Լրահոս
Օրվա լրահոսը

Ջանքեր պետք է ձեռնարկվեն ընտրական վեճերի լուծման ոլորտում

Մարտ 10,2019 22:20

Ըստ ԿԸՀ-ի՝ ՔՀԿ դիտորդները ՏԸՀ-ներին 26 բողոք են ներկայացրել քվեարկության օրվա տարբեր ընթացակարգային խախտումների վերաբերյալ, ինչպես օրինակ նույն կուսակցության / դաշինքի երկուսից ավելի վստահված անձանց ներկայությունը տեղամասային կենտրոնում, կամ ԸԸՀ-ի կողմից բողոքները գրանցամատյանում չգրանցելը:

Այդ բողոքներից վեցի արդյունքում ԸԸՀ անդամների որակավորման վկայականները չեղարկվեցին: Ընտրական գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ փաթեթավորման մեկ դեպք ՏԸՀ-ի կողմից ուղարկվեց վարչական դատարան: ԺՀՄԻԳ ԸԴԱ որոշ զրուցակիցների կողմից մտահոգություններ են հնչել ՏԸՀ-ների՝ բողոքների արհեստավարժ քննման փորձագիտական կարողությունների վերաբերյալ: Օրենքը նախատեսում է, որ ձայների հաշվարկի ժամանակ տեղամասային կենտրոնում ներկա գտնված վստահված անձինք և թեկնածուները կարող են պահանջել ձայների վերահաշվարկ՝ առանց հիմնավորումների:

Ընտրությունների օրվանից հետո 8 ՏԸՀ-ների կողմից ստացվել է ընդհանուր թվով 13 վերահաշվարկի դիմում: Դիմումներից երկուսը բավարարվել է, մինչ մյուսները մերժվել են ֆորմալ հիմքերով: Այնուհանդերձ, այդ և մի շարք այլ ՏԸՀ-ներ ԸԸՀ արձանագրություններն ուսումնասիրելուց հետո սեփական նախաձեռնությամբ իրականացրել են նշված տեղամասային կենտրոններում ձայների վերահաշվարկ: Իրականացվել է ընդհանուր թվով 57 վերահաշվարկ, որի արդյունքում ընտրությունների արդյունքներում կատարվել են մանր ուղղումներ, որոնք որևէ ազդեցություն չեն ունեցել մանդատների բաշխման վրա:

Քվեարկության օրվանից հետո ԿԸՀ-ն ստացել է ընդհանուր թվով 16 դիմումներ և բողոքներ՝ վերջինները հիմնականում ներկայացված ՔՀԿ դիտորդների կողմից՝ կապված քվեարկության օրվա խախտումներին առնչվող ՏԸՀ որոշումների հետ: ԿԸՀ-ն որոշումներ կայացրել է միայն չորս բողոքների մասով նախքան վերջնական արդյունքների հրապարակումը՝ մերժելով մյուս բողոքները այն հիմքով, որ դրանք ներկայացվել էին դեկտեմբերի 14-ի վերջնաժամկետից հետո: ԿԸՀ-ն նաև կիրառել է նեղ իրավական մեկնաբանություն՝ պատճառաբանելով, որ բողոք բերելու իրավունք ունեն միայն անհատ դիտորդները և ոչ նրանց առաջադրած ՔՀԿ-ները:

ԿԸՀ-ն քվեարկության օրը վարել է ստացված ահազանգերի և պաշտոնական դիմումբողոքների, ինչպես նաև ձեռնարկված գործողությունների վերաբերյալ էլեկտրոնային հանրային ռեգիստր, ինչը շատ ողջունելի է: Քվարկության օրվանից հետո վարչական դատարանը ՔՀԿ դիտորդների կողմից ստացել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ վեց դիմում, հիմնականում կապված ԸԸՀ-ների՝ ողջ պահանջվող տեղեկատվությունը գրանցամատյաններում չգրանցելու հետ, սակայն գործերի քննությունն ու լուծումը տեղի է ունեցել ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հեռանալուց հետո:

Ջանքեր պետք է ձեռնարկվեն ընտրական վեճերի լուծման ոլորտում ընտրական վարչարարության մարմինների և դատարանների փորձագիտական կարողությունների բարձրացման ուղղությամբ: Վեճերի լուծման գործընթացի թափանցիկության և դրա վերաբերյալ տեղեկատվության մատչելիության բարձրացման նպատակով ԿԸՀ-ն կարող է դիտարկել ողջ ընտրական գործընթացի ընթացքում ստացված և քննված դիմումների և բողոքների մշտական հանրային ռեգիստր վարելու հնարավորությունը:

Դեկտեմբերի 14-ին դատախազությունը հայտարարեց վեց քրեական գործի հարուցման մասին այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրակաշառքի և ընտրողների ու վստահված անձանց վրա ճնշումներ գործադրելու փաստերի առնչությամբ։

Ի լրումն դրա, դատախազությունը տարբեր շահառուներից, այդ թվում՝ ընտրողներից և լրատվամիջոցներից, ստացել էր 442 հաղորդումներ քվեարկության օրը, ինչպես նաև դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածներում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ: Ընտրությունների վերջնական արդյունքները, այդ թվում՝ Ազգային ժողովում մանդատների բաշխումը, ԿԸՀ-ի կողմից հրապարակվել են դեկտեմբերի 16-ին: Քվեարկության արդյունքների համաձայն՝ հաղթանակած դաշինքը ստանում էր պատգամավորական մանդատների երկու երրորդից ավելին:

Օրենքով սահմանված կարգով խորհրդարան անցած մյուս երկու կուսակցություններին տրամադրվեցին լրացուցիչ մանդատներ միասնաբար մեկ երրորդի փոքրամասնություն կազմելու համար: Նոր Ազգային ժողովի առաջին նիստը գումարվեց 2019 թ.-ի հունվարի 14-ին՝ 132 պատգամավորներով, որից 32-ը՝ կին: Ընտրապայքարի մասնակիցներից որևէ մեկն ընտրությունների արդյունքները չի բողոքարկել սահմանադրական դատարան: Դրական է, որ ընտրապայքարի մասնակիցների մեծ մասը հրապարակայնորեն շնորհավորեցին հաղթողներին:

 

2018 թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ի ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ԺՀՄԻԳ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ, ՄԱՍ 15 (Հետընտրական զարգացումներ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031