Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը պնդում է` ծխախոտը պետք է թանկացնել

Մարտ 11,2019 11:44

«Ծխախոտային արտադրատեսակների դեմ պայքարը ցանկացած երկրում տնտեսապես շահավետ է, այդ թվում նաեւ Հայաստանում: Ծխախոտի գնի բարձրացման միջոցով հավելյալ ակցիզը բերում է եւ սիգարետի սպառման իջեցման եւ հավելյալ հարկերի»,- ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` արձագանքելով Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի այն դիտարկմանը, որ տնտեսական շահերը չպետք է ստորադասվեն առողջապահական շահերին:

Հանձնաժողովում այսօր քննարկվում էր նաեւ ծխելու սահմանափակումների մասին կառավարությունում քննարկվող նախագիծը:

«Մենք չենք ցանկանում ոչ մեկի բիզնես-շահը ոտնահարել, ոչ էլ դա մեր լիազորությունների մեջ է: Մենք ընդամենը քննարկում ենք նախագիծ`հանրային վայրերում սիգարետի եւ նարգիլեի օգտագործումն արգելելու»,- ասաց նախարարը: Արսեն Թորոսյանը սա համարում է քաղաքական որոշում, որը Հայաստանը պետք է կայացնի`ամրագրելով իր դիրքը աշխարհի զարգացած երկրների շրջանում: Հիշեցնում է`նախագիծը նոր չէ, նախորդ խորհրդարանում էլ է քննարկվել, բայց վերջնարդյունքին չի հասել: Ի դեպ, այժմ էլ, գործող օրենքով, բազմաթիվ սահմանափակումներ կան: Ասում է`իրենք ոչինչ չեն արգելում, այլ բնակչության առողջությունից ելնելով, առաջարկում են ծխելը տեղափոխել փակ տարածքներից դուրս: Նա գտնում է, որ պետությունը պարտավոր է պահպանել մարդու առողջության իրավունքը`անկախ նրանից, թե տվյալ մարդը դա ցանկանո՞ւմ է, թե՞ ոչ: Բացի այդ, կա նաեւ այդ հաստատությունում աշխատողների առողջության իրավունք, որը չի կարելի ստորադասել: Նախարարի համոզմամբ`մանկապարտեզից սկսած`մարդկանց գիտակցության վրա պետք է ազդել:

Քննարկմանը ներկա նարգիլե սիրողների ակումբի անդամ Գոռ Գասպարյանն էլ ասաց`նախագծին դեմ չենք, բայց իրենք մասնագիտացված ակումբ են, իրենց այցելուները միայն նարգիլե ծխողներ են եւ փակել դռները`նշանակում է 700 մարդ մնում է անաշխատանք. «Ոչ թե ուղղակի տուժում ենք`10-20 տոկոս շրջանառությունից, այլ ուղղակի փակվում ենք»:

«Ավելի լավ բաների մեջ կմասնագիտանաք»,- հումոր արեց նախարարը:

«Ես ձեզ կարող ե՞մ ասել`առողջապահությունից հեռու մնացեք, ուրիշ բաների մեջ մասնագիտացեք»,-հակադարձեց Գոռ Գասպարյանը` հավելելով, որ իրենց, այդ նախագծով, այլընտրանքից են զրկում. «Եթե ռեստորանում մարդիկ կարող ծխել հատուկ տարածքում, բայց մեզ այլընտրանքից զրկում եք»:

Նախարարն ասաց` կարող են քննարկվել օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետների տարբերակներ, բայց աչք փակել խնդրի վրա չի կարելի: Իրենք պատրաստ են ժամանակ տալ`վերապրոֆիլավորվելու համար, բայց մարդու առողջ լինելու իրավունքը նա չի ցանկանում ստորադասել: Նախարարը նաեւ պնդում է, որ եթե հատուկ կարգով ամրագրեն նարգիլե-ակումբները, ապա անհավասար պայմաններ կառաջանան ռեստորանների հետ, որտեղ չի կարելի սիգարետ ծխել, քանի որ այդ ակումբ կարող են մարդիկ գնալ եւ պարզապես ծխել:

Գոռ Գասպարյանն էլ կարծում է, թե կարող են մեխանիզմներ մշակել, որ նարգիլե-ակումբում ծխախոտ չծխեն: Նա հորդորում է`չոտնահարել ծխողների իրավունքները: Նախարարը նկատում է`կա մարդու իրավունք, չկա ծխողի իրավունք:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը համամիտ է նախարարի հետ`ցանկացած մարդ ունի ինքնասպան լինելու իրավունք, բայց նախարարությունը չի ցանկանում դրդել մարդկանց ինքնասպանության: Միաժամանակ, նա գտնում է, որ օրենքում պետք է բոլոր շահառուների շահերը հաշվի առնվեն:

Նախարարն էլ հավելեց`ոլորտի ներկայացուցիչներից կոնկրետ առաջարկ չեն ստացել, միայն պատասխան`«թողեք աշխատենք»: Խոստացան`կոնկրետ առաջարկներ կլինեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031