Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական դաշտը պետք է բարեփոխվի՝ սահմանելով քարոզարշավային բոլոր մուծումների ու ծախսերի մասին հաշվետվություն ներկայացնելու պահանջ․ ԺՀՄԻԳ զեկույց

Մարտ 10,2019 13:30

Նախընտրական հիմնադրամը կարող է ներառել դրամական մուծումներ և ապրանքներ ու ծառայություններ ընտրողներից, թեկնածուներից և քաղաքական կուսակցություններից: Մուծումները իրավաբանական անձանցից, օտարերկրյա և անանուն աղբյուրներից չեն թույլատրվում: Օրենքը նախընտրական ծախսերի նկատմամբ կիրառում է առավելագույն շեմ՝ 500 մլն ՀՀԴ չափով (մոտ 910.000 եվրո) յուրաքանչյուր կուսակցության և դաշինքի համար: ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցների մեծ մասն այդ շեմը համարել է ողջամիտ:

Լրատվամիջոցներով, հանրային միջոցառումների և տպագիր նյութերի միջոցով իրականացվող քարոզչության ծախսերը պետք է կատարվեն նախընտրական հիմնադրամից: Միևնույն ժամանակ կազմակերպչական ծախսերը, ինչպես օրինակ գրասենյակային տարածքների, փոխադրման, հաղորդակցության ծախսերը և քարոզչական թիմի աշխատակիցների վճարները, կարող են կատարվել այլ աղբյուրներից և չներառվել քարոզարշավի ֆինանսական հայտարարագրերում, եթե նույնիսկ կատարվել են պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածում: Նույնիսկ հայտարարագրում ներառվելու դեպքում այդպիսի ծախսերը չեն մտնում քարոզչական ծախսերի առավելագույն շեմի մեջ:

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն տեղեկություններ է ստացել տարբեր ընտրական շահառուներից, այդ թվում անձամբ թեկնածուներից, որ սեփական քարոզարշավն ուղղակիորեն ֆինանսավորելով՝ որոշ թեկնածուներ շրջանցել են իրենց առաջադրող կուսակցության կամ դաշինքի հիմնադրամները, ինչը հակասում է օրենքին: Բազմաթիվ ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցներ նաև ընդունեցին, որ առկա օրենսդրական բացերը կարող են շահագործվել ֆինանսական թափանցիկության սկզբունքները շրջանցելու նպատակով, ինչն իր մեջ պարունակում է քարոզարշավի հավասար պայմանների խաթարման վտանգ:

Օրենքի պահանջի համաձայն՝ ընտրապայքարի բոլոր մասնակիցները քարոզարշավի ֆինանսավորման միջանկյալ և վերջնական հայտարարագրեր են ներկայացրել ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն (ՎՎԾ), որը պատասխանատու է քարոզարշավի վերահսկման համար: Հայտարարագրերը ներառել են նախընտրական հիմնադրամների մուծումների գումարները, քարոզչական ծախսերը և չօգտագործված միջոցները: Ի հավելումն դրա՝ երեք աշխատանքային օրը մեկ Կենտրոնական բանկը ՎՎԾ-ին ամփոփ տեղեկանք է ներկայացրել ընտրապայքարի բոլոր մասնակիցների հիմնադրամներով կատարված գործարքների մասին: ՎՎԾ-ն քարոզարշավի ֆինանսավորման հայտարարագրերը հրապարակել է ԿԸՀ կայքէջում, ինչպես նաև ամփոփ տեղեկանքներ է ներկայացրել յուրաքանչյուր կուսակցության / դաշինքի մուծումների և ծախսերի ընդհանուր գումարների մասին՝ դրանով նպաստելով ֆինանսական թափանցիկությանը:

Նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը ստացված և ծախսված միջոցների մասին հաշվետվություններ ներկայացնելու հստակ օրենսդրական պահանջներ չկան: ԺՀՄԻԳ ԸԴԱ շատ զրուցակիցներ ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ ընտրապայքարի որոշ մասնակիցներ քարոզչական նյութեր են ձեռք բերել նախքան նախընտրական հիմնադրամներ բացելը, ինչը պոտենցիալ անճշտություններ և անհամապատասխանություններ է ներմուծում ընտրապայքարի մասնակիցների հայտարարագրերի մեջ: Դա՝ կազմակերպչական ծախսերի մասին հաշվետվություն ներկայացնելու պահանջի բացակայության հետ մեկտեղ, սահմանափակում է հաշվետվությունների համակարգի արժանահավատությունը և քարոզարշավի հետ կապված իրական ծախսերի մասին ընտրական շահառուներին հասանելի տեղեկատվության թափանցիկությունը:

Ինչպես նշված է ԺՀՄԻԳ-ի նախկին հանձնարարականներից մեկում, իրավական դաշտը պետք է բարեփոխվի՝ սահմանելով քարոզարշավային բոլոր մուծումների ու ծախսերի մասին հաշվետվություն ներկայացնելու պահանջ՝ ներառելով կազմակերպչական և մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը կատարված ծախսերը: Նախընտրական հիմնադրամների մասին հայտարարագրերի ներկայացման ընթացակարգը սահմանված է ԿԸՀ-ի կողմից: Քարոզարշավի ֆինանսավորման մասին հաշվետվության գործընթացը դյուրացնելու նպատակով ՎՎԾ-ն ուղենիշեր է ներկայացրել ընտրապայքարի մասնակիցների մեծ մասին և նրանց հետ քննարկել կանոնակարգումները:

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն նկատել է, որ քաղաքական կուսակցությունների, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության մոտ առկա է սահմանափակ հետաքրքրություն քարոզարշավի ֆինանսավորման վերահսկման նկատմամբ: Մինչ ընտրապայքարի մասնակիցները պարտավոր են զեկուցել մուծումների և ծախսերի գումարների, ինչպես նաև ծախսերի կատարման նպատակների մասին, հանրային հայտարարագրերը չեն պարունակում որևէ տեղեկություն քարոզարշավի նվիրատուների մասին: ՎՎԾ-ն միայն ստուգում է, թե արդյոք մուծումներն ու ծախսերը օրենքով սահմանված սահմանաչափերի մեջ են, թե ոչ, և թե արդյոք ոչ նյութական նվիրատվությունների գնահատումը ճիշտ է, սակայն այն չի ստուգում, թե արդյոք դրանք ճշգրտորեն են արտահայտում քարոզարշավի իրական ֆինանսական միջոցները:

ՎՎԾ-ն ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին տեղեկացրեց, որ այն սովորաբար չի իրականացնում քարոզարշավի ֆինանսավորման աուդիտ սեփական նախաձեռնությամբ, սակայն կարող է ընտրապայքարի մասնակիցներից լրացուցիչ տվյալներ պահանջել, եթե տեղեկություններ է ստանում օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ: ՎՎԾ-ն նաև նշեց, որ իր աշխատակազմի թվի ավելացումը կնպաստեր իր վերահսկողական գործառույթի բարելավմանը: Դեկտեմբերի 15-ին, ֆինանսական հաշվետվությունների ներկայացումից երկու օր անց և ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից մեկ օր առաջ, ՎՎԾ-ն եզրակացրեց, որ քարոզարշավի ֆինանսավորման խախտումներ չեն արձանագրվել: Օրենսդիրն ու ԿԸՀ-ն պետք է հստակորեն սահմանեն ՎՎԾ-ի՝ ֆինանսական վերահսկման մանդատը և վերջինիս տրամադրեն անհրաժեշտ միջոցներ և մարդկային ռեսուրսներ՝ ապահովելու, որ ՎՎԾ-ն իրականացնի քարոզարշավի ֆինանսավորման պատշաճ վերահսկողություն:

 

2018 թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ի ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ԺՀՄԻԳ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ, ՄԱՍ 10 (Քարոզարշավի ֆինանսավորում)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031