Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցի հանձնարարականները

Մարտ 10,2019 23:30

Սույն փաստաթղթի ողջ տեքստում ներառված հանձնարարականները տրվում են Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների անցկացման հետագա բարելավման և դրանք ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային պարտավորությունների ու չափանիշների հետ լիարժեք ներդաշնակեցմանն ուղղված ջանքերին աջակցելու նպատակով: Սույն հանձնարարականները պետք է ընթերցվեն նախկին՝ դեռևս չկատարված ԺՀՄԻԳ հանձնարարականների հետ միասին:

ԺՀՄԻԳ-ը պատրաստակամություն է հայտնում աջակցել ՀՀ իշխանություններին ընտրական գործընթացների հետագա բարելավման և սույն, ինչպես նաև նախկին զեկույցներում ներառված հանձնարարականների կատարման հարցում:

ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ

1. Իշխանությունները, կուսակցությունները, լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիները պետք է շարունակեն ընտրական գործընթացի արդարության նկատմամբ վստահությունը պահպանելուն ուղղված ջանքերը՝ ընտրակեղծիքների բոլոր ձևերն արմատախիլ անելու և մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները խթանելու միջոցով:

2. ԺՀՄԻԳ-ի սույն և նախկին զեկույցներում մատնանշված բացերի և երկիմաստությունների վերացման համար իրավական դաշտը պետք է վերանայվի հաջորդ ընտրություններից բավականաչափ ժամանակ առաջ՝ ներառական օրենսդրական գործընթացի միջոցով:

3. Իշխանությունները պետք է նախաձեռնեն միջոցների իրավական վերանայում՝ երաշխավորելու ընտրողների անձնական տվյալների պաշտպանությունը՝ միևնույն ժամանակ ընտրական շահառուների համար պատշաճ հասանելիություն պահպանելով ընտրացուցակներին:

4. Իշխանությունները պետք է շարունակեն նպաստել հանրային լրատվամիջոցների խմբագրական անկախությանը և խթանեն քաղաքացիների համար անկողմնակալ, քննադատական և վերլուծական քաղաքական տեղեկատվության և ծրագրերի հասանելիությունը՝ այդ թվում այն դեպքերում, երբ լուսաբանվում է պետական պաշտոնյաների գործունեությունը: Ի հավելումն դրա, կարող է դիտարկվել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացման հնարավորությունը:

5. Ընտրական գործընթացի բոլոր շահառուների շրջանում պետք է իրականացվի իրազեկության բարձրացում քաղաքական և հանրային կյանքում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության կարևորության վերաբերյալ՝ հատուկ շեշտադրելով քաղաքական կուսակցություններում կանանց դերակատարությունը: Պետք է դիտարկել կին թեկնածուների առաջմղման հատուկ միջոցների խթանումը: Դա կարող է արվել թերներկայացված սեռի թեկնածուներին համապետական ցուցակների յուրաքանչյուր երկրորդ դիրքում ընդգրկելու միջոցով:

6. ԿԸՀ-ն պետք է ընդլայնի ԸԸՀ վերապատրաստումներն արդյունքների ամփոփման արձանագրությունների մասով՝ հատուկ ուշադրություն դարձնելով ձայների հաշվարկին և այդ արձանագրությունների լրացման կարգին: Ընտրությունների արդյունքների ճշգրտության և ամբողջականության ապահովման նպատակով աղյուսակավորման փուլում արդյունքների ամփոփման արձանագրություններում արվող բոլոր ուղղումները պետք է լինեն միատեսակ, հաշվետվողական և արվեն օրենքի համաձայն:

7. Ինչպես նշված էր ԺՀՄԻԳ-ի նախկին հանձնարարականներից մեկում, իրավական դաշտը պետք է բարեփոխվի՝ սահմանելով քարոզարշավային բոլոր մուծումների ու ծախսերի մասին հաշվետվության ներկայացման պահանջ՝ ներառելով կազմակերպչական և մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը կատարված ծախսերը:

ԱՅԼ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ

Իրավական դաշտ

8. Իշխանությունները պետք է առավել նախաձեռնողական լինեն հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության համար հասանելի միջավայր ապահովելու հարցում և միջոցներ ձեռնարկեն սահմանափակ տեղաշարժման հնարավորություններով անձանց համար քվեարկության մատչելիությունը մեծացնելու համար: Հասանելիության խնդիրներ ունեցող շենքերը պետք է առանձնացվեն նախապես և անհրաժեշտ դեպքերում պետք է տրվեն այլընտրանքային լուծումներ:

9. Մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի սահմանափակումները պետք է վերացվեն: Ընտրական վարչարարություն

10. Ընտրական վարչարարության աշխատանքի թափանցիկության բարձրացման համար ԿԸՀ-ն պետք է իր կայքէջում պարբերաբար և ժամանակին հրապարակի ԿԸՀ-ի և ՏԸՀ-ների բոլոր որոշումները:

11. Տեղամասային կենտրոններում կուտակումները պետք է վերացվեն, օրինակ՝ առավել հարմար տարածքներ հատկացնելով, լրացուցիչ քվեախցիկներ տեղադրելով և հերթերի պատշաճ կառավարմամբ: ԿԸՀ-ն պետք է խթանի ընտրողների իրազեկման ծրագրերը, ներառյալ ընտանիքով քվեարկության կանխման և քվեարկության գաղտնիության կարևորության վերաբերյալ:

Թեկնածուների գրանցում

12. Մեկից ավելի քաղաքացիություն ունեցող անձանց առաջադրման իրավունքի սահմանափակումները պետք է վերացվեն:

Քարոզարշավ

13. Իշխանությունները պետք է կազմակերպեն ընտրողների ուսուցման արշավներ՝ խթանելու ԶԼՄ գրագիտությունը, պատասխանատվությունն ու սոցիալական ներառումը: Սադրիչ և վիրավորական լեզուն բացառելու համար ընտրապայքարի մասնակիցները կարող են մշակել և կիրառել վարքագծի կանոններ և ինքնուրույն ձևավորել լավ գործելակերպ:

Քարոզարշավի ֆինանսավորում

14. Օրենսդիրն ու ԿԸՀ-ն պետք է հստակ սահմանեն ՎՎԾ-ի՝ ֆինանսական վերահսկման մանդատը և վերջինիս տրամադրեն անհրաժեշտ միջոցներ և մարդկային ռեսուրսներ՝ ապահովելու, որ ՎՎԾ-ն իրականացնի քարոզարշավի ֆինանսավորման պատշաճ վերահսկողություն:

Զանգվածային լրատվության միջոցներ

15. Միջոցներ պետք է ձեռնարկվեն լրատվամիջոցների սեփականության լիարժեք թափանցիկության ապահովման ուղղությամբ՝ սահմանելով վերջնական սեփականատերերի հստակ բացահայտման պահանջ: Լրատվամիջոցների սեփականատերերի և ֆինանսավորման աղբյուրների մասին ամբողջ տեղեկատվությունը պետք է հրապարակվի:

16. Կարելի է դիտարկել ՀՌՀ-ի` քաղաքական լուսաբանման ամբողջական և անկախ մոնիթորինգ իրականացնելու կարողությունների զարգացման հնարավորությունը, այդ թվում՝ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում: Ինչպես նշված է ԺՀՄԻԳ-ի նախկին հանձնարարականներից մեկում, կարելի է նաև դիտարկել մեթոդոլոգիայի զարգացման հնարավորությունը՝ թույլ տալու ամենօրյա որակական և քանակական մշտադիտարկում՝ ներառյալ լուսաբանման տոնայնությունը:

17. Իշխանությունները կարող են դիտարկել հանրային հեռարձակողների համար նախընտրական քարոզարշավի ընթացքում բանավեճեր կազմակերպելու պարտավորության սահմանում:

Դիմումներ և բողոքներ

18. ՏԸՀ-ներին ներկայացվող բողոքների ներկայացման և լուծման, ինչպես նաև ընտրությունների օրվանից հետո ՏԸՀ որոշումների բողոքարկման ժամկետները պետք է փոփոխվեն արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի ապահովման համար:

19. Ջանքեր պետք է ձեռնարկվեն ընտրական վեճերի լուծման ոլորտում ընտրական վարչարարության մարմինների և դատարանների փորձագիտական կարողությունների բարձրացման ուղղությամբ: Վեճերի լուծման գործընթացի թափանցիկության և դրա վերաբերյալ տեղեկատվության մատչելիության բարձրացման նպատակով ԿԸՀ-ն կարող է դիտարկել ողջ ընտրական գործընթացի ընթացքում ստացված և քննված դիմումների և բողոքների մշտական հանրային ռեգիստր վարելու հնարավորությունը:

Ընտրությունների դիտարկում

20. Համաձայն նախկին հանձնարարականներից մեկի՝ նորաստեղծ կազմակերպություններին որպես դիտորդ հավատարմագրելու արգելք սահմանող դրույթները պետք է վերանայվեն: Դիտորդների հավատարմագրման համար դիմելու վերջնաժամկետը կարող է սահմանվել ընտրությունների օրվան ավելի մոտ:

 

2018 թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ի ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ԺՀՄԻԳ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ, ՄԱՍ 16 (Հանձնարարականներ) 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031