Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մի քանի հայտարարություն արեց: Նախ, նա պնդեց իր կարծիքը՝ կառավարությունը ձեւավորվել է Սահմանադրության խախտմամբ. «5-օրյա ժամկետում ՀՀ նախագահին չեն ներկայացել 18 նախարարները, ներկայացրել են 12-ը, հետեւաբար խախտվել է պարտադիր նորմը»:
Ըստ Մարուքյանի, դրանից հետո երկրորդ խախտումն է եղել, նախարարի ժամանակավոր պաշտոնակատարները իրավունք չունեին մոտենալու մասնակցել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, իրավունք չունեին մոտենալու ԱԺ ամբիոնին, իրավունք չունեին ներկա լինելու դահլիճում ընդհանրապես, բայց կարգը նորից խախտվել է, նրանք ներկայացել են, ավելին՝ պատասխանել են պատգամավորների հարցերին, ինչը ԱԺ կանոնակարգ օրենքի մեկ այլ հոդվածի խախտում է:
Հետո Մարուքյանը տեղեկացրեց, որ իրենք դիմել էին ԱԺ նախագահին ու պահանջել էին, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը խումբ ձեւավորի եւ Սիրիա այց կատարի՝ մեր մարդասիրական առաքելությանը այցելելու, խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար. «Եթե երկրից զինվոր է դուրս գալիս, ինչ անունով էլ լինի, պետք է ընթացակարգը պահպանվի, խորհրդարանի միջով անցնի: Առաջին անգամ խորհրդարանը շրջանցվել է եւ մեր զինվորները գնացել են առանց խորհրդարանի հաստատման: Մենք առաջարկում էինք խորհրդարանական վերահսկողություն: Քիչ առաջ ավարտվեց ԱԺ արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովների համատեղ փակ նիստը, որում քննարկվել է եւ մերժվել է մեր առաջարկությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ խորհրդարանական վերահսկողության այլ լծակներ փնտրվեն եւ այդ լծակներով փորձեն վերահսկողություն իրականացնել, որը ես մեծ հաշվով չեմ պատկերացնում: Խումբը ուղարկված է, հիմա ի՞նչ պետք է անենք պոստ ֆակտում, կարող էինք այցելել, բայց դա էլ չենք կարող, որովհետեւ մերժվել է մեր այս նախաձեռնությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ