Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում: Այս մասին հայտնում է Report գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Ըստ զորավարժությունների ծրագրի՝ լայնածավալ զորավարժությունները երկրի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ կշարունակվեն մարտի 11-15-ը:
ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժություններին մասնակցում է անձնակազմի 10 հազար զինծառայող, մինչև 500 միավոր տանկ, զրահատեխնիկա, այդ թվում ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, մինչև 300 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային սարք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 20 միավոր տարբեր նշանակության բանակային և ճակատային ավիացիա:
Զորավարժությունների ընթացքում զորքերը կիրականացնեն հարձակողական գործողության նախապատրաստման առաջադրանք՝ մի քանի ուղղություններով պայմանական հակառակորդին հարվածելու, նրա պաշտպանությունը խոցելու և ռազմական խմբավորումները ոչնչացնելու, ինչպես նաև պաշտպանության խորը թիկունքում նրա ռազմական և ռազմավարական օբյեկտներին հրթիռա-հրետանային հարված հասցնելու համար:
Բացի այդ, ուսումնական կենտրոններում և համազորային հրաձգարաններում իրականացվում է մարտական հրաձգություն՝ սպառազինության նոր համակարգի կիրառմամբ, այդ թվում հրթիռի գործնական արձակում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ