Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտահոգիչ է հայտարարությունը, կարծես թե ներքաղաքական լրացուցիչ լարվածություն է ստեղծել». «Իմ քայլի» պատգամավորը՝ Մինսկի խմբի հայտարարության մասին

Մարտ 11,2019 13:20

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով այն քննադատություններին, որ այս խորհրդարանը օրակարգ չունի, պարապ է՝ ասաց, որ արդեն 70-ից ավելի նախագծեր են ներկայացված ԱԺ:

Լրագրողները հարցրեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարության վերաբերյալ: Վարդանյանն ասաց. «Մինսկի խմբի համանախագահների կարծիքն է դա արտացոլում, բանակցային գործընթացում տարբեր առաջարկներ, մոտեցումներ կարող են լինել, բայց ձեզ հայտնի է ՀՀ վարչապետի դիրքորոշումը, որ բանակցային գործընթացի հիմքում ու կարգավորման հիմքում պետք է այնպիսի լուծումներ որոնել, որոնք ընդունելի կլինեն ՀՀ-ի, եւ Արցախի եւ Ադրբեջանի բնակչության համար: Մինսկի խմբի համանախագահները պարզապես փորձել են ամփոփել մինչեւ թավշյա հեղափոխությունը ձեւավորված օրակարգը»:

Վարդանյանի խոսքով՝ բանակցային գործընթացը շարունակվում է, արտացոլվում է իրենց մոտեցումը, դրական է, որ եւս մեկ անգամ կոչ է արվում հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ ՄԱԿ-ի կանոնների հիման վրա. «Ձեւաչափը նոր չի ձեւավորվել, այդ կարգի հայտարարություններ արվել են նաեւ նախկինում: Պետք չէ այդ հայտարարությունից ինչ-որ մի բան կտրել կոնտեքստից ու փորձել ներկայացնել որպես հեղափոխական հայտարարություն: Դա դիվանագիտական աշխարհին բնորոշ հայտարարություն է, արտացոլում է այն բանակցային գործընթացը, որը տեղի է ունեցել մինչեւ թավշյա հեղափոխությունը: Հասկանալի է, որ հեղափոխությունից հետո մենք պետք է փոփոխենք որոշակի ակցենտներ բանակցային գործընթացի մեջ»:

Հարցին, այսինքն՝ այդ հայտարարությունը նորմա՞լ եք գնահատում՝Վարդանյանը պատասխանեց. «Ես հայտարարությունը գնահատում եմ որպես փաստ, նախ՝ պետք չէ կտրել կոնտեքստից, երկրորդ՝ որեւիցե դրույթ այդ հայտարարության մեջ չի խոչընդոտում, չի հանդիսանում խոչընդոտ Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար»:

Վարդանյանն ասաց, որ միանշանակ մտահոգիչ է հայտարարությունը, որովհետեւ կարծես թե լրացուցիչ լարվածություն է ստեղծել համենայնդեպս ներքաղաքական եւ մտահոգիչ չէ, որովհետեւ դրական է, որ Մինսկի խումբը փորձում է, աշխատանքները շարունակվում են այդ ձեւաչափում. «Չպետք է մոռանանք, որ գործ ունենք միջնորդական խմբի առաքելության հետ, որի հիմնական նպատակն է հակամարտության կողմերին առաջարկել փոխադարձաբար ընդունելի ձեւաչափ հակամարտության կանոնակարգման: Այդ ձեւաչափը պետք է ընդունելի լինի նախ Արցախի բնակչության, Հայաստանի բնակչության եւ ինչու չէ Ադրբեջանի բնակչության համար: Դրական է այն,որ Մինսկի խմբի համանախագահութունը շարունակում է աշխատանքը՝ փոխադարձ ընդունելի լուծումների ուղղությամբ»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը չի կարող բանակցել Արցախի անունից, կարող է բանակցել ՀՀ-ի անունից, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հորդորում են զերծ մնալ այն հայտարարություններից, որոնք առաջարկում են ձեւաչափի փոփոխություն՝ Վարդանյանն արձագանքեց՝ «Անտրամաբանական է իմ հարցը կարգավորել՝ առանց իմ մասնակցության, առանց իմ կամքի: Խոսքը ոչ թե տարածքային վեճի, այլ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին է: Եթե մենք ուզում ենք հարատեւ կայունություն, խաղաղություն, բոլորի համար ընդունելի լուծում, պետք է հաշվի առնենք նաեւ ԼՂ բնակչության ձայնը: Որեւիցե մեկը իրավունք չունի այդ ձայն օգտագործել՝ հաշվի չառնելով այդ տարածքում բնակվող ժողովրդի իրավունքները: Դեռեւս 90-ականների սկզբին խոսվում էր մշտապես նրա մասին, որ ուծումը, որը ընդունելի կլինի ՀՀ բնակչության համար, նախեւառաջ պետք է ընդունելի լինի Արցախի բնակչության համար: Մենք այսօր խոսում ենք նույն բանի մասին: Չպետք է խաթարել այն ձեւաչափը, որը ձեւավորվել է հենց մինսկյան բանակցությունների շրջանակներում: Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել եւ այդ ձեւաչափը, որն ընտրվել է ՄԱԿ-ի, Մինսկի խմբի կողմից, պետք է շարունակվի: Չի կարելի լուծել որեւիցե տարածքի բնակչության հարց, առանց այդ տարածքի բնակչության իրավունքները, կարծիքը հաշվի առնելու»:

Լրագրողները ճշտեցին՝ եթե Մինսկի խումբը ասում է ձեւաչափ չպետք է փոխվի, իսկ վարչապետը այլ բան է պնդում, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ բանակցությունները մտնում են փակուղի՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Հնարավո՞ր է արդյոք որեւիցե սուբյեկտի կարգավիճակ որոշել, եթե վերջինս չի մասնակցում այդ հարցի կարգավորմանը: Թե ինչ ձեւաչափով, ինչ եղանակով պետք է մասնակցի, սա առանձին հարց է, բայց Արցախի բնակչության ձայնը պետք է հնչելի լինի բանակցությունների ընթացքում, հակառակ դեպքում մենք ոչնչով չենք տարբերվի գաղութատիրական պետություններից, որոնք փորձում են երկկողմանի բանակցությունների միջոցով որոշել երրորդի կարգավիճակը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031