Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաշառակերներին փոխեցինք դիլետանտների հետ». գործարարները ցույց են անում կառավարության մոտ

Մարտ 11,2019 14:02

Գազավորված ըմպելիքներ արտադրողներն այսօր առավոտյան բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ. նրանք դժգոհում են հարկային օրենսգրքի նախագծում կատարված փոփոխությունից: Ըստ այդ փոփոխության, ֆինանսների նախարարությունն առաջարկում է գազավորված ըմպելիքների վրա կիրառել ակցիզային հարկ՝ 5%: Արտադրողները պնդում են՝ այս փոփոխությամբ նրանք կգնան սնանկացման:

«Եթե սա լիներ ընտրություններից առաջ Ատոմ Ջանջուղազյանն էլ էր հիմա ներքեւում կլիներ, Մհեր Գրիգորյանն էլ, ժողովրդի դուռն էին եկել: Հիմա ընտրությունները վերջացել են, մենք ոչ մեկին հետաքրքիր չենք, մեր 100 աշխատողները ոչ մեկին պետք չեն: Մարզերից եկած արտադրողները ոչ մեկին պետք չեն»,-ասացին ցուցարարները:

«Հայ կոլա» գործարանի ղեկավար Տիգրան Հովսեփյանն էլ անդրադառնալով մեր այն դիտարկմանը՝ կառավարությունը հիմնավորում է, թե շաքարով գազավորված ըմպելիքները վնասակար են, պատասխանեց՝  «Շաքարը լրիվ ուրիշ բան է, որը գիրության դեմ պայքարում երեւի կարելի է ընդունել: Բայց եթե շաքարի հետ խառնում են ասպարտամը՝ շաքարի փոխարինիչը, որը դիաբետիկ է, որն օգտագործվում է 6000 տեսակ ապրանքներում, թույլատրված է ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, հիմնավորում չկա, որ ասպարտամը վտանգավոր է եւ դրանով պատրաստած հազարավոր ըմպելիքները վնասակար են»:

Ցույցի մեկ այլ մասնակից էլ ասաց. «Մենք փոխեցինք կաշառակերներին՝ դիլետանտների հետ, իրենք տնտեսությունից ոչինչ չեն հասկանում: Գործարանը 20 տարի է՝ սարքել ենք, ոտքի ենք կանգնեցրել, ու մեկը որոշում է սենց բան»:

Տիգրան Հովսեփյանն ասաց՝ իրենց հետ որեւէ քննարկում չի եղել, որեւէ ուսումնասիրություն չի եղել, պարզելու՝ այդ տեսակ ըմպելիքների վնասակարության աստիճանը. «Ֆիննախը այդպիսի եզրահանգում է արել իր հիմնավորման մեջ՝ ենթադրվում է վնասակար ազդեցություն ունի: Չգիտեն էլ՝ կա՞, թե՞ չկա»:

Եթե ակցիզային հարկը կիրառվի այս տեսակ ապրանքների վրա, կոնկրետ «Հայ կոլա» գործարանը, ըստ դրա ղեկավարի, փակվելու է, գնալու է սնանկացման:

Սյունիքի մարզի Շամբ գյուղում արտադրվող «Դարպաս լիմոնադների » եւ «Տատնի» հանքային ջրերի գործարանի գլխավոր հաշվապահ Արայիկ Միքայելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Հեռավոր գյուղում աշխատատեղ ենք ապահովում, լիմոնադի արտադրությունում 47 աշխատող կա, պահածոներ էլ ենք արտադրում, սեզոնին մինչեւ 140-150 աշխատատեղ ենք ապահովում: Մեր արտադրանքը միայն շաքարավազով է, ասպարտամ չենք խառնում եւ ինքնարժեքն էլ ավելի բարձր է ստացվում, առանց այդ էլ դժվարությամբ ենք վաճառում: Հիմա եթե ակցիզային հարկ մտցնեն՝ 40-45 դրամով կթանկանա, սպառումը կնվազի: Մեր արտադրանքի 85 տոկոսն արտահանում ենք ԱՄՆ, ՌԴ, ունենք ISO միջազգային ստանդարտ, հազար տեղով փորձաքննվել է ապրանքը, որակի նկատմամբ որեւէ խնդիր չի առաջացել»:

Ցուցարարների հետ կառավարության շենքի մոտ հանդիպեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նա ասաց, որ ընդամենը նախագիծ է, եւ խոստացավ, որ կփորձի պարզել խնդիրն ու քննարկել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031