Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Աբրահամյան. «Այսօր երեւի միակ անհամեստ օրն է Սմբատի կյանքում, որ այսքան մարդ է հրավիրել»

Մարտ 10,2019 17:00

«Բոլոր պարագաներում պարկեշտ անձնավորություն: Անկախ նրանից, ինչ դիրք է գրավել, ինչ պաշտոններ է զբաղեցրել, կտրուկ որակական փոփոխություններ նկատելի չեն եղել՝ սկսած ռազմի դաշտից մինչեւ բարձր պաշտոններ զբաղեցնելը: Եվ այդ ամենի հետ միասին պետական շահի բարձր գիտակցություն»,- Aravot.am-ի հետ զրույցում իր զինակից ընկերոջը՝ Սմբատ Այվազյանին այսպես է բնութագրում նախկին ոստիկանապետ, Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը: Այսօր Եռաբլուր պանթեոնում, որտեղ հուղարկավորված է Արցախյան պատերազմի հերոսը, ընտանիքը, ընկերները նշեցին Սմբատ Այվազյանի ծննդյան 60-ամյակը:

Սուրեն Աբրահամյանի խոսքով, այդպիսի ճանապարհ անցած մարդու համար նույնիսկ զարմանալի է եղել, որ կարողացել է պետական շահի կարեւորությունն այդպես գնահատել. «Այդքանով հանդերձ շատ համեստ անձնավորություն: Այսօր երեւի միակ անհամեստ օրն է, իր կյանքում, որ այսքան մարդ է հրավիրել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ի հարցին, թե նոր սերունդ ինչպիսի վերաբերմունք ունի հերոսներին, նրանց կատարած սխրանքներին, Սուրեն Աբրահամյանն ի պատասխան ասաց, որ սերունդը կփոխվի, բայց, երբեք չի կարելի սերունդների միջեւ այս հարցով հակասություն տեսնել. «Մի պահ, ոնց որ թե լինում էր, բայց հետո խելքի եկան, որ այդպես չի կարելի»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ափսոսում է, որ Սմբատ Այվազյանը շուտ լքեց իր ընկերներին, հարազատներին: Ասաց, որ ինչպես Վազգեն Սարգսյանի, պատերազմ անցած ազատամարտիկների, Սմբատ Այվազյանի հիմնական նպատակն էլ եղել է անկախ հանրապետության ձեւավորումը. «Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական անկախությունը: Ռազմական անկախության համար տղաները իրենց ուժերի չափով պայքարեցին եւ, բարեբախտաբար, այսօր մեր զինված ուժերն այնպիսի դիրքեր ունեն, որ այդ դիրքային առավելություններով Ադրբեջանը չի կարողանում իր ուզածին հասնել»:

Զինակից ընկերների խոսքով, Սմբատ Այվազյանը մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների ու Արցախի պաշտպանության  մարտերին: Արցախյան պատերազմի մասնակից Գուրգեն Մելքոնյանի խոսքով, Սմբատը Տիգրան Մեծ ջոկատի անդամ է եղել: Կռվել է Շահումյանում,  Կարմիրի պաշտպանության հարցը նույնպես Սմբատ Այվազյանի վրա է դրված եղել. «Լաչինի միջանցքի լայնացման համար Սմբատ Այվազյանը ահռելի գործ է կատարել»:

Սմբատ Այվազյանը մասնագիտությամբ տնտեսագետ էր: 1991  թվականին եղել է Արցախի Շահումյանի շրջանի դատախազը, 1998 երկրապահ պատգամավորական խմբի նախագահ: Նույն թվականին նշանակվել է Հայաստանի Հարկային տեսչության պետ: 1999-2000 թվականներին զբաղեցրել է Պետական եկամուտների նախագահի պաշտոնը:

Եղել է «Հանրապետություն» կուսակցության հիմնադիրներից, ապա քաղաքական խորհրդի անդամ է ընտրվել:

2008-2009 թվականներին քաղաքական հայացքների համար դատապարտվել է: Մահացել է 2014 թվականին:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031