Ձեր խմբակցությունն Ազգային ժողովում ունի բավարար թվով պատգամավորներ, որոնք Ձեր իսկ հրահանգով կողմ կքվեարկեն ՀՀ-ում գրավատնային գործունեությամբ զբաղվելն արգելելու օրինագծին, և դրանով վերջ կդրվի կառավարության կողից նախաձեռնած թատրոնին։
Նախագծով առաջարկվող փոփոխություններում ներառված է նաև բանկային գործունեության համար անհրաժեշտ լիցենզիայի համար սահմանված 3.000.000 ՀՀ դրամ տարեկան տուրքը 7.000.000 ՀՀ դրամ դարձնելու, վարկային կազմակերպությունների համար անհրաժեշտ լիցենզիայի համար սահմանված 500.000 ՀՀ դրամ պետական տուրքը 3.000.000 ՀՀ դրամ դարձնելու և գրավատնային գործունեության համար անհրաժեշտ լիցենզիայի համար սահմանված 100.000 ՀՀ դրամ տարեկան տուրքը 6.000.000 ՀՀ դրամ դարձնելու առաջարկները:
Անկեղծ, ես չեմ հասկանում՝ ի՞նչ հաշվարկի վրա է հիմնված նման անհեթեթ որոշումը. գրավատնային գործունեությամբ զբաղվելու պետտուրքը 100 000 դրամից դարձնելու 6 000 000 դրամ։ Կարծում եմ, նման անմիտ որոշում ընդունող խումբը կամ մարմինը պետք է գոնե դիմեր մասնագետների օգնությանը, որպեսզի հասկանար, թե միջին մեծության 20 – 30 միլիոն դրամ դրամական միջոցներ ներդրած գրավատները տարեկան ինչքա՞ն եկամուտ կարող են ստանալ։
Կարծում եմ, կառավարությանը ներկայացվող նախագիծը գրավատների պետտուրքի մասով ամենաանհիմն նախագիծն է: Առնվազն զարմանալի կարելի է համարել, որ նման նախագիծ կազմող և ներկայացնող մարդիկ մինչ օրս աշխատում են կառավարությունում։
Ընդգծեմ, որ առաջարկվող փոփոխություններով գրավատնային գործունեության համար անհրաժեշտ լիցենզիայի պետական տուրքի փոփոխությունը համահունչ չէ գրավատներին օրենքով տրված գործառույթներին, քանի որ կատարվող փոփոխություններով առաջարկվում է, որ բանկային գործունեության համար սահմանվող տարեկան պետական տուրքից ընդամենը 1.000.000 ՀՀ դրամով պակաս լինի, իսկ վարկային կազմակերպությունների համար սահմանվող տարեկան պետական տուրքից՝ 3.000.000 ՀՀ դրամ ավել, այն դեպքում, երբ գրավատներին տրված իրավասությունները 2-ն են, իսկ վարկային կազմակերպությունների և բանկերի գործառույթների քանակը՝ գրեթե 2 տասնյակ:
Կարծում եմ, որ ըստ գործառույթների քանակի՝ պետք է գնահատել լիցենզիաների համար սահմանված պետական տուրքի գումարը: Պետության կողմից սահմանված պետական տուրքի տրամաբանության հիմքում պետք է դրված լինի նաև պետության պարտավորությունների պատշաճ իրականացումը և լիցենզիայով տրվող իրավասությունների անարգել իրականացումն ու պաշտպանությունը։
Դիմում եմ ՀՀ ժողովրդի կողմից սիրված վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին և խնդրում, ինչպես Դուք եք սիրում ասել, որպես ՀՀ հպարտ քաղաքացի՝պահանջում եմ՝ օր առաջ ձերբազատվել նման կադրերից, որոնք, մեր կարծիքով, միտումնավոր ցանկանում են ցածրացնել Ձեր բարձր հեղինակությունը ժողովրդի աչքերում։
Ինչ վերաբերում է մեր բարձրացրած խնդրին, ապա ուշադրություն դարձրեք նաև այն հանգամանքին, որ, ըստ էության,,գրավատները վարկավորում են բանկերի կողմից չֆինանսավորվող,5 000 դրամից մինչև 100 000 դրամ վարկ վերցնող ժողովրդի ամենախոցելի խավին։ Դա է վկայում այն հանգմանաքը, որ գրավատների կողմից տրամադրած վարկերի շուրջ 90 %-ը չեն գերազանցում 100.000 դրամը:
Գրավատների առանձնահատկությունը նաև այն է, որ գրավատնային գործունեության ռիսկը մեծ է, քանի որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 255-րդ հոդվածի 7-րդ մասի՝ գրավատուի պարտավորությունները մարվում են անգամ այն դեպքում, երբ իրացված գրավի առարկայով չի բավարարվում գրավառուի՝ գրավատան պահանջը: Փաստորեն, եթե ընդունվի այս անհեթեթ նախագիծը, հավատացած եղեք, որ փակվելու են բոլոր գրավատները, և մեր համոզմամբ,ներդրողներն իրենց գործունեությունը ծավալելու են այլ երկրներում, որտեղ ավելի նպաստավոր պայմաններ կան գրավատների գործունեության համար…
էլ չենք ասում, թե քանի աշխատատեղեր կարող են փակվել։
Վարուժան ՍԱՀԱԿՅԱՆ
«ԴԱՅՄՈՆԴ ԿՐԵԴԻՏ» ԳՐԱՎԱՏԱՆ ՏՆՕՐԵՆ