«Մենք այն ենք, ինչ ուտում ենք» արտահայտության մեջ ճշմարտության չափաբաժինը 99,9 տոկոս է, և այսօր դժվար թե գտնվի մեկը, որի համար նորություն է առողջության պահպանման համար ճիշտ սննդակարգ ընտրելու անհրաժեշտությունը։
Սկսենք գլխից՝ բոլորիս երազանքը մինչև խոր ծերություն սուր և պայծառ միտք ունենալն է, որի երաշխիքը, բնականաբար, առողջ գլխուղեղն է․ Չմոռանանք՝ գլխուղեղը, շատ լավ «գիտենալով» իր դերն օրգանիզմի կենսագործունեության համար, չափազանց քմահաճ է․ այն պիտի լինի մեր ուշադրության կենտրոնում։
Եվ այսպես, ի՞նչ հավելումներ ու սննդանյութեր են անհրաժեշտ մեր ուղեղին և որտեղի՞ց դրանք ստանալ․
1․ ԴՀԹ Դոկոզահեքսաենային թթու (ԴՀԹ) – սա օմեգա 3 կիսաչհագեցած ճարպաթթու է, որը կազմում է գլխուղեղում առկա օմեգա 3 ճարպաթթուների 90 %-ը։ Այն նաև սրտի հյուսվածքների հիմնական բաղադրամասերից մեկն է։ Այս ճարպաթթուն գլխուղեղը պաշտպանող ամենակարևոր նյութերից մեկն է։
Դոկոզահեքսաենային թթվով ամենահարուստ բնական աղբյուրը մայրական կաթն է․ ահա թե ինչու է այն այդքան կարևոր երեխայի համար։
Այս ճարպաթթուն պարունակվում է որոշ ձկնատեսակների (սաղմոն, ձողաձկան լյարդ) ճարպի բաղադրության մեջ, ինչպես նաև կտավատի ձեթի և ավոկադոյի կազմում։
2․ Ռեսվերատրոլ- բնական ֆիտոալեքսին է, որն ունի մանրէասպան, հակասնկային ազդեցություն և ոչ միայն։ Այն պարունակվում է խաղողի կեղևում, կակաոյի, ընկուզեղենի և գինու բաղադրության մեջ։ Ռեսվերատրոլը դանդաղեցնում է ծերացման գործընթացն ու ուժեղացնում արյան հոսքը դեպի գլխուղեղ, ինչպես նաև խթանում սրտի կանոնավոր աշխատանքը։
3․ Քրքում – այս բույսի հետ կապված գիտական հետազոտությունները բազմաթիվ են, որոնք հիմնականում ուսումնասիրում են բույսի բաղադրամաս կազմող քրքումինի հակաբորբոքային և հակաօքսիդիչ ազդեցությունները։ Քրքումը հազարամյակներ շարունակ լայնորեն կիրառվում է չինական և հնդկական բժշկության մեջ՝ որպես տարատեսակ հիվանդությունների դեմ պայքարող բնական դեղամիջոց։
Հետազոտություններից մեկում տարեց ասիացիների օրինակով ուսումնասիրվել է քարրի փոշու օգտագործման և ճանաչողական (կոգնիտիվ) գործառույթի միջև եղած կապը։ Նրանք, որոնք «երբեմն», «հաճախ կամ շատ հաճախ» քարրի են օգտագործել իրենց սննդում, որոշակի թեստերով ավելի բարձր արդյունք են գրանցել, քան նրանք, որոնք «երբեք» չեն օգտագործել կամ շատ «հազվադեպ» են օգտագործել։
Քրքումինի բացառիկ հատկություններից մեկն այն գեների ակտիվացումն է, որոնք անգին միտոքոնդրիումները պաշտպանող հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ են արտադրում։ Բացի դա, քրքումինը բարելավում է գլյուկոզայի փոխանակությունը․ այս ամենն օգնում է նվազեցնել գլխուղեղի հիվանդությունների առաջացման վտանգը։
4․ Պրոբիոտիկներ– հետազոտությունները ցույց են տվել, որ պրոբիոտիկներով՝ աղիների բնական միջավայրը պահպանող կենդանի միկրոօրգանիզմներով հարուստ սննդի (կեֆիր, յոգուրտ, մարինացված վարունգ, թթվեցրած կաղամբ և այլն) օգտագործումը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ գլխուղեղի վրա՝ նվազեցնելով սթրեսը, դեպրեսիան և անհանգստությունը։
Պրոբիոտիկներն անհրաժեշտ են «բարի բակտերիաների» այն խմբին, որն, ապրելով մեր աղիներում, հոգում է նորմալ մարսողության մասին։ Դրանք կարևորագույն դեր են խաղում նեյրոքիմիական այնպիսի նյութերի արտադրման, ներծծման ու տեղափոխման գործում, ինչպիսիք են սերոտոնինը, դոֆամինն ու նյարդային աճի գործոնը, որոնք կենսականորեն անհրաժեշտ են գլխուղեղի և նյարդային համակարգի առողջ ու կանոնավոր գործունեության համար։ Գլխուղեղն ինֆորմացիա է ստանում աղիների գործունեության մասին, իսկ կենտրոնական նյարդային համակարգն ինֆորմացիան ետ է ուղարկում՝ աղեստամոքսային տրակտի օպտիմալ գործունեությունն ապահովելու համար։ Ինֆորմացիայի նման փոխանցումների շնորհիվ մենք կարող ենք վերահսկել մեր մարսողությունն ու հանգիստ քնել գիշերը։
Բացի դա, աղիները հորմոնային ազդակներ են հղում, որոնք գլխուղեղում վերափոխվում են հագեցածության, սովի, անգամ ցավի զգացողության։
5․ Կոկոսի յուղ– նպաստում է նյարդադեգեներատիվ հիվանդությունների կանխարգելմանը, ինչպես նաև բուժմանը․ այն ոչ միայն հրաշալի «վառելանյութ» է ուղեղի համար, այլև բորբոքային գործընթացները նվազեցնող միջոց։ Կոկոսի յուղը ջերմակայուն է, ուստի ջերմային մշակման արդյունքում պահպանում է իր դրական հատկությունները։
6․ Ալֆա լիպոյաթթու–այս ճարպաթթուն պարունակվում է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիա արտադրող յուրաքանչյուր բջջի կազմում։ Այն հաղթահարում է հեմատոէնցեֆալիկ արգելքը՝ գլխուղեղի բջիջների համար հզոր հակաօքսիդանտի դեր ստանձնելով։
Գիտնականները լրջորեն ուսումնասիրում են այս նյութի դերը գլխուղեղի տարբեր հիվանդությունների, օրինակ թուլամտության, ազատ ռադիկալներից առաջացած խանգարումների, կաթվածների բուժման գործում։
Թեև օրգանիզմն ունակ է ինքնուրույնաբար արտադրելու այս ճարպաթթվի բավարար քանակությունը, հաշվի առնելով ժամանակակից կյանքի առանձնահատկությունները, ավելորդ չի լինի սննդակարգում լիպոյաթթվով հարուստ կերակուրների ներառումը․ օրինակ՝ տավարի միս և տավարի լյարդ, որակյալ կաթնամթերք, ձու, բրյուսելյան և սպիտակ կաղամբ։
7. Վիտամին D – թեև մեծամասնությունն այս ճարպալույծ վիտամինն առաջին հերթին համարում է առողջ ոսկրային համակարգի պատասխանատու, բայց իրականում վիտամին D-ի ազդեցությունը ողջ օրգանիզմի, մասնավորապես ուղեղի վրա շատ ավելի լուրջ է։
Հայտնի է, որ կենտրոնական նյարդային համակարգը վիտամին D-ի ռեցեպտորներ ունի, և որ վիտամին D-ն օգնում է գլխուղեղում այն ֆերմենտների կարգավորման հարցում, որոնք խթանում են նյարդերի աճն ու մասնակցում են նեյրոմեդիատորների արտադրմանը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին D-ն նեյրոնները պաշտպանում է ազատ ռադիկալների ազդեցությունից՝ նվազեցնելով բորբոքումները։
Վիտամին D-ն պարունակվում է ձկան յուղի, ձկնեղենի, կաթնամթերքի (պանիր, կաթնաշոռ, կարագ), ձվի դեղնուցի, տավարի լյարդի, հատիկավորների բաղադրակազմում, սակայն չպետք է մոռանալ, որ վիտամին D-ի առաջին աղբյուրն արևն է, իսկ ամենամտերիմ «ընկերը», առանց որի վիտամին D-ն պարզապես չի կարող յուրացվել, կալցիումը, սակայն այս մասին՝ ավելի ուշ։
Ծանուցում․ նյութը կրում է ընդհանուր տեղեկատվական բնույթ և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։
Աղբյուրը՝ Դեվիդ Պերլմուտեր, Քրիստին Լոբերգ․ «Սնունդն ու գլխուղեղը․ ինչպե՞ս են ածխաջրերն ազդում առողջության, մտածողության և հիշողության վրա»
Պատրաստեց՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ