Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիևը պետք է գիտակցի` իր երկրի անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության երաշխավորն այս պահին վարչապետ Փաշինյանն է». Էդվարդ Անտինյան

Մարտ 11,2019 13:12

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում, որով ուղղակի թե անուղղակի ճնշում է պատրաստվում գործադրել Փաշինյանի վրա։ Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Պարզվում է մենք էլ ենք ճնշում գործադրում Փաշինյանի վրա, հղում անելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարության` ոչ հայանպաստ կետերին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Էդվարդ Անտինյանը։

Անդրադառնալով համանախագահների հայտարարությանը հաջորդած արձագանքներին, մեր զրուցակիցը տարակուսում է. «Ինչ ասես չլսեցինք, անգամ՝ ժամ առաջ Փաշինյանը պետք է հեռանա, քանզի այս ձախողված արտաքին քաղաքականության ու պատերազմի հավանական վերսկսման միակ մեղավորը հենց նա է»։

Այն, որ մեր իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հարցում կան խոցելի, նաև սխալ մոտեցումներ, Էդվարդ Անտինյանի համար ակնհայտ է. «Ինքս եմ վերջերս մի քանի հրապարակումներով անդրադարձել դրանց։ Բայց մի՞թե այս պահին դրա ժամանակն է, որ «Բա որ ժամանակին ասում էինք» ծրագրի շրջանակներում սկսենք պայծառատեսի սեփական որակներն ի ցույց դնել, իսկ մեզ չլսելու հետևանքներն ընդգծելու պարագայում՝ քաղաքական «բայղուշությամբ» զբաղվել»։ Եթե համանախագահները նման հայտարարություն են արել, մեր զրուցակիցը համոզված է, որ Փաշինյանը մինչև վերջ մնացել է իր տեսակետին. «Ուստի, պետք է հանդիպումից առաջ մի բռունցք դառնալ ու հասնել նրան, որ այս վճռորոշ հանդիպման ժամանակ մեր դիրքերն ամրապնդվեն։ Իսկ եթե դա հնարավոր չլինի, ապա գոնե վճռորոշ թվացող հանդիպումը դարձնել հերթականն ու սովորականը, ինչն այս պահին մեր շահերից է բխում»։

Քաղաքական վերլուծաբանի համար դժվար չէ հասկանալ նրանց, ովքեր գտնում են, որ եթե Փաշինյանը ձախողվի ու հեռանա, գուցե իրենք բանտից դուրս գան, մեկ ուրիշներն էլ կխուսափեն բանտ ընկնելուց, մի մեծ խմբաքանակ էլ կխուսափի սպասվելիք «կուլակաթափությունից», նախկիններն էլ շանս կունենան կորցրած իշխանությունը ետ բերելու։ «Բայց հարյուր հազարավորները, որ փողոց էին դուրս եկել, թվարկածս ո՞ր խմբին էին պատկանում։ Անգամ եթե զանգվածները հիասթափվում են Փաշինյանից, դա դեռ չի նշանակում, որ գնալու են կանգնեն նախկինների կողքին։ Ավելի շուտ հուսալքված մի կողմ են քաշվելու, կամ բռնելու են գաղթի ճամփան, կամ էլ վիրավորված ու ագրեսիվ պատրաստ են լինելու ցանկացած դեստրուկտիվ քայլի։ Մի՞թե սա ձեռնտու է մեր երկրին։ Ասենք Փաշինյանը ձախողվեց, նրա փոխարինելու եկավ իր թիմակիցներից մեկը, կամ այլ թիմի ուրիշ գործիչ, որն օժտված լինելով սուպերվարչապետության հսկայական իշխանական ռեսուրսով, փաստացի կրողը չէ հասարակական հսկայական վստահության, որն ուներ Փաշինյանը, արդյոք այս վիճակը մեզ կայունություն է երաշխավորելու՝ այս հարափոփոխ աշխարհում ու անկայուն տարածաշրջանում։ Իսկ եթե կան մարդիկ, որ ակնկալում են իշխանությունների ամբողջական ձախողում ու շուտափույթ ընտրություններ, իսկապես պատկերացնո՞ւմ են, թե ովքե՞ր կարող են գալ իշխանության, ի՞նչ ճանապարհով, ո՞ւմ կողմից և ի՞նչ ռեսուրսով։ Այն որ հսկայական թալան կազմակերպած նախկիններն ունեն մեծ հնարավորություններ հանրային գործիչների հավաքագրելու ու իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների օգնությամբ այնպիսի տպավորություն ստեղծելու, թե այս իշխանությունների օրերը հաշված են, դրանով նաև փորձեն սեփական թիմը մոբիլիզացնել, իրենց գործն է, ինչպես ասում են`«դա բիզնես է, ոչ մի անձնական բան», բայց հավանական պատերազմի առիթն օգտագործել ներիշխանական անկայուն իրավիճակից օգտվելու համար, ոչ միայն բարոյական չէ, այլև անիրատեսական»,- ասում է մեր զրուցակիցը։

Իր «տարածաշրջանային էքսկուրսում» վերլուծաբանը նկատում է. «Գաղտնիք չէ, որ ԻԳԻԼ-ի դիքերին ծանր հարված է հասցված Մերձավոր Արևելքում, բայց նրա զինյալները հօդս չցնդեցին, ու փոքր խմբերով կամ անհատապես փորձում են աննկատ ավելի հարմար երկրներ տեղափոխվել՝ իրենց գործունեությունը շարունակելու համար։ Իսկ գործունեություն ասածը՝ պատերազմի միջոցով թալանն է։ Չեմ բացառում, որ ԻԳԻԼ-ի որոշ զինյալներ ներթափանցած կլինեն ՀՀ, նաև ՌԴ, բայց մեր երկրներում նրանք ոչ ռազմավարական ծրագրեր կարող են ունենալ, ոչ էլ դրանք իրականացնելու նպատակներ։ Իսկ Ադրբեջանը նրանց համար պարզապես նվեր է՝ որևէ ռազմական բլոկի անդամ չհանդիսացող նավթագազային հարուստ երկիր, թույլ իշխանությամբ ու հսկայական զենքի պաշարով։ Ավելին, Ալիևը դիրքերն ամրապնդելու համար հասարակությանը մոբիլիզացնում է ընդդեմ ՀՀ-ի ու Արցախի, բայց սա կարող է ունենալ հակառակ ազդեցություն, քանի որ եթե մոբիլիզացրեց, բայց պատերազմ չսկսեց, ապա դրանից վարպետորեն օգտվելու են ԻԳԻԼ-ի զինյալներն ու երկրի ներսում ռադիկալ տրամադրված ուժերին ոտքի են կանգնեցնելու ու կամ ամբողջ իշխանությունը կվերցնեն, կամ էլ որոշ ռազմավարական տարածքներ ու բնակավայրեր, երկիրը ներքաշելով քաղաքացիական պատերազմի մեջ։ Իսկ եթե Ալիևը պատերազմ սկսի, ապա դա շատ հարմար առիթ է լինելու ռազմական խմբավորումների կողմից թիկունքից հարված ստանալու։ Էլ չեմ խոսում, որ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները, որ չեն ցանկանում կռվել ու զոհվել Արցախի դեմ պատերազմում, նրանք էլ են զենք վերցնելու, երբ տեսնեն, որ երկրում անկայուն իրավիճակ է՝ իշխանության վերահսկողությունից դուրս գործող զինված խմբավորումների պատճառով։ Որևէ մեկը կարո՞ղ է բացառել նման սցենարը։ Ալիևը գիտի այս ամենի մասին, մնում է իմանա, որ մենք էլ գիտենք։ Այնպես որ, առաջիկա հանդիպման ժամանակ Ալիևը պետք է գիտակցի, որ ոչ ավել, ոչ պակաս իր երկրի անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության երաշխավորը, որքան էլ տարօրինակ հնչի, այս պահին վարչապետ Փաշինյանն է։ Չէ՞ որ պապայի շնորհիվ մամայի բալիկ մեծացած Իլհամ Ալիևի անկանխատեսելի վարքն անգամ մեզ համար ավելի կանխատեսելի է, եթե նա տիրապետում է իր երկրի ողջ իշխանությանը, քան ռադիկալ տրամադրված անհասկանալի գաղափարներով տոգորված զինված խմբավորումների առկայությունը մեր հարևանությամբ, բայց Ալիևը չպետք է փորձի չարաշահել այն՝ ցուցաբերելով արկածախնդիր վարքագիծ»։

Մեր զրուցակիցը վստահ է`ԻԳԻԼ-ին կամ այլ զինված խմբավորումների, Արցախը բացարձակ չի հետաքրքրում, ուստի պատերազմի դեպքում ղարաբաղյան հարցը հիմնովին կլուծվի հօգուտ մեզ, քանի որ ադրբեջանցիները շատ ավելի մեծ կորուստների դեմը պետք է փորձեն առնել. «Այսինքն, ինչ ընթացք էլ ունենա պատերազմը, Ալիևը կորցնելու է իշխանությունը, իսկ Ադրբեջանը կանգնելու է մասնատման վտանգի առաջ։ Ու այս ֆոնին, մեզ մնում է ցույց տալ մեր միասնականությունը, հավաստելու, որ լի ենք վճռականությամբ պաշտպանելու մեր երկիրն ու նրա յուրաքանչյուր թիզ հողը, որպեսզի Ալիևը բանակցային սեղանի շուրջ պատերազմ սկսելով մեզ չահաբեկի, քանզի կարճատև պատերազմին մենք պատրաստ ենք, իսկ լայնամասշտաբ պատերազմն Ադրբեջանի համար կլինի կործանարար»։

Էդվարդ Անտինյանը հիշեցնում է`ղարաբաղյան հակամարտության այս բոլոր տարիներին մշտապես հնչել են կարծիքներ, որ բախտորոշ պահերին հարկավոր է մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, ստորադասել անձնական ու խմբակային շահերն ու միասնաբար վճռական աջակցություն հայտնել օրվա իշխանություններին. «Մնում է հետևողական լինել ու ԵԱՀԿ համանախագահների հայտարարությունից հետո և Ադրբեջանի զորավարժությունները սկսելուց առաջ սատարել իշխանություններին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ սպասվելիք հանդիպման նախաշեմին»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031