Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեարկության օրը դրական է գնահատվել ԸՄԴԱ դիտարկումների 99 տոկոս դեպքերում

Մարտ 10,2019 21:00
qveatertik

Մեկնարկ և քվեարկություն

Ընտրությունների օրն անցել է հանգիստ և խաղաղ, առանց նշանակալի միջադեպերի և խախտումների: Ընտրողների նկատմամբ ճնշումների կամ ահաբեկման մասին հաղորդումներ չեն եղել, և ընտրությունների օրվա ընթացակարգերը դրական են գնահատվել ԸՄԴԱ դիտորդների ճնշող մեծամասնության կողմից: Ընտրական տեղամասերի բացումը դրական է գնահատվել ԸՄԴԱ դիտարկած բոլոր 82 տեղամասերում, և քվեարկությունն սկսվել է ժամանակին:

Քվեարկության օրվա մեկնարկի ընթացակարգերն ընդհանուր առմամբ պահպանվել են, և Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներն ընտրություններին նախապատրաստվել են կոլեգիալ կերպով: Ընտրապայքարի մասնակիցների վստահված անձինք ներկա են եղել դիտարկված 59, իսկ ՔՀԿ դիտորդները՝ 31 տեղամասերում: Ողջ օրվա ընթացքում ԸՄԴԱ դիտորդները արձանագրել են, որ զգալի թվով տեղամասային կենտրոններ (դիտարկված 975 կենտրոնների 71 տոկոսը) անհասանելի էին տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողների համար, ինչը կարող էր և ոմանց համար քվեարկելու դժվարություններ ստեղծած լինել:

Այս խոչընդոտը հակասում է բոլոր ընտրողների համար հավասար ընտրական իրավունքի ապահովման միջազգային պարտավորություններին: ԿԸՀ-ն ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին տեղեկացրեց, որ տեղամասային կենտրոնների տարածքները հիմնականում չէին փոխվել նախորդ ընտրություններից հետո: Տեղամասային կենտրոնների հասանելիության մասին տվյալների պարբերական հավաքագրում չի արվել ուսումնասիրման նպատակներով, ոչ էլ ներկայացվել է հանրությանը: Իշխանությունների կողմից պատշաճ միջոցների ոչ բավարար ձեռնարկումը զգալիորեն խոչընդոտում է հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցությանն ընտրական գործընթացին՝ որպես ընտրող և թեկնածու:

Իշխանությունները պետք է առավել նախաձեռնողական լինեն հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության համար հասանելի միջավայր ապահովելու հարցում և միջոցներ ձեռնարկեն սահմանափակ տեղաշարժման հնարավորություններով անձանց համար քվեարկության մատչելիությունը մեծացնելու համար: Հասանելիության խնդիրներ ունեցող շենքերը պետք է առանձնացվեն նախապես և անհրաժեշտ դեպքերում պետք է տրվեն այլընտրանքային լուծումներ: Քվեարկության օրը դրական է գնահատվել ԸՄԴԱ դիտարկումների 99 տոկոս դեպքերում, ինչը նշանակում է, որ ԸԸՀ-ները գործել են համապատասխան ընթացակարգերի համաձայն:

Տեղամասային կենտրոններում վստահված անձանց (դիտարկումների 93 տոկոս դեպքերում) և ՔՀԿ դիտորդների (դիտարկումների 52 տոկոս դեպքերում) ներկայությունը երաշխավորել է ընտրական գործընթացի թափանցիկությունը: Սակայն սահմանափակ թվով դեպքերում (դիտարկումների 3 տոկոս) վստահված անձինք և դիտորդները միջամտել են գործընթացին: Չարտոնված անձինք, հիմնականում ոստիկաններ (երբ չէին մասնակցում քվեարկությանը), ներկա են եղել դիտարկված տեղամասային կենտրոնների հինգ տոկոսում, սակայն չեն միջամտել քվեարկության ընթացքին: Մի քանի դեպքերում նկատվել է քարոզչական նյութերի առկայություն տեղամասային կենտրոններին շատ մոտ տարածքում:

Քվեարկության ընթացակարգերն ընդհանուր առմամբ պահպանվել են, և ընտրական պարագաները հիմնականում հասանելի էին, սակայն դիտարկված տեղամասային կենտրոնների 10 տոկոսում թեկնածուների ցուցակները հրապարակված չէին: Ընտրողներն ընդհանուր առմամբ, սակայան ոչ միշտ, քվեարկել են գաղտնի: Քվեարկության գաղտնությունը խախտվել է հիմնականում այնպիսի դեպքերում, երբ ընտրողները ցուցակում գրանցվելուց հետո ստիպված էին լինում սպասել որևէ քվեախցիկի ազատվելուն: Դա ենթադրում է, որ կա հերթերի պատշաճ կառավարման, կամ որոշ տեղամասային կենտրոններում ավելի շատ քվեախցիկներ տեղադրելու անհրաժեշտություն:

Այլ անձի փոխարեն քվեարկության հնարավոր դեպքերի դեմ պայքարելու համար բոլոր ընտրողները տեղամասային կենտրոններում նույնականացվել են ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումներով, որոնց մեջ ներբեռնված էր տվյալ ընտրատարածքի ընտրողների ցուցակի էլեկտրոնային տարբերակը: Ընտրողների անձը հաստատող փաստաթղթերը ստուգվել են՝ պարզելու, թե արդյոք անձը գրանցված է տվյալ տեղամասում և թե արդյոք նա արդեն նշված է ցուցակում որպես արդեն քվեարկած անձ: Ընտրողների մատնահետքերը նույնպես ստուգվել են տեխնիկական սարքավորումներով, որպեսզի հնարավոր լինի ընտրություններից հետո մատնահետքերի խաչաձև ստուգումներ իրականացնել ԱՎՎ-ի բազայում առկա մատնահետքերի հետ, բողոքների առկայության դեպքում:

Տեխնիկական սարքավորումներով նույնականացման գործընթացն ըստ ԸՄԴԱ դիտարկումների ընթացել է նախատեսվածի համաձայն, առանց նշանակալի խնդիրների՝ չնայած այդ սարքավորումների տեղադրման, թեստավորման և բաշխման համար իշխանությունների ունեցած սեղմ ժամկետներին: Ընտրողներն ընդհանուր առմամբ տիրապետում էին քվեարկության ընթացակարգերին՝ առաջին անգամ քվեարկողների և տարեցների շրջանում որոշ բացառություններով: ԸՄԴԱ դիտորդները նկատել էին, որ որոշ տարեցներ խնդիրներ են ունենում՝ պայմանավորված ընթացակարգերի բարդությամբ: ԸՄԴԱ դիտորդները նաև նկատել էին, որ քրեակատարողական հիմնարկներում ընտրողները տեղյակ չէին քվեարկության ընթացակարգին, ինչի արդյունքում գրանցվեցին քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր:

Կուտակումներ նկատվել են դիտարկված տեղամասային կենտրոնների 11 տոկոսում, իսկ քվեարկության ընթացքը հարթ չի ընթացել դեպքերի 7 տոկոսում, ինչը մասնակիորեն հետևանք էր հերթերի ոչ պատշաճ կառավարման (3 տոկոս) և տեղամասային կենտրոնների տարածքի անհարմարություններին (2 տոկոս): Ընտանիքով քվեարկության դեպքեր նկատվել են տեղամասերի 4 տոկոսում, ինչը մտահոգիչ է:

Տեղամասային կենտրոններում կուտակումները պետք է վերացվեն, օրինակ՝ առավել հարմար տարածքներ հատկացնելով, լրացուցիչ քվեախցիկներ տեղադրելով և հերթերի պատշաճ կառավարմամբ: ԿԸՀ-ն պետք է խթանի ընտրողների իրազեկման ծրագրերը, ներառյալ ընտանիքով քվեարկության կանխման և քվեարկության գաղտնիության կարևորության վերաբերյալ:

Ձայների հաշվարկ և աղյուսակավորում

Ձայների հաշվարկը դրական է գնահատվել դիտարկված բոլոր 103 տեղամասային կենտրոններում, բացի երկուսից, ինչը մատնանշում է, որ գործընթացն իրականացվել է առանց ընթացակարգային նշանակալի խախտումների և հանգիստ ու լարվածությունից զերծ մթնոլորտում: ԸԸՀ-ներն ընդհանուր առմամբ կատարել են նախքան քվեատուփերի բացումը սահմանված բոլոր քայլերը: 15 տեղամասային կենտրոններում ընտրողների ցուցակում առկա ստորագրությունների թիվը չէր համապատասխանում տեխնիկական սարքավորումներով տպված տեղեկանքների թվին (տպվում է քվեարկության համար նույնականացված յուրաքանչյուր ընտրողի համար):

ԸՄԴԱ դիտորդները մի շարք տեղամասերում (դիտարկված 32 դեպք) արձանագրել են դեպքեր, երբ քվեաթերթիկն օրենքի համաձայն ճանաչվել էր անվավեր վարկանիշային թեկնածուների քվեների մասով, թեև ընտրողի կամարտահայտությունը հստակ էր, ինչը նշան է, որ կա ընթացակարգերի վերանայման անհրաժեշտություն: Չնայած դիտորդները կարողացել են անարգել հետևել ձայների հաշվարկին, նկատվել են դեպքեր, երբ վարկանիշային թեկնածուների ձայները չեն հաշվվել մեկ առ մեկ (դիտարկված 12 դեպքերում), և երբ կատարվել է տարբեր ցուցակների վարկանիշային թեկնածուների ձայների զուգահեռ հաշվարկ, ինչը նվազեցրել է դիտարկված մի քանի տեղամասային կենտրոններում ձայների հաշվարկի թափանցիկությունը:

Ոստիկանությունը ներկա է եղել ձայների հաշվարկին դիտարկված 7 դեպքերում, սակայն, ինչպես քվեարկության ժամանակ, այն չի միջամտել: Վստահված անձինք ուղղակիորեն մասնակցել են ձայների հաշվարկին դիտարկված տեղամասային կենտրոններից 8-ում:

Դիտարկված 11 ԸԸՀ-ները դժվարացել են լրացնել արդյունքների ամփոփման արձանագրությունները՝ հիմնականում պայմանավորված հանձնաժողովի անդամների կողմից՝ ընթացակարգերն ըմբռնելու խնդիրներով: Թեև դիտարկված տեղամասային կենտրոններից երեքում ԸԸՀ անդամները նախապես ստորագրել էին արձանագրությունները, արդյունքների դիտավորյալ կեղծման դեպքեր չեն գրանցվել: Որոշ դեպքերում ԸՄԴԱ դիտորդներին չի տրամադրվել արձանագրության քաղվածք (ութ դեպք)՝ հիմնականում կապված պաշտոնական արձանագրության պատճենի կազմման բարդ ընթացակարգի հետ:

Աղյուսակավորման ընթացակարգերը դիտարկվել են բոլոր 38 ՏԸՀ-ներում և դրական են գնահատվել դրանցից 34-ում: Մինչ գործընթացն ընդհանուր առմամբ լավ է ընթացել, ԸՄԴԱ դիտորդները արձանագրել են ԸԸՀ արձանագրությունների հանձնման-ընդունման կազմակերպման խնդիրներ 5 ՏԸՀ-ներում, և արդյունքների աղյուսակավորման ոչ պատշաճ պայմանների առկայություն 11 ՏԸՀ-ներում՝ հիմնականում պայմանավորված տարածքի սահմանափակությամբ: Որոշ ՏԸՀ-ներում դրա արդյունքում ընտրական փաստաթղթերի հանձնման-ընդունման գործընթացը ստացվեց անկանոն և ոչ թափանցիկ: Հերթում սպասող ԸԸՀ-ների շրջանում լարվածություն նկատվել է 4 ՏԸՀ-ներում:

ԸՄԴԱ դիտորդները հաղորդել են աղյուսակավորման գործընթացի որոշ փուլերին սահմանափակ մատչելիության խնդիրների մասին: Թիմերից մեկին թույլ չէին տվել դիտարկել ԸԸՀ արձանագրությունների տվյալների մուտքագրումը:97 ԸՄԴԱ դիտորդներն ականատես են եղել մի քանի դեպքերի, երբ ԸԸՀ-ները արձանագրություններ են լրացրել կամ ուղղել նախքան դրանք ՏԸՀ-ներին հանձնելը, սակայն արդյունքների դիտավորյալ կեղծման նշաններ չեն եղել: ԸՄԴԱ դիտորդները բոլոր ՏԸՀ-ներում նկատել են, որ ԸԸՀ արդյունքների ամփոփման արձանագրություններում առկա էին անկարևոր, բայց մեծաթիվ թվաբանական սխալներ, որոնք ենթակա էին ուղղման:

Աղյուսակավորման ընթացքում ՏԸՀ որոշ անդամներ հաստատման ընթացակարգերը կիրառել են ոչ հետևողական և միատեսակ կերպով: Ընտրություններից հետո հրապարակված ԸԸՀ արձանագրությունների ստուգումը ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից ցույց տվեց, որ դրանցում նշանակալի թվով փոփոխություններներ էին կատարվել առանց համապատասխան ԸԸՀ նախագահի կամ քարտուղարի կողմից վավերացվելու (ստորագրվելու), ինչպես պահանջվում է օրենքով: Բացի այդ, ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն նկատեց, որ արդյունքների թվերում կատարվել էին մանր ուղղումներ օրենքին հակասող կարգով: Սա մտահոգությունների տեղիք է տալիս ընթացակարգերին խստորեն հետևելու անբավարարության տեսանկյունից, ինչը ապահովում է ընտրությունների արդյունքների ճշգրտությունն ու ամբողջականությունը:

ԿԸՀ-ն պետք է ընդլայնի ԸԸՀ վերապատրաստումներն արդյունքների ամփոփման արձանագրությունների մասով՝ հատուկ ուշադրություն դարձնելով ձայների հաշվարկին և այդ արձանագրությունների լրացման կարգին: Ընտրությունների արդյունքների ճշգրտության և ամբողջականության ապահովման նպատակով աղյուսակավորման փուլում արդյունքների ամփոփման արձանագրություններում արվող բոլոր ուղղումները պետք է լինեն միատեսակ, հաշվետվողական և արվեն օրենքի համաձայն:

 

2018 թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ի ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ԺՀՄԻԳ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ, ՄԱՍ 14 (Ընտրությունների օր)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031