ԶԼՄ միջավայր
ԶԼՄ միջավայրը բազմազան է և ներառում է երկրում գործող ավելի քան 160 ավանդական լրատվամիջոցներ և ավելի քան 200 առցանց լրատվական կայքեր: Մինչ հեռուստատեսությունը քաղաքական տեղեկատվության հիմնական աղբյուրն է, հատկապես մայրաքաղաքից դուրս, առցանց լրատվական կայքերն ու սոցիալական ցանցերը, մասնավորապես Ֆեյսբուքը, հանդիսանում են քաղաքական լրատվության և բանավեճի նշանակալի հարթակներ: Ըստ ԺՀՄԻԳ ԸԴԱ մի շարք զրուցակիցների, տեղական հեռարձակողների զարգացումը մնում է որոշ չափով մտահոգիչ, քանի որ թվայնացման ընթացիկ գործընթացում լիցենզավորման համակարգը համարվում է վիճահարույց:
Գովազդային շուկան սահմանափակ է, և միայն մի քանի ինքնաբավ լրատվամիջոցներ կան, ուստի դրանց մեծ մասը կախված է տարբեր տեսակի արտաքին աջակցություններից: Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը չի պահանջում լրատվամիջոցների սեփականատերերի մասին ամբողջական տեղեկատվության բացահայտում: Ըստ բազմաթիվ ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցների՝ մեծ թվով համապետական մասնավոր լրատվամիջոցներ սերտորեն փոխկապակցված են քաղաքական կուսակցությունների հետ, այդ թվում՝ ֆինանսապես, ինչը շատ արդյունավետ կերպով շրջանցում է այն օրենսդրական դրույթները, որոնցով քաղաքական միավորներին արգելվում է հեռարձակող ընկերություններ հիմնադրել և դրանց ծրագրային գործունեությանը հովանավորչության տեսքով միջամտել:
Միջոցներ պետք է ձեռնարկվեն լրատվամիջոցների սեփականության լիարժեք թափանցիկության ապահովման ուղղությամբ՝ սահմանելով վերջնական սեփականատերերի հստակ բացահայտման պահանջ: Լրատվամիջոցների սեփականատերերի և ֆինանսավորման աղբյուրների մասին ամբողջ տեղեկատվությունը պետք է հրապարակվի: Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից և սովորաբար ընկալվում է որպես կառավարամետ խմբագրական քաղաքականություն վարող ընկերություն: Միևնույն ժամանակ ԺՀՄԻԳ ԸԴԱ բազմաթիվ զրուցակիցներ այն դիտում են որպես մեդիա միջավայրի կարևոր բաղադրիչ և որակյալ ծրագրային հաղորդումների աղբյուր:
Բազմաթիվ ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցներ նշեցին, որ 2018թ. ապրիլից նկատելի է ԶԼՄ ազատության և բազմակարծության բարելավում: Այնուհանդերձ, ոմանք նշեցին նաև, որ այն, ինչ շատերն ընդհանուր առմամբ անվանում են «հետհեղափոխական» մթնոլորտ, մարտահրավերներ է ստեղծում անկախ քննադատական լրագրության համար, և որ հանրային դիսկուրսը նպաստավոր չէ կառավարության, և մասնավորապես գործող վարչապետի հասցեին քննադատությունների հարցում:
Իրավական դաշտ
Արտահայտման ազատությունը, որը երաշխավորվում է սահմանադրությամբ և օրենքներով, պահպանվել է քարոզարշավի ընթացքում: Զրպարտությունն ապաքրեականացվել էր 2010թ.-ին, և 2011թ. սահմանադրական դատարանի որոշումներից մեկը խրախուսում էր ոչ դրամական միջոցների կիրառումը, ինչպես օրինակ՝ հրապարակային ներողությունը և հերքումը: Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ բոլոր հեռարձակողները ընտրապայքարի մասնակիցների քարոզարշավի մասին իրենց եթերում ներկայացնեն «անկողմնակալ և դատողություններից զերծ տեղեկատվություն»: Ըստ օրենքի՝ ՀՌՀ-ն պաշտոնական քարոզարշավի ընթացքում մշտադիտարկում է բոլոր հեռարձակողներին:
Ողջունելի է, որ ՀՌՀ-ն լրատվական լուսաբանման վերաբերյալ օրենսդրական դրույթը մեկնաբանեց որպես պարտավորություն հեռարձակողների համար՝ ընտրապայքարի մասնակիցներին հավասար հնարավորություններ տրամադրելու, յուրաքանչյուրին հավասար տևողությամբ լուսաբանման ժամանակ հատկացնելու փոխարեն: Դրա արդյունքը եղավ քարոզարշավի առավել բազմազան լուսաբանումը: ՀՌՀ-ն իր կողմից իրականացնում է ԶԼՄ մշտադիտարկում: Այն սակայն կենտրոնանում է միայն քանակական վերլուծության վրա, առանց գնահատելու կոնտենտի տոնայնությունն ու այլ ասպեկտները: Բացի այդ, մշտադիտարկվող հեռարձակողների եթերի մասին տվյալները տրամադրվել են հենց իրենց՝ հեռարձակողների կողմից և միայն հազվադեպ են ստուգվել ՀՌՀ-ի կողմից:
Օրենքի պահանջի համաձայն՝ ՀՌՀ-ն հրապարակել է երկու մշտադիտարկման զեկույց, մեկը ընտրությունների օրվանից առաջ, իսկ մյուսը՝ հետո (դեկտեմբերի 5-ին և 13-ին): ՀՌՀ զեկույցները ԶԼՄ կանոնակարգումների որևէ խախտում չեն արձանագրել: Կարելի է դիտարկել ՀՌՀ-ի՝ քաղաքական լուսաբանման ամբողջական և անկախ մոնիթորինգ իրականացնելու կարողությունների զարգացման հնարավորությունը, այդ թվում՝ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում: Ինչպես նշված է ԺՀՄԻԳ-ի նախկին հանձնարարականներից մեկում, կարելի է նաև դիտարկել մեթոդոլոգիայի զարգացման հնարավորությունը՝ թույլ տալու ամենօրյա որակական և քանակական մշտադիտարկում՝ ներառյալ լուսաբանման տոնայնությունը:
Արտահերթ ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր մասնակից ուներ մինչև 30 րոպե անվճար եթերաժամանակի իրավունք Հանրային հեռուստաընկերությամբ և մինչև 60 րոպե՝ Հանրային ռադիոյով: Ինչպես պահանջվում էր օրենքով, նոյեմբերի 20-ին ԿԸՀ-ը վիճակահանությամբ իրականացրեց եթերաժամի բաշխում, իսկ հանրային հեռարձակողներն այն տրամադրեցին ընտրապայքարի բոլոր մասնակիցներին: Բոլոր կուսակցություններն ու դաշինքները, բացի Ազգային առաջընթաց կուսակցությունից, օգտվեցին նաև քաղաքական գովազդի համար եթերաժամանակ ձեռք բերելու իրենց իրավունքից և՛ հանրային, և՛ մասնավոր լրատվամիջոցներում:
ԶԼՄ մշտադիտարկման արդյունքներ
Նոյեմբերի 19-ին ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն սկսեց իրականացնել ԶԼՄ մշտադիտարկում՝ որակական և քանակական վերլուծությամբ: Պաշտոնական քարոզարշավից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում ԶԼՄ կողմից քաղաքական զարգացումների լուսաբանման նկատելի տարբերություններ կային, այն առումով, որ նախքան քարոզարշավի մեկնարկը որոշ հեռարձակողներ տարբեր քաղաքական հաղորդումներում ակնհայտ նախապատվություններ էին ցուցաբերում (Կենտրոն հեռուստաընկերություն, Երկիր Մեդիա): Պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո բոլոր մշտադիտարկվող հեռարձակողները զգալիորեն կրճատեցին կառավարության ու գործող վարչապետի լուսաբանումը:
Մասնավորապես հանրային Հ1 հեռուստաընկերությամբ կառավարության լուսաբանումը 79 տոկոսից իջավ 18 տոկոսի՝ տոնայնության առումով մնալով բացառապես դրական կամ չեզոք: Իշխանությունները պետք է շարունակեն նպաստել հանրային լրատվամիջոցների խմբագրական անկախությանը և խթանեն քաղաքացիների համար անկողմնակալ, քննադատական և վերլուծական քաղաքական տեղեկատվության և ծրագրերի հասանելիությունը՝ այդ թվում այն դեպքերում, երբ լուսաբանվում է պետական պաշտոնյաների գործունեությունը: Ի հավելումն դրա, կարող է դիտարկվել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացման հնարավորությունը:
Տարբեր տիպի քաղաքական հաղորդումները, այդ թվում՝ քաղաքական ծրագրերի ու քարոզարշավային թեմաներին նվիրված քննարկումները, նպատակաուղղված էին կուսակցությունների ու դաշինքների մասին ընտրողներին տեղեկատվություն տրամադրելուն: Դրական է, որ Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակեց 11 բանավեճ, այդ թվում ուղիղ հեռարձակմամբ՝ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների ու դաշինքների առաջին համարների մասնակցությամբ բանավեճը:
Իշխանությունները կարող են դիտարկել հանրային հեռարձակողների համար նախընտրական քարոզարշավի շրջանում բանավեճեր կազմակերպելու պարտավորության սահմանում: Պաշտոնական քարոզարշավի ընթացքում մշտադիտարկվող ալիքների մեծ մասը տեսանելի ջանքեր էր գործադրում իրենց լրատվական թողարկումներում ընտրապայքարի բոլոր մասնակիցներին անաչառ կերպով լուսաբանելու համար՝ նպաստելով ընտրողների՝ գիտակցված ընտրություն կատարելու համար հասանելի տեղեկատվության բազմազանությանը: Հանրային Հ1 հեռուստաընկերությունը բոլոր մասնակիցներին ներկայացրել է հավասարակշիռ ձևով՝ յուրաքանչյուրին տրամադրելով 6-ից 7 տոկոս բացառապես դրական կամ չեզոք տոնայնությամբ լուսաբանում:
Մասնավոր Արմենիա հեռուստաընկերությունը 6-ից 9 տոկոս եթերաժամ է հատկացրել ՔՈ-ին, ՔԺՎԿ-ին, «Իմ քայլը» դաշինքին, ԱԱԿ-ին, ՕԵԿ-ին և ՀՀԿ-ին, և 1-ից 3 տոկոս՝ մյուս մասնակիցներին: Շանթ հեռուստաընկերությունը 13 տոկոս հավասարակշիռ տոնայնությամբ լուսաբանում է տրամադրել ՀՀԿ-ին ՝ յոթ այլ մասնակիցների (ՀՅԴ, ԼՀԿ, ՔՈ, «Իմ քայլը» դաշինք, ԲՀԿ, ՕԵԿ և «Մենք» դաշինք) տրամադրելով 7-ից 9 տոկոս: Այս երկու մասնավոր ալիքներով էլ տոնայնությունը հիմնականում դրական կամ չեզոք է եղել, թեև «Իմ քայլը» դաշինքի և ՀՀԿի հասցեին նաև որոշ քննադատական արտահայություններ են հնչել Շանթ հեռուստաընկերությունով:
Այնուհանդերձ, կոնկրետ կուսակցությունների հետ փոխկապակցված լրատվամիջոցները նախապատվելի վերաբերմունք են ցուցաբերել ընտրապայքարի համապատասխան մասնակիցների նկատմամբ: Օրինակ՝ Երկիր Մեդիան 23 տոկոս բացառապես դրական կամ չեզոք լուսաբանում է տրամադրել ՀՅԴ-ին՝ 10-ից 13 տոկոս տրամադրելով ԼՀԿ-ին, «Իմ քայլը» դաշինքին և ՀՀԿ-ին՝ հիմնականում չեզոք տոնայնությամբ: Այդ կերպ նաև Կենտրոն հեռուստաընկերությունը ԲՀԿ-ին 15 տոկոս մեծամասամբ դրական տոնայնությամբ լուսաբանում է տրամադրել՝ ԼՀԿ-ին, «Իմ քայլը» դաշինքին, ՍԾՀԿ-ին և ՀՀԿ-ին տրամադրելով 9-ից 12 տոկոս հիմնականում չեզոք լուսաբանում: Նույն կերպ, «Իմ քայլը» դաշինքն ունեցել է 45 տոկոս հիմնականում դրական լուսաբանում Հայկական Ժամանակ թերթում, որի հետ այն փոխկապակցված է, մինչ ՀՀԿ-ն ստացել է 21 տոկոս մեծամասամբ բացասական տոնայնությամբ լուսաբանում:
Առցանց լրատվամիջոցներն ավելի մեծ ուշադրություն են դարձրել «Իմ քայլը» դաշինքին գրավոր հրապարակումներում՝ դաշինքը ներկայացնելով առավելապես դրական կամ չեզոք տոնայնությամբ և հնչեցնելով մի շարք քննադատական արտահայտություններ, մինչ հաջորդ ամենաշատ լուսաբանվող մասնակիցների մասին տվյալները տարբեր լրատվամիջոցներում տարբեր էին: Մշտադիտարկվող առցանց լրատվամիջոցների տեսանյութային կոնտենտում նույնպես մեծամասամբ լուսաբանվել են «Իմ քայլը» դաշինքի հրապարակած տեսանյութերը, առցանց հեռարձակումներն ու այլ նյութերը: