Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

Մարտ 11,2019 11:25

Ադրբեջանը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը, որը ազդանշան է Հայաստանի համար: Այսպես է մեկնաբանել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան մարտի 9-ին համանախագահների տարածած հայտարարությունը, որում նրանք կողմերին զսպվածության կոչ էին անում և անթույլատրելի համարում բանակցային ձևաչափում փոփոխությունները:

Աբդուլլաևան նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկ են պատրաստել՝ կապված Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման հետ:

«Ցանկանում ենք նշել, որ Ադրբեջանը հավատարիմ է բանակցային գործընթացին և միշտ պատրաստ է էական բանակցությունների: Ադրբեջանական կողմը պաշտպանում է համանախագահների ջանքերը՝ արդյունքի միտված ակտիվ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- ասել է Աբդուլլաևան:

Նա հիշեցրել է, որ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանն արդեն հանդիպել են երեք, իսկ արտգործնախարարները` չորս անգամ:

«Մինսկի խմբի համանախագահների այս հայտարարությունն ազդանշան է Հայաստանի համար, և մենք ողջունում ենք դա: Ընդունելով Մինսկի խմբի համանախագահներին՝ նախագահ Իլհամ Ալիևը նրանց ուշադրությունն է հրավիրել մեր երկրի դիրքորոշման վրա: Հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ: Մեր երկրի օկուպացված տարածքների վրա ստեղծված տխրահռչակ ռեժիմը բանակցություններում ներգրավելու փորձերը և ձևաչափի փոփոխությունը անթույլատրելի են»,- ասել է Աբդուլլաևան:

Նա նաև ասել է, որ համանախագահները մատնանշել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Որպես առաջնահերթ քայլ, նրա խոսքով, պետք է ընդունել «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների ազատագրումն օկուպացումից» և «այդ տարածքներից բռնի կերպով տեղահանված փախստականների վերադարձը հայրենի վայրեր»:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա այն կարող է դառնալ քննարկումների թեմա՝ առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման: Այս հարցում բազմիցս շարադրելով իր դիրքորոշումը՝ Ադրբեջանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի երկու համայնքները՝ հայ և ադրբեջանական, պետք է որոշեն այդ շրջանի կարգավիճակը՝ մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակում: Ինչպես հայտնի է, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չպետք է խախտի պետության տարածքային ամբողջականության սկզբունքը: Համանախագահների հայտարարության մեջ նաև հիմք է ընդունվում Հելսինկյան եզրափակիչ ակտը: Այդ փաստաթղթում նշվում է, որ անհրաժեշտ է «հարգել ժողովուրդների ինքնորոշումը՝ համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների և նպատակների, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում պետությունների տարածքային ամբողջականությանը»,- ասել է Աբդուլլաևան:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման գործընթացում շահագրգիռ կողմերին, ապա, ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, այդպիսիք հանդիսանում են «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ շրջանի հայ և ադրբեջանական համայնքները, որոնք ունեն հավասար իրավունքներ»:

«Առավոտ»-ը հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ կողմերին կոչ էր արվում «զերծ մնալ այնպիսի հայտարարություններից և գործողություններից, որոնք… պահանջում են բանակցությունների ձևաչափի փոփոխություն առանց մյուս կողմի համաձայնության, կամ որոնք պատրաստակամություն են արտահայտում վերսկսել ակտիվ ռազմական գործողությունները»: Այնուամենայնիվ, համանախագահները, հիշեցնելով հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները (այդ թվում Հելսինկյան եզրափակիչ ակտը և 2009-2012 թթ համանախագահ երկրների նախագահների առաջարկները), ընդգծել են, որ դրանք պետք է ընդունել որպես մեկ ամբողջություն: «Այս սկզբունքներից կամ տարրերից որևէ մեկին առաջնահերթություն տալը անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելու գործընթացը»,- ասվում էր հայտարարության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031