական հեռուստասերիալներ ու ֆիլմեր արտադրելը։ Թուրքիայում մտադիր են առաջիկա 5 տարիներին հեռուստասերիալների արտահանման տարեկան ծավալը հասցնել 1 մլրդ $-ի։ Թուրքական հեռուստասերիալները կարևոր են ոչ միայն արտերկրում Թուրքիայի հեղինակությունը բարձրացնելու և այդ համատեքստում նաև պատմությունն աղավաղելու, այլև՝ արտերկրից զբոսաշրջիկներ ներգրավելու տեսանկյունից (թուրքական հեռուստասերիալ դիտած օտարազգիները ցանկություն են հայտնում այցելելու դրանցում տեսած թուրքական տեսարժան վայրերը, համտեսել իրենց տեսած թուրքական ուտեստները, գնել իրենց տեսած թուրքական զգեստները և այլն)։ Թուրքական հեռուստասերիալները կարևոր դեր ունեն նաև Բալկաններում Թուրքիայի իմիջը բարձրացնելու առումով։ 2011թ․ թուրքական Hürriyet թերթը գրեց, որ Հունաստանում դարեր շարունակ բացասական ընկալում է ձևավորվել թուրքերի հանդեպ՝ հավելելով, որ թուրքական հեռուստասերիալներն ունակ են կոտրել բազում կարծրատիպեր Թուրքիայի ու նրա բնակչության նկատմամբ։ Նույնը կարելի է ասել Սերբիայի ու Խորվաթիայի մասին, ուր առկա են հակաթուրքական տրամադրություններ՝ կապված կրոնական տարբերության և Օսմանյան կայսրության ունեցած բացասական դերի հետ[15]։

Քույր քաղաքների պրակտիկան – Հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում քույր քաղաքների պրակտիկան հիմնականում տարածվեց այն երկրների քաղաքների հետ, որոնց հետ Թուրքիան ունի պատմամշակութային կապեր։ Քույր քաղաքների պրակտիկան աշխարհի տարբեր հատվածներում սկսվել է կիրառվել 19-րդ դարից, որպեսզի երկրներն այդ մեթոդով հաստատեն բարեկամական հարաբերություններ և իրականացնեն սոցիալական, մշակութային ու տեխնիկական համագործակցություն։ Այդ համատեքստում քույր քաղաքների պրակտիկան կարևոր դեր է խաղում որպես հանրային դիվանագիտության գործիք։ 2011թ․ դրությամբ Թուրքիայի 1042 քաղաքներ նման (քույր) հարաբերությունների մեջ էին օտար քաղաքների հետ։ Դրանցից 302-ը գտնվել են Բալկաններում։ Թուրքական քաղաքներն ամեն տարի Բալկաններում իրենց ազգակից քաղաքների հետ անցկացնում են երկկողմ նախագծեր և միջոցառումներ։ Նրանց գործունեությունը կենտրոնացած է սոցիալական օգնության, տարբեր դասընթացներ և փառատոններ կազմակերպելու, մզկիթներ կառուցելու վրա և այլն։

Կրոնական գործերի վարչությունը (Diyanet) ևս մեկ հիմնարկ է, որը Թուրքիայի բալկանյան քաղաքականությունում ապահովում է մշակութային ներդրում։ Այն ամեն տարի ուսումնական ծրագրերով ապահովում է կրոնական քարոզիչներին, կրոնական թողարկումներով ու նյութերով ապահովում է Բալկաններում առկա մուսուլմանական համայնքներին, ֆինանսավորում է իսլամական հիմնադրամների գործունեությունը։ Diyanet-ն աջակցում է Բալկաններում Մուֆթիների գրասենյակին[16]։ 2017թ․ դեկտեմբերին Էրդողանը Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ հանդիպման ժամանակ դժգոհեց, որ Արևմտյան Թրակիայում (Հունաստան) ապրող թուրքերը դեռևս չեն կարողանում իրենց համար ընտրել գլխավոր մուֆթի (մահմեդական բարձրաստիճան հոգևորական), և որ Արևմտյան Թրակիայում նույնիսկ «թուրք» բառ գրելը դարձել է մեծ դժվարություն[17]։

 Այսպիսով, Բալկանների «առաջին բացահայտման» ժամանակ Թուրքիայի ու Բալկանների մշակութային հարաբերությունների հիմքը կազմեցին TIKA-ն, Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունը, երկվորյակ (քույր) քաղաքները, թուրքական ՀԿ-ները։ Իսկ ահա ԱԶԿ կառավարման ժամանակաշրջանում մեծացվեցին գործող հիմնադրամների բյուջեներն ու հնարավորությունները, ինչպես նաև ստեղծվեցին նոր հիմնարկներ ու հաստատություններ, ինչպիսիք են YEI-ն, YTB-ը, հանրային դիվանագիտության համակարգումը և այլն։ ԱԶԿ կառավարման տարիներին Թուրքիան սկսեց համակարգված հանրային դիվանագիտություն իրականացնել բոլոր այդ և այլ ինստիտուների հետ համատեղ։ Արդյունքում Բալկաններում սկսեց լայնորեն գործել Թուրքիայի մշակութային ու հանրային դիվանագիտությունը։ Այն, որ Թուրքիան կարողացավ հմտորեն կյանքի կոչել «փափուկ ուժի» հայեցակարգը, վկայում է 2012թ․ բրիտանական Monocle հեղինակավոր պարբերականի կազմած վարկանիշային աղյուսակում նրա ընդգրկելը, որը կազմել էր 20 այն երկրների ցուցակը, որոնք ունեն «փափուկ ուժ»։ Եվ թեև Թուրքիան այդ ցուցակում զբաղեցնում էր վերջին՝ 20-րդ, հորիզոնականը, այնուամենայնիվ, դա ինքնին մեծ հաջողություն էր թուրքական կողմի համար, այդ թվում նաև՝ քաղաքական կայունության ու տնտեսական բարգավաճման հասնելու տեսանկյուններից[18]։ Եվ վերջապես, չպետք է մոռանալ, որ գրեթե կես դար գտնվելով Արևմուտքի ազդեցության ներքո՝ Թուրքիան ամուր կապեր չէր հաստատել հարևան երկրների հետ, իսկ հեռավոր շրջանների ու ժողովուրդների հետ ընդհանրապես շատ քիչ էր ծանոթ։ Նույնը կարելի է ասել հակառակ ուղղության մասին։ Այս ամենը ցույց է տալիս Թուրքիայի կողմից «փափուկ ուժի» հայեցակարգի կիրառման ճանապարհին ընկած բարդությունների աստիճանը և տվյալ ուղղությամբ Թուրքիայի կատարած վիթխարի քայլերի աշխարհագրությունը։ Թուրքիան, արտաքին քաղաքական ոլորտում «փափուկ ուժի» գործիքակազմը համադրելով իր տնտեսական ու ռազմաքաղաքական գործիքների հետ, կարողացավ վերածվել տարածաշրջանային կարևոր դերակատարի և որոշակի պլանում՝ նաև միջազգային խաղացողի։

 

ԱՄՓՈՓՈՒՄ

 

Այսպիսով, 1990-ականներին և հատկապես ԱԶԿ կառավարման տարիներին գործադրած բազում ջանքերի շնորհիվ Թուրքիայի ազդեցությունը Բալկաններում աննախադեպ աճել է վերջին 100 տարվա կտրվածքով։ Մի շարք փորձագետներ (Մուսթաֆա Շահին) որոշակի նմանություններ (խաղաղության ու կայունության կառուցում) են գտնում ԱԶԿ-ի բալկանյան քաղաքականության և Բալկաններում Աթաթուրքի արևմտյան արտաքին քաղաքականության միջև, սակայն վերջինս իրենում չի պարունակել օսմանյան ու իսլամական ասպեկտներ, մինչդեռ ԱԶԿ-ի բալկանյան քաղաքականությունում դրանք ակնառու են։ Անգամ կան կարծիքներ, որ Բալկաններում ԱԶԿ-ն քայքայում է քեմալական ժառանգությունը (ԱԶԿ-ը կրոնն օգտագործում է որպես «փափուկ ուժի» տարր)։ Վերոնշյալը վկայում է վերջին 30 տարում Բալկաններում Թուրքիայի գրանցած լուրջ հաջողությունների մասին։ Դրա ապացույց կարելի է համարել 2018թ․ նոյեմբերին գերմանական Die Welt-ի հրապարակումը, ըստ որի՝ Արևմտյան Բալկաններն այսօր գտնվում են Թուրքիայի ազդեցության ներքո[19]։ Կարելի է հիշատակել նաև 2018թ․ մայիսին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի խոսքերն այն մասին, որ Թուրքիան ամենամեծ ուժն է և ամենաուժեղ երկիրն է Բալկաններում[20]։

Չնայած այս ամենին՝ Թուրքիան ամենևին էլ չի պատրաստվում բավարարվել Բալկաններում ձեռք բերածով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը վերջին շրջանում սկսել է հանդես գալ Բալկաններին առնչվող նորանոր հայտարարություններով ու նախաձեռնություններով։ Խոսքը մասնավորապես վերաբերում է 1923թ․ կնքված Լոզանի պայմանագրի[21] և 1995թ․ կնքված Դեյթոնյան համաձայնագրի[22] վերանայման «անհրաժեշտությանը»։ Լոզանի համաձայնագիրը ֆիքսել է Թուրքիայի եվրոպական ներկայիս սահմանները (հայտնի են Էրդողանի հավակնություններն Էգեյան ծովի մի շարք կղզիների, ինչպես նաև Արևմտյան Թրակիայի հանդեպ), իսկ Դեյթոնի համաձայնագիրը վերջակետ է դրել Բոսնիայի քաղաքացիական պատերազմին (թուրքական կողմը շարունակ դժգոհում է Դեյթոնի համաձայնագրից՝ ընդգծելով, որ դրանով Բոսնիայի բնակչության 30%-ը կազմող սերբերը ստացան նրա տարածքների 49%-ը)։ Սա վկայում է, որ Բալկաններում Թուրքիայի ուշադրության կենտրոնում շարունակելու է մնալ Բոսնիան։ Էրդողանը լոբբինգի է ենթարկում ՆԱՏՕ-ին Բոսնիայի անդամակցությունը երկու հիմնական պատճառով՝ կանխելու Բոսնիայի փլուզումն ու ամրապնդելու Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում։

Մեր կարծիքով՝ 21-րդ դարում Բալկանների դերը գնալով ավելի է աճելու Թուրքիայի համար մի շարք պատճառներով, որոնցից մեկը գյուլենականների դեմ պայքարն է։ Բացի այդ, Թուրքիայի համար Բալկանների դերի աճին նպաստում է այն հանգամանքը, որ Բալկանները (Հունաստան) սկսել են հայտնվել Եվրոպայի էներգետիկ քարտեզի վրա՝ ի դեմս TANAP-TAP, EastMed գազատարների նախագծերի։ Ընդ որում՝ EastMed գազատարը պետք է շրջանցի Թուրքիան, Կիպրոսից Հունաստանի տարածքով ձգվելու է դեպի Իտալիա, և բնական է, որ Թուրքիան ձգտելու է ամեն գնով խոչընդոտել դրան՝ օգտագործելով նաև Կիպրոսի չլուծված հակամարտությունը։ Դա նոր լարվածություն կառաջացնի Հունաստանի հետ հարաբերություններում, որոնք ժամանակ առ ժամանակ բավական թեժանում են (Էգեյան հակամարտություն)։ Նկատելի է, որ Թուրքիան սերտ հարաբերություններ է հաստատել ինչպես Ալբանիայի, այնպես էլ՝ Մակեդոնիայի հետ, որոնք Հունաստանի հյուսիսային հարևաններն են։ Թուրքիան այդպիսով փորձում է աքցանների մեջ առնել Հունաստանը։

Մյուս կողմից էլ կարծում ենք, որ Բալկաններում Թուրքիայի կատարած քայլերը, գրանցած հաջողությունները և այդ ամենի տրամաբանական շարունակությունը հանգեցնելու են նրան, որ ԵՄ-ն ավելի զգուշավոր դիրքորոշում ունենա Թուրքիայի անդամակցության հանդեպ։ Թուրքիան որքան շատ հաջողություններ գրանցի Բալկաններում, այնքան դա կնվազեցնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունները (եթե անգամ Թուրքիան համապատասխանի եվրոպական չափորոշիչներին)։

Եվ վերջապես Թուրքիայում Բալկանները դիտարկում են որպես հենակետ/դարպաս՝ սեփական ազդեցությունը «Եվրոպայի սրտում» տարածելու, այդ թվում նաև Բալկանների միջոցով Եվրոպայի խորքեր ներգաղթյալներ «գործուղելու» համար։ Դա լուրջ մարտահրավեր է ԵՄ-ի համար, որի շարքերը դեռ չեն համալրել Սերբիան, Մոնտենեգրոն, Կոսովոն, Մակեդոնիան, Ալբանիան ու Բոսնիա-Հերցեգովինան, ինչը որոշակի վակուում է առաջացրել տարածաշրջանում և որը փորձում է լցնել Թուրքիան։ Ի դեպ, Բալկանների մուսուլմանների հանդեպ Թուրքիայի վարած քաղաքականությունը հաճախ են նմանեցնում Բալկանների սլավոնների հանդեպ ՌԴ-ի վարած քաղաքականության հետ։ Ստացվում է, որ մի կողմից ԵՄ-ը մեծ ակտիվություն չի ցուցաբերում Բալկաններում, իսկ մյուս կողմից Թուրքիան ու ՌԴ-ը բավական ակտիվ գործունեություն են ծավալել Բալկաններում։ Այն, որ Բալկանները մրցակցության արենայի են վերածվել ԵՄ-ի, Թուրքիայի ու ՌԴ-ի միջև, 2018թ․ ապրիլին Եվրոպական խորհրդարանում հաստատեց Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը՝ հայտարարելով, որ չէր ցանկանա տարածաշրջանում տեսնել ո՛չ թուրքերի, ո՛չ էլ ռուսների ուժեղ ազդեցությունը[23]։ Հաշվի առնելով Թուրքիա-ՌԴ (առավել ճշգրիտ՝ Էրդողան-Պուտին) հարաբերությունների բնույթը և Սիրիայի հարցում նրանց համագործակցությունը՝ չենք բացառում, որ Թուրքիան ու ՌԴ-ը հետագայում կփորձեն Բալկաններում ավելի շատ համագործակցել ընդդեմ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի՝ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան ու ՌԴ-ը շարունակում են մնալ տարածաշրջանային մրցակիցներ նաև Բալկաններում։

Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ը փախստականների գործարքի հարցում (և ոչ միայն) արդեն իսկ փոխադարձ կախվածության մեջ է ընկել Թուրքիայից (Թուրքիան իր տարածքում պահում է փախստականներին, ինչի դիմաց ԵՄ-ը խոշոր գումարներ է տրամադրում նրան)։ Իսկ ինչպես իրենց «Ուժ և փոխկախվածություն» գրքում նշում են ամերիկացի քաղաքագետներ Ռոբերտ Քեոհեյնը և Ջոզեֆ Նայը, փոխադարձ կախվածությունն ունի երկու կարևոր ասպեկտ՝ զգայունություն (sensitivity) ու խոցելիություն (vulnerability)։ Մասնավորապես զգայունությունը ցույց է տալիս, թե մեկ երկրում կատարվող փոփոխությունները, որքան արագ են թանկարժեք հետևանքների հանգեցնում մյուսի մոտ։ Խոցելիության աստիճանն էլ կախված է այլընտրանքների մատչելիությունից ու արժեքից, որոնց բախվում են տարբեր սուբյեկտներ[24] (փախստականների հոսքը զսպելու հարցում ԵՄ-ը մեծ հաշվով չգտավ Թուրքիային այլընտրանք)։ Այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիայում ընդունվող որոշումներն ու կատարվող դեպքերը զգայունություն ու խոցելիություն են առաջացնում ԵՄ-ում։ Ընդ որում՝ ԵՄ-ի անդամ երկրների մոտ այդ զգայունությունը և խոցելիությունը դրսևորվում են տարբեր կերպ (որոշ երկրներում ավելի մեծ չափով և ընդհակառակը)։ Իսկ դա տարաձայնություններ է առաջացնում ԵՄ-ի ներսում (օրինակ, Վիշեգրադյան քառյակի երկրները չեն ցանկանում իրենց տարածքներում ընդունել Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան ներկայացնող փախստականներին) և ավելի լայն իմաստով՝ լուրջ ճաքեր տալու սպառնալիք է ստեղծում ԵՄ-ի ներսում՝ որոշ իմաստով հարցականի տակ դնելով նաև ներկայիս տեսքով նրա գոյության ճշմարտացիությունը։ Կարծում ենք, որ ներկայիս տեմպերի պահպանման դեպքում հետագայում է՛լ ավելի է աճելու ԵՄ-ի ու Թուրքիայի փոխադարձ կախվածությունը, ինչպես նաև Թուրքիայից ԵՄ-ի կախվածությունը։ Չենք բացառում, որ Բալկաններում և ընդհանրապես Եվրոպայում ինչ-ինչ խնդիրներ (հատկապես՝ մուսուլմաններին առնչվող) լուծելու համար ԵՄ-ը հարկադրված լինի դիմելու Թուրքիայի օգնությանը (էներգետիկ շանտաժի հնարավորությունը նույնպես գտնվում է Թուրքիայի զինանոցում)։

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)  

 

[1] Suat Beylur, Turkey’s Balkan policy under AK party and claims for neo-ottomanism, 2013, p.18

[2] Նույն տեղում, էջ 43-49

[3] Ahmet Davutoğlu, Teoriden Pratiğe, 2013, p. 150, 206, 306, 339, 81

[4] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի արտաքին քաղաքականության միտումները վերջին 15 տարում. Մաս 1, ՄԱՀՀԻ, 16․01․2018

[5] Yasin Avcı, Türk Dış Politikasının Stratejik Derinlik Revizyonunda Balkanlar, 2017, p. 110

[6] Ahmet Davutoğlu, Stratejik derinlik, 2012, p. 119-123

[7] Gürkan Zengin, Hoca – Türk Dış Politikası’nda Davutoğlu Etkisi, 2010, p. 435-440

[8] Suat Beylur, Turkey’s Balkan policy under AK party and claims for neo-ottomanism, 2013, p. 65

[9] Yasin Avcı, Türk Dış Politikasının Stratejik Derinlik Revizyonunda Balkanlar, 2017, p. 118-119

[10] Suat Beylur, Turkey’s Balkan policy under AK party and claims for neo-ottomanism, 2013, p. 95-99

[11] Հայկ Գաբրիելյան, «Ամենամարդասիրական երկիր» Թուրքիայի «ստորջրյա խութերը», Scan News, 23.08.2018

[12] Kosovalıları Dünyanın 200’den Fazla Noktasına Ulaştıracağız, Kosova Haber, 02․08․2012

[13] Suat Beylur, Turkey’s Balkan policy under AK party and claims for neo-ottomanism, 2013, p. 99-100

[14] Kaya A., Tecmen A. The role of common cultural heritage in external promotion of modern Turkey: Yunus Emre Cultural Centres, 2011, p. 24

[15] Алтунай Алиева, Мягкая сила в современной внешней политике Турции, Вестник Московского Университета, 2014

[16] Suat Beylur, Turkey’s Balkan policy under AK party and claims for neo-ottomanism, 2013, p. 100-104

[17] Batı Trakya’da baş müftü seçilememesine Lozan hatırlatması, Dünya Bülteni, 07.12.2017

[18] Monocle. Soft Power Survey — 2012, 14․11․2012

[19] Die Welt: Balkanlar Erdoğanlaşıyor, DW, 19.11.2018

[20] Sırbistan Cumhurbaşkanı Vucic: Türkiye Balkanlar’daki en güçlü ülkedir, Anadolu Ajansı, 07.05.2018

[21] Габриелян Айк, Попытки Турции обновить Лозаннский договор, Институт Ближнего Востока, 16.12.2017

[22] Габриелян Айк, «Дейтонская заявка» президента Р.Т.Эрдогана как пример усиления политики Турции на Балканах, Институт Ближнего Востока, 19.01.2019

[23] France wants EU expansion freeze amid Balkans war warning, TRT World, 17.04.2018

[24] Robert O. Keohane. Princeton University. Joseph S. Nye. Harvard University. Power & Interdependence (4th Edition), p. 10-11

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031