«Ես երբեք չեմ ասել` քաղցկեղի անվճար բուժում: Մենք ասել ենք`քաղցկեղի վիրահատությունների համավճարի վերացում»,- այսօր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` հստակեցնելով բուռն քննարկումների տեղիք տված իր հայտարարությունը:
Հայաստանում քաղցկեղի անվճար բուժման մասին լուրերը, որոնք հիմնված էին նախարարի հայտարարությունների վրա, խիստ քննադատության արժանացան մասնագետների կողմից: Բազմաթիվ օնկոլոգներ նման հայտարարությունը համարում են պոպուլիստական քայլ` Հայաստանի բյուջեի սուղ պայմաններում: Իսկ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը նախարարի այս կարգի հայտարարությունները PR ակցիաներ է որակել, քանի որ եթե ֆինանսական միջոցները սուղ են, մինչդեռ մեկը պետք է վճարի, իսկ դա նշանակում է, որ վճարողը էլի լինելու է քաղաքացին եւ նորից ստվեր, կոռուպցիա:
Նախարարը հստակեցնում է` խոսքը քաղաքացու կողմից վճարվող վիրահատության գումարի 20 տոկոս համավճարի մասին է: Ծրագրի վրա 500 միլիոն դրամի ներդրում է արվել, ինչ արդյունքում հանվել է քաղաքացիների վրա դրված օրինական բեռը: Քիմիան, ճառագայթային թերապիան, այլ դեղորայքային բուժումը դեռ կարվեն համավճարով, քանի որ դրանց մասով բեռն ավելի մեծ է, «մենք այդ ծանրաձողը չէինք կարող վերցնել»: Նա չբացառեց, որ եկող տարի, այդ հարցերին էլ կանդրադառնան` համավճարը վերացնելու մասով: Նաեւ ասաց, որ 200 միլիոն դրամ լրացուցիչ գումար էլ այս տարի ճառագայթային բուժմանն են հատկացրել`նորագույն տեխնոլոգիայով սարքավորմամբ բուժում ապահովելու համար: Այդ գումարը կբավարարի անվճար ճառագայթային բուժում ապահովել 200-300 հոգու համար: Իսկ ճառագայթային բուժում ստացողների թիվը Հայաստանում 5-6 հազար է: Նախարարն ասում է`հոգ չէ, կամաց-կամաց կհասնեն ավելիին:
Ի դեպ, տարվա ընթացքում վերաբաշխումներ կլինեն եւ որոշ բեռ քաղաքացիների համար կրկին կմեղմվի:
Անդրադառնալով մանկական քաղցկեղի բուժմանը հատկացվող գումարներին, նախարարն ասաց` ստացիոնար բուժման ծառայությունների մասն է պետությունն իր վրա վերցնում, դրա համար 50 միլիոն դրամ է հատկացվել: «Սոլիդ ուռուցքների`հյուսվածքային ուռուցքների`գլխում, թոքում եւ այլն, 100 դեպք է լինում Հայաստանում, որից 70-ը Հայաստանում բուժվում է, 30-դուրս են գնում»,-մանրամասնեց նա: Այդ 70 դեպքի քիմիաթերապիայի ծառայություններն, ըստ կուրսերի, պետությունն իր վրա է վերցնում`բացառությամբ դեղերի, «որ առնվազն երեխայի ծնողից չուզեն կատետր, պալատի գումար եւ այլն»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը մեջբերեց նախարարի խոսքը, որն ասել էր, թե այդ 50 միլիոն դրամը «լիովին» ծածկում է քիմիաթերապիայի հարցը: Պատգամավորը նախարարին հորդորեց`զգույշ օգտագործել բառերը:
«Մարդու իրավունքների խիստ հարց է»,- հեգնեց նախարարը`ակնարկելով, որ իրեն ուղղված հարցերը հանձնաժողովի անվանմանը չեն համապատասխանում, եւ ասաց, որ հաստատում է իր հայտարարությունը, բայց իր բացատրածով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ